Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ակնհայտ խախտում, ոտնձգություն մեր պետության և անկախության նկատմամբ. քարտեզագիր
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները. այս մասին նշված օրը հայտարարություն տարածեց ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Մայիսի 13-ի ՀՀ կառավարության նիստում էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք որակեց՝ ասելով. «Նրանք ունեն կեղծ քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմանից ներս, այդ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»։
2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության վերաբերյալ հաղորդագրություն տարածեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ընդգծելով. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ»:
Գեոդեզիստ, քարտեզագիր Շահեն Շահինյանն ընդգծում է՝ այս կեղծ քարտեզների հակափաստարկներն ու ապացույցները պետք է բերեն նրանք, ովքեր պայմանավորվածություն են ձեռք բերել՝ այս գործընթացն իրականացնելու համար:
«Այն, ինչ կատարվում է Սև լճի տարածքում՝ սահմանների ճշգրտման գործընթացի կոպտագույն խախտում է: Ես հիմա կդժվարանամ ասել, թե ինչ քարտեզներ են, դա կարող է լինել Մոսկվայի արխիվներում պահպանվող կամ երկու կողմերում պահպանվող քարտեզ: Միջազգայնորեն ճանաչված սահման տերմինը դա մանիպուլյացիա է, որևէ պետություն, երբ քո հետ հարաբերություն է հաստատում, ճանաչում է քո սահմանը, կնքվող փաստաթղթում չկան կոորդինատներ, նկարագրություններ:
Այսինքն, այդ հստակ սահմանը որևէ քարտեզում արտացոլված չէ, քանի դեռ չկա դեմարկացիա: Հայաստանի Հանրապետության սահմանը Ադրբեջանի հետ դե յուրե չկա: Եթե շարժվում են 1975 թվականի քարտեզով, դրա վրա առկա է Հայկական Սովետական Հանրապետության և ադրբեջանական Սովետական Հանրապետության սահման: Դրանք վարչական սահմաններ են, որոնք անկախացումից հետո պետք է վերածվեին դե յուրե պետական սահմանի, սակայն չեն վերածվել հայտնի պատճառներով: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո առաջացել է այդ անհրաժեշտությունը՝ ֆիքսել սահմանը: Շատ սարսափելի բարդ ու կարևոր գործ է սպասվում: Այդ գործընթացի արդյունքում է ֆիքսվելու Հայաստանի Հանրապետության սահմանը»,- մանրամասնեց քարտեզագիրը:
Շահեն Շահինյանի փոխանցմամբ՝ «ԷԼՄԱ» քարտեզագիրների թիմը, հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ հետազոտություն է անցկացրել այս հարցի վերաբերյալ՝ օգտագործելով հասանելի քարտեզագրական նյութեր։
«Այս քարտեզների ճշտությունը բավարարում է, որպեսզի մենք կարողանանք տեսնել, որ այդ հատվածում սահմանը անցնում է հենց Սև լճով, ոչ թե դրանից հարավ-արևմուտք ընկած հատվածքով: Համաձայն ունեցած նյութերի՝ Աև լճի մակերեսը կազմում է մոտ 177 հա։ Ադրբեջանական զինվորները Սև լճի հատվածից խորացել են Հայաստանի Հանրապետության տարածք 3-3,5 կմ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջանալու դեպքում տրամաբանական է, որ պետք է զբաղեցվեին բարձունքներ (բլուրներ, լեռներ), ապա ենթադրաբար հակառակորդը զբաղեցրել է Լերկասար լեռը (Дзагедзори Глух), որը գտնվում է Սև լճից 2-2,5 կմ հեռավորության վրա, կամ Ամլասեռ լեռը (խորհրդային տարիներին՝ անանուն), որը գտնվում է Սև լճից 3,5-3,8 կմ հեռավորության վրա։ Վերոնշյալ լեռներն ունեն ծովի մակարդակից գրեթե 3000մ բարձրություն։
Հաշվի առնելով այս հանգամանքները, ադրբեջանցիների զբաղեցրած տարածքները կարող է գերազանցել 17-25 քառ. կմ-ն։
Կարևոր է նշել, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, և սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ակնհայտ խախտում, ոտնձգություն մեր պետության և անկախության նկատմամբ: Մեր հակառակորդը նենգ է. նա սկզբում քեզ հետ պայմանավորվում է մի բան, անում է այլ բան: Չեմ բացառում, որ վաղը հայտարարեն՝ այլևս 1975թ․ քարտեզով չենք բանակցում, այլ մեկ ուրիշ, իրենց ձեռնտու քարտեզով: Որևէ փաստաթղթով ֆիքսված չէ, դա բանավոր պայմանավորվածություն է, որի դե ֆակտո երաշխավորը Ռուսաստանն է, բայց մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինվորները վերջին մի քանի օրն ուղղակի թքած ունեցան և՛ ռուսական, և՛ հայկական կողմի վրա ու արեցին այնպես, ինչպես ուզում էին»,- նշեց քարտեզագիրը։