Բնական է՝ եղել են խնդիրներ, որոնք ժամանակին չեն հասցրել լուծել․ այդ առումով՝ հասկանալի է, որ կան մեղադրանքներ. Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքների է գնում՝ հետապնդելով մի քանի նպատակ»,- 168.amի հետ զրույցում, անդրադառնալով վերջին միջադեպերին՝ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նա հիշեցրեց՝ մինչ այս ևս Ալիևն արդեն բավականին վտանգավոր և սադրիչ հայտարարություններ էր արել, իսկ այժմ շարունակում են իրենց պրովոկատիվ գործելաոճը՝ մի կողմից՝ հոգեբանական պատերազմի կոմպոնենտով, մյուս կողմից՝ փորձելով չափել մեր դիմադրողականությունը պատերազմից հետ։

Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մայիսի 13-ին ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, մատնանշելով ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածը՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Թե որքանով են համարժեք իշխանությունների գործողությունները ստեղծված իրավիճակին՝ հարցին ի պատասխան՝ իշխանական պատգամավորը պատասխանեց․ «Կարծում եմ՝ կառավարության երեկ կայացված որոշումները, միջազգային գործընկերների հետ այդ հեռախոսազրույցներն իսկապես կարևոր են։ Ինչպես վարչապետն էր նշել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ եթե ադրբեջանական կողմը հետ չգնա, մենք տարբեր սցենարներով առաջ ենք շարժվելու։

Եվ, բնականաբար, առաջին քայլը միջազգային ճնշման ուժեղացումն է, համապատասխան հայտարարությունները, ինչպես նաև, գիտեք՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի երկրորդ հոդվածով, և արդեն եռօրյա ժամկետում, եթե չեմ սխալվում՝ համապատասխան կոնտակտների միջոցով, Անվտանգության խորհրդի քարտուղարները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները կհասկանան ՀԱՊԿ-ի հետագա անելիքները։

Սա սցենարներից առաջինն է, արդեն Ադրբեջանի հետագա քայլերը ցույց կտան նաև մեր մյուս սցենարների կիրառման անհրաժեշտությունը․ Ադրբեջանը սադրել է, բայց, հասկանալով, թե ինչ փխրուն է տարածաշրջանում կայունությունը և նոյեմբերի 9-ին ձեռք բերված հայտարարությունը, մենք մաքսիմալ փորձում ենք բանակցային ճանապարհով լուծել այս միջադեպը և դուրս հրավիրել հակառակորդին մեր տարածքից»։

Ճշգրտմանը՝ այսինքն՝ եթե բանակցային ճանապարհով լուծում չլինի, հավանական եք համարում նաև ռազմական գործողությունների՞ սցենարը, նա արձագանքեց․ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել այս պահի դրությամբ, բայց ես կարող եմ ասել՝ նաև ելնելով վարչապետի հայտարարությունից, որ հայկական կողմի համար անընդունելի է ադրբեջանական զինվորների ներկայությունը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, և իրենք չեն կարող այդտեղ մնալ, և՝ հայկական կողմն ըստ հերթականության՝ կկիրառի համապատասխան գործիքակազմ ադրբեջանական կողմին մեր միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս ուղարկելու նպատակով»։

Իշխող թիմի անդամից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում նաև այս միջադեպի առնչությամբ իրենց թիմի հասցեին հնչող մեղադրանքներին, նշվող այն փաստարկներին, թե խաղաղասիրական կոչերն են հնչել, ոչ համարժեք քայլեր են ձեռնարկվել պատերազմից հետո դիրքերի կահավորման հարցով և այլն։

Ի պատասխան՝ նա նկատեց․

«Նախ կարող եմ ասել, որ ՀՀ-ում երբեք պետական մակարդակով ատելություն չի քարոզվել, և ես չեմ հասկանում՝ ինչ ասել է՝ խաղաղասիրական կոչեր արտահայտությունը․ հայկական կողմը պատերազմից առաջ միշտ կառուցողական դիրքերից է հանդես եկել, ցավոք սրտի, դա չի տվել ցանկալի արդյունքներ։ Ավելին՝ մենք ստացել ենք պատերազմ, որին փաստացի նաև պատրաստված չենք եղել, բայց այդքանով հանդերձ, հայկական կողմը, ընդհանուր առմամբ, երբեք պատերազմի, ռազմատենչության դիրքերից հանդես չի եկել և շատ ավելի կառուցողական է դիրքավորվել թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարաբերություններում։

Ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ բնականաբար, դրանց մի մասը կարող են օբյեկտիվ լինել, մի մասը՝ սուբյեկտիվ, նաև կահավորման հետ կապված՝ գիտեք, մեր խմբակցության պատգամավորներից էլ էին այդ հարցերը բարձրացրել, պարոն Միքայելյանն էլ էր դրա մասին խոսել Անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այսինքն՝ բնական է՝ եղել են խնդիրներ, որոնք ժամանակին չեն հասցրել լուծել․ այդ առումով՝ հասկանալի է, որ կան մեղադրանքներ, որոնք օբյեկտիվ են։ Ես այդ հարցերով պատասխանատու չեմ, բայց այդ խնդիրները նաև մեր թիմի պատգամավորների կողմից են բարձրաձայնվել։ Իսկ ընդհանուր առմամբ, բոլորս պետք է գիտակցենք, որ այստեղ իշխանության-ընդդիմության խնդիրը չէ․ ի վերջո, եթե առաջիկայում ամեն ինչ հաջող ստացվի, ընտրություններում թող քաղաքական ուժերը փորձեն, և հանրությունը չի ցանկանա ընտրել, կուզի այլ իշխանություն գա, այլ իշխանություն կընտրի։ Բայց երբ քո պետական սահմանների նկատմամբ ոտնձգություն է և արտաքին սպառնալիք, այդ դեպքում փոխադարձ մեղադրանքների ժամանակը չէ, այլ միասնական ճակատով հանդես գալու ժամանակն է։

Կգան նաև ավելի խաղաղ ժամանակներ, քիչ վտանգավոր, որտեղ կարելի է տարբեր մեղադրանքներ հնչեցնել, տարբեր դրդապատճառներով, բայց այս փուլում ինձ համար շատ հատկանշական և կարևոր է, որ քաղաքական ուժերը հանդես գան ավելի միասնական դիրքերից՝ այն տեսանկյունից, որ պետական և անվտանգային շահին է սպառնալիք, և այդ սպառնալիքն Ադրբեջանից է գալիս։ Չգիտակցել, թե ինչ պետության հետ գործ ունենք, և ինչ քաղաքականություն են իրենք որդեգրել՝ կարծում եմ, ուղղակի հանցագործություն է»։

Դիտարկմանը, թե նշում եք «չգիտակցել, թե ինչ պետության հետ գործ ունենք», բայց Փաշինյանն ինքն էր ժամանակին Ալիևին «կառուցողական» մարդ համարել, և հարցին՝ արդյո՞ք այդ պահին մեր երկիրը ղեկավարող անձը ճիշտ, համարժեք է գնահատել թշնամի պետության ղեկավարին, պատգամավորն արձագանքեց․

«Գիտեք, այնքան պարզունակ եմ այդ քննարկումը համարում, այսինքն՝ ինչ-որ մեկի անձը վիրավորելով կամ վատ ածականներ կպցնելո՞վ են ավելի լավ կերպարով հանդես գալիս․ հիմա, որ Ալիևն առավոտից երեկո ինչ ասես չի անվանում հայ ժողովրդին, դրանով ինքը շահո՞ւմ է, կամ ինչ-որ բաների՞ է հասնում»։

Մեր զրուցակիցը համոզված է՝ այստեղ նաև պետք է դիտարկել երկու պետությունների որդեգրած քաղաքականությունների քաղաքակրթական ու փիլիսոփայական տարբերությունը, ապա վստահեցրեց, որ չի հիշում, որ մեր երկրում եղած լինեն ղեկավարներ, որոնք վիրավորած լինեն Ալիևի անձը կամ Ադրբեջանի ժողովրդին և դրանով ինչ-որ հաջողության հասած լինեն։

«Մեր պետությունում նման ղեկավարներ չեն եղել, ի վերջո, և դրանով չեն հարցերը լուծվում․ հարցերն այլ ձևով են լուծվում, հարցերը հզորանալով են լուծվում, դասեր քաղելով են լուծվում, գաղափարախոսություն մշակելով են լուծվում՝ ոչ թե ինչ-որ ղեկավարներին վիրավորելու հաշվին։ Դրա համար կարծում եմ՝ պարզունակ քննարկումներից պետք է դուրս գալ և ավելի ճիշտ գիտակցել, թե ինչ է կատարվում, և ուր ենք գնում»,- ամփոփեց Տաթևիկ Հայրապետյանը, սակայն մոռանալով նշել, օրինակ, թե հիշո՞ւմ է մեր երկրի որևէ ղեկավարի, որը թշնամի երկրի առաջնորդին կկոչեր «կառուցողական» և «կիրթ»։

Տեսանյութեր

Լրահոս