ՍԴ որոշման և «Իմ քայլ»-ի՝ ՍԴ-ն լուծարելու նախագծի համընկնումները. ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հատուկ կարծիքը
Օրեր առաջ 168.am-ը ներկայացրել էր 2021թ. ապրիլի 29-ին կայացրած ու մայիսի 3-ին ՍԴ կայքում հրապարակված Սահմանադրական դատարանի՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1590 որոշումը:
Այդ որոշմամբ բարձր դատարանը որևէ հակասահմանադրական տարր չէր նկատել իշխող ուժի՝ 2020 թվականի հունիսին Սահմանադրական դատարանը լուծարելու գործողություններում:
Հիշեցնենք, որ մոտ 10 ամիս առաջ իմքայլականները, օրենքներ շրջանցելով ու կարգավորումներ փոխելով, հասան նրան, որ ՍԴ դատավորների պաշտոնից ազատվեցին արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, ազատվեին պաշտոնից, մյուս 4 դատավորի պաշտոնավարման ժամկետը կրճատվեց, իսկ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ, դադարեցվեցին:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում արդեն հրապարակված են որոշման վերաբերյալ ՍԴ 5 դատավորների՝ Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի ու Արևիկ Պետրոսյանի հատուկ կարծիքները: Երեկ անդրադարձել էինք Վահե Գրիգորյանի՝ համընկնող հատուկ կարծիքին, ինչպես նաև ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի հատուկ կարծիքին, որով վերջինս արձանագրել էր, որ պատգամավորների ներկայացրած դրույթները սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց դրույթներ են:
Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ հիշյալ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասին վերաբերող իր հատուկ կարծիքում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ն լուծարելու իմքայլականների նախագիծը մինչ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեր բարձր դատարան՝ դրա սահմանադրականության վերաբերյալ կարծիք ստանալու համար, և այն փաստին, թե իշխող իմքայլականները դեմ էին քվեարկել այդ նախագծի՝ ՍԴ ուղարկելուն, արձանագրել է, որ այդ քվեարկությանը պետք է հաջորդեր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելը, և ոչ թե՝ դրվեր երկրորդ ընթերցմամբ քննարկման:
Ըստ Խաչատրյանի՝ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ քննության առարկա խնդրի վերաբերյալ այնպիսի հարցադրումներ է դրել իր առաջ, որոնք Սահմանադրության տրամաբանությանը հակասող են, ու կարծիք է հայտնել, թե ՍԴ-ն սույն գործի էական նշանակություն ունեցող հարցադրումների շրջանակում առաջնորդվել է «ոչ թե ԱԺ կանոնակարգի նորմերի սահմանադրականության որոշման սկզբունքով, այլ ԱԺ կանոնակարգի վիճարկվող նորմերի հիմնավորվածության կանխավարկածով»:
«ՍԴ-ն առաջնորդվել է ոչ թե Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի սահմանադրականության որոշման սկզբունքով, այլ Ազգային Ժողովի կանոնակարգի վիճարկվող նորմերի հիմնավորվածության կանխավարկածով»,- նշված է Աշոտ Խաչատրյանի հատուկ կարծիքում:
Ըստ Խաչատրյանի՝ այդ որոշման պատճառաբանական մասի կարգավորումների հիմքում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված՝ ՍԴ որոշումներին ներկայացվող պահանջները:
Բարձր դատարանի դատավորն իր հատուկ կարծիքում մի հետաքրքիր բացահայտում է արել: Աշոտ Խաչատրյանն ուշադրություն է հրավիրել որոշման պատճառաբանական մասում օգտագործված այնպիսի եզրույթների ու բառակապակցությունների վրա, ինչպիսիք են «Սահմանադրական դատարանի ժողովրդավրդավարական լեգիտիմության բարձրացման գործոն», «Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության աստիճան», «սահմանադրական արդարադատությունը ՍԴ դատավորների անհատական շահին ծառայեցնելու մտահոգությամբ», «Սահմանադրական դատարանի անկախությունը քաղաքական իշխանությունից», «Սահմանադրական դատարանը՝ որպես սահմանադրականության անկախ և անկողմնակալ պահապան», և որոնք, ըստ Խաչատրյանի, ունեն գնահատման կարիք, և կա դրանց իրավական բովանդակությունն ու նշանակությունը բացահայտելու անհրաժեշտություն: ՍԴ դատավորը նկատել է, որ դրանց մի մասը, գուցե ինչ-որ զուգադիպությամբ, օգտագործվել են 2020թ. հունիսի 19-ին շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման հիմնավորումներում և հարակից փաստաթղթերում:
Անդրադառնալով ՍԴ որոշման մեջ առկա Սահմանադրության փոփոխությունների նախագծերի սահմանադրականության պարտադիր նախնական վերահսկողության ինստիտուտին ու որոշման մեջ առկա ձևակերպմանը, որ եթե նախագիծը բերվեր ՍԴ, ապա կարող է առաջանալ բախում ՍԴ դատավորների և նախագծի ընդունմամբ հետապնդվող շահերի միջև, քանի որ նախագիծն ուղղված էր ՍԴ 3 դատավորի պաշտոնից հեռացնելուն, 1 դատավորի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելուն, և ևս 4 դատավորի՝ պաշտոնավարման ժամկետի նվազեցման, հետևաբար՝ կիրառվել է «ողջամիտ բացառությունը», Աշոտ Խաչատրյանը նշել է, որ նույն տրամաբանությամբ կարող էր բախում առաջանալ նաև Սահմանադրության 2020թ. փոփոխություններից հետո ձևավորված ՍԴ նոր կազմի սուբյեկտիվ շահերի և սույն որոշման ընդունմամբ հետապնդվող շահերի միջև:
ՍԴ դատավորի դիտարկմամբ՝ «ողջամիտ բացառության» կանոնի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները չեն բխում Սահմանադրության 6-րդ, 162-րդ, 167-րդ հոդվածների բովանդակությունից:
Սահմանադրական դատարանի որոշման 5.14 կետում առկա այն դիտարկմանը, թե «Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ», Աշոտ Խաչատրյանը համակարծիք չէ:
«ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների հրապարակումը չի կարող վերապահվել Ազգային ժողովի նախագահին, քանի որ ԱԺ լիազորությունները սահմանվում են միայն Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրությամբ ԱԺ լիազորություների համատեքստում ԱԺ նախագահին Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունների և օրենքի ստորագրման և հրապարակման լիազորություններ վերապահված չէ, բացառությամբ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի»,- նշված է ՍԴ դատավորի հատուկ կարծիքում:
Արդյունքում՝ Աշոտ Խաչատրյանը՝ որպես իր հատուկ կարծիքի եզրափակիչ մաս՝ արձանագրել է.
«Ամփոփելով՝ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 86-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 86-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչելու Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 88-րդ հոդվածի 4-րդ մասին, 168-րդ հոդվածի 2-րդ կետին, 168-րդ հոդվածի 2-րդ մասին, 202-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»: