«Երեկ իշխանությունն ու նրա առաջնորդը հուսահատ տեսք ունեին, այդ նիստը հրաժեշտ էր». Արա Սահակյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հատուկ նիստին և հնչած ելույթներին՝ կարծիք հայտնեց, որ դա հրաժեշտի ցերեկույթ էր:
«Երեկ իշխանությունն ու նրա առաջնորդը խամրած և հուսահատ տեսք ունեին, չկա այլևս նախկին էնտուզիազմը, և դա լավ է, դա նշանակում է, որ իրենց մեջ մարդկային ինչ-որ բան պահպանվել է, որովհետև այսպիսի պարտությունից հետո անառակություն կլիներ լինել ցինիկ, լինել շատ ինքնավստահ և չզգալ պատասխանատվության բեռը: Ես երեկ տեսա պատգամավորների, որոնք շատ տխուր տպավորություն թողեցին, հուսահատ: Երեկվա այդ նիստ-ցերեկույթը հրաժեշտ էր, վերջին զանգն էր, պետք է նայենք առաջ»,- ասաց Սահակյանը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ առաջ նայելիս տեսնում ենք, որ այս իշխանությունն ի զորու չէ իր սխալներն ընկալել, քանի որ երեկ ամբողջ նիստի ընթացքում խոսել են իրենց ձեռքբերումների մասին, չանդրադառնալով Արցախի խնդրին և պատերազմին, ինչն էլ պատճառ է դարձել իրենց հրաժարականի պահանջի:
«Դուք ծնկաչոք գնացիք արտահերթ ընտրությունների, որովհետև առաջին հերթին դուք այլևս չեք հավատում ձեր լեգիտիմությանը, հարգելի իշխանություն, եթե դուք վստահ լինեիք ձեր երեկվա ասածներին, որ իսկապես պայծառ կյանք եք պարգևել մեզ, ապա դուք սխալ եք արել, կոպտագույն սխալ եք արել, որ գնում եք արտահերթ ընտրությունների, այստեղ էլ են կեղծում: Մի ձեռքով անում են մի բան՝ հրաժարական են տալիս, մյուս ձեռքով ասում են, որ աննախադեպ հաջողություններ ենք ունեցել, դե հիմա էս երկու պնդումները եկեք հաշտեցնենք»,- ասաց Սահակյանը:
Նա պնդեց, որ արտահերթ ընտրությունների գնալն ամենևին էլ իշխանության մեծահոգության դրսևորումը չէ, այլ վերջին շանսը՝ խաղաղ հեռանալու:
«Հարգելի ժողովուրդ, գնացե՛ք ում ուզում եք ընտրեք, բացի դրանցից, ում ուզում եք… Շատերն ասում են՝ մենք նրան ճանաչում ենք, նա հեշտությամբ չի գնա, մի անգամ ասել եմ՝ մոլլեն էլ մզկիթ չէր գնում, խելոք կգնա, շատ խելոք»,- ասաց Սահակյանը:
Քաղաքական գործիչը վստահեցնում է՝ գործող իշխանությունը պետության, իշխանության մասին «քարանձավային պատկերացումներ» ունի և չի գիտակցում, որ իր առաջին խնդիրը երկրի անվտանգությունը պահպանելն է:
«Ի՞նչ եք «նաղլ» կարդում, ի՞նչ եք երգում, գնացեք Բաթումի ռեստորաններում լսեք ձեր մասին ադրբեջանական երգերը»:
Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ այս ընտրություններում էլ օգտագործել «նախկինների» մասին թեզերը, Սահակյանը պատասխանեց, որ մարդկանց համար հեշտ է մտածել, որ իր բոլոր անհաջողությունների համար այլ մարդիկ են մեղավոր:
«Իմ ընկերը պատմում է, որ գյուղացիները Մարտունու շրջանի մի գյուղում նստած խոսում են, որ ՀՀՇ-ն եկավ թալանեց, ՀՀԿ-ն եկավ թալանեց, Քոչարյանի իշխանության ժամանակ թալանեցին, բայց ոչ ոք իրեն հարց չի տալիս՝ «բարեկամ, մեր գյուղի գյուղապետը մեր դասարանցին էր, մեր բարեկամն էր, խնամին էր, գնացել ասել ենք՝ հարգելիս, գյուղի բյուջեն օգտագործիր գյուղի կարիքների համար, մի շռայլիր, անիմաստ ծախսեր մի արա, ամեն ինչ քո տուն մի տար, մարդիկ կարիքներ ունեն, գյուղը խնդիրներ ունի՝ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման անխափանության խնդիր ունի, ճանապարհի խնդիր ունի», ի՞նչ է, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքից բռնած եկել են էդ գյուղ, գյուղապետին ասել են՝ փողերը հավաքի, տուր տանենք կիսենք իրար մե՞ջ: Այսպես մտածելը հեշտ է, ինչո՞ւ են այդքան մարդիկ հավատում՝ «թալան», «նախկին», այդպես իրենք իրենց պատասխանատվությունից են փախչում: Իրենց հոռի բարքերը գցում են ուրիշի վրա, բա եթե չլիներ Սերժ Սարգսյանը, մենք ավելի բոյով ու գանգրահեր կլինեինք»,- ասաց Սահակյանը: