Եթե միակողմանի միջանցք բացվի, նշանակում է՝ մենք կորցնելու ենք մեր սուվերենությունը Մեղրու, եթե ոչ՝ ավելի մեծ տարածքի վրա․ Քաղաքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ պնդել է՝ 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որն իրենց բաժանում է Նախիջևանից, կբացվի: Ավելին՝ նա վստահեցրել է՝ հարցը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է: Ի դեպ, ինչպես նախկինում, այս անգամ ևս Ալիևը շեշտել է՝ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այս հարցը քննարկում է ռուսական կողմի հետ։

«Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգելանի միացումը մեր հինավուրց հողին՝ արևմտյան Զանգեզուրին, այնուհետև՝ Օրդուբադի միջոցով Նախիջևանին և Թուրքիային, լինելու է մեր հաջորդ պատմական ձեռքբերումը»,- նշել է Բաքվի բռնապետը։

168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս միջանցքի շուրջ տեղի ունեցող քննարկումներին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն առանձնացրեց երկու դրվագ․ «Առաջինը՝ այդ միջանցքը միջազգային շրջանառության մեջ մտնում է Զանգեզուր անվանումով, այսինքն՝ ադրբեջանական անվանումով, այլ ոչ թե՝ Սյունիքի միջանցք կամ Մեղրիի միջանցք, և Ադրբեջանի նախագահն ասում է, որ դա Արևելյան Զանգեզուրն է»։

Հիշեցնելով Մակեդոնիայի դեպքում՝ անվանման շուրջ Հունաստանի և Մակեդոնիայի միջև վեճերը՝ քաղաքագետը նկատեց, որ ադրբեջանական անվանումը շրջանառության մեջ է դրվել նաև Հայաստանում, մինչդեռ  այն «տարածքային պահանջ է իր մեջ ներկայացնում»։

«Հաջորդ կարևոր պահը․ ինքն ասում է՝ քանի որ երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանի հետ է բանակցություն վարում, սակայն երկաթուղին կազմակերպություն է, իսկ տարածքը հայկական է։ Այսինքն՝ երկաթուղի բացելու համար պետք է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ խոսել՝ անկախ նրանից, թե երկաթուղին ում է պատկանում։ Մենք այստեղ նույնպես տեսնում ենք, որ Հայաստանը հասել է մի վիճակի, որի հետ նույնիսկ բանակցություններ չեն վարում։ Սա է մեր  գործող իշխանության գնահատականը, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում։

Եվ նորից հիշենք, որ Հայաստանի մի մասից մյուս մասը գնալով՝ Հայաստանի վարչապետը գնում է ռուսական դրոշի ներքո (Կապանի ճանապարհն անցնելիս)․ սա նույնպես շատ կարևոր պահ է և նույնպես ցույց է տալիս, թե Հայաստանն այսօր իրենից ինչ է ներկայացնում»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Արդյոք միջանցքի շուրջ պայմանավորվածություն կա՞, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան՝ նա նշեց․  «Ըստ Հայաստանի գործող վարչապետի բազմաթիվ հայտարարությունների՝ իրենք համաձայնել են, ուղղակի դեռ որոշակի առևտրի խնդիրներ կան, նաև, որքանով ես եմ հասկանում,  չնայած ուղղակիորեն դա չի ասվել՝ նաև Նախիջևանով դեպի Ջուղա անցնող երկաթուղու մասին է խոսքը, որ դա էլ պետք է բացվի, և այլն։ Այսինքն՝ նման պրոցեսներ են գնում, բայց նման պրոցեսներից մենք տեղյակ ենք լինում Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարների»։

Անդրադառնալով միջանցքի հնարավոր բացմանը հաջորդած աշխարհաքաղաքական հետևանքներին, տարածաշրջանում և հատկապես Հայաստանում ազդեցությանը՝ Ս․ Դանիելյանը նկատեց՝ ականատես կլինենք էքսպանսիայի․ «Էքսպանսիան ոչ միայն Հայաստանով է լինելու, այլև թուրքական և ադրբեջանական էքսպանսիան շարունակվելու է դեպի Միջին Ասիա, և հնարավոր է՝ Թուրքմենստանի գազը Կասպից ծովով գա Մեղրի միջանցքով, նոր նավթատարներ լինեն, և այլն։

Եվ այս պարագայում, եթե հանկարծ  որևէ դեպք արձանագրվի,  վթար լինի, որը, ենթադրվի, որ հայերն են արել, և այլն, Թուրքիան և Ադրբեջանը կարող են զորք մտցնել իրենց սեփականությունը պաշտպանելու համար։ Այստեղ կարևոր է՝ եթե լինի հակառակ միջանցքը՝ Իրանից դեպի Հայաստան,  Սև ծով, Ռուսաստան և այլն, այստեղ սրանք իրար կհակակշռեին, և մյուս երկրները նույնպես կարող էին միջամտել, որովհետև սա արդեն իրենց շահերին է վերաբերում։ Այսինքն՝ եթե միակողմանի միջանցք բացվի, նշանակում է՝ մենք կորցնելու ենք, ըստ էության, մեր սուվերենությունը Մեղրու, եթե ոչ՝ ավելի մեծ տարածքի վրա»։

Այս իշխանության պարագայում հավանակա՞ն է, որ հիշյալ միջանցքը համակշռվի այլ միջանցքով՝ հարցի պատասխանը քաղաքագետը չհնչեցրեց՝ նկատելով․ «Անկեղծ ասած, ես այստեղ իշխանություն չեմ տեսնում»։

Ստեփան Դանիելյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է  նոր ղեկավար, որը հասկանալի քաղաքականություն կվարի՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ՝ միջազգային հանրության համար․ «Հիմա ոչ մի բան հասկանալի չէ»։

Նկատենք՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարություններին, մասնավորապես՝ միջանցքի հարցը ուժով լուծելու սպառնալիքին երևանյան այցի շրջանակներում անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման որոշումները կարող են լինել միայն կամավոր՝ փոխշահավետության հիմքով։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրել էր՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան: «Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պիտի տեղի ունենա՝ պիտի  տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում:

Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին: Որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է արժանանալ, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով՝ և՛ բուն Ադրբեջանի տարածքով, և՛ Նախիջևանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին ուրիշ խնդիր է»,- ասել էր նա Սյունիքի մարզպետարանում։

Տեսանյութեր

Լրահոս