Հայրենավաճառը․ ասֆալտ՝ հիշողության դիմաց
Երեկ Ազգային ժողովում վարչապետի չընտրության առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակեց արդեն իսկ մեկնարկած ընտրարշավը՝ խորհրդարանի ամբիոնն օգտագործելով իր պաշտոնավարման երեք տարիների «ձեռքբերումները» ներկայացնելու համար։ Եթե կարճ, նրա մեկ ժամանոց ելույթն ամբողջությամբ նվիրված էր փողին կամ ավելի շատ փողին․ բիզնեսին ավելացրած արժեքի հարկի վերադարձ, եկամտահարկի բարելավում, ստվերային աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատում, 85 հազարով ավելի աշխատատեղ, պետական բյուջեի եկամուտների 43 տոկոսով ավելացում, հարկային դրույքաչափերի նվազեցում, հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ, մենաշնորհների վերացում, նպաստների ավելացում և, բնականաբար՝ ասֆալտ, ընդհուպ՝ մինչև Խնձորուտ գյուղի ամենավերջին տան առաջ։
Եթե անգամ նրա բոլոր հայտարարությունները արժանահավատ լինեին ստորակետի ճշտությամբ, դրանք բոլորը վերաբերում են բացառապես փողին, նյութական արժեքներին։ Նա դրանց մասին խոսում էր՝ գրեթե լռելով իր իշխանության բերած աղետի՝ արցախյան պատերազմի ու հինգ հազար զոհերի, տնտեսության խայտառակ վիճակի, աղքատության աճի և այլ հարցերի մասին։
Պատերազմի նվաստացուցիչ պարտության, հազարավոր զոհերի և վիրավորների, որբացած ընտանիքների, տարածքային հսկայական կորուստների մասին այդ լռությունը նա փորձեց լղոզել՝ ասելով, իբրև թե նախորդ շաբաթ անդրադարձել է պատերազմին, բայց ինչպես միշտ, դա մանիպուլյացիա էր, պարզ աճպարարություն. մեկ շաբաթ առաջ նա պատերազմի մասին խոսում էր ոչ թե՝ որպես իր իշխանության բերած արհավիրք, այլ՝ որպես նախկին իշխանությունների մեղավորության ապացույց։
Երեկ էլ արցախյան հարցի մասին հարևանցիորեն խոսելիս՝ ասաց, թե 2018 թվականին հասկացել են, որ խնդիրը հասել է «անդառնալիության կետին»։
Նիկոլ Փաշինյանի երեկվա ծավալուն ելույթի ուղերձը չափազանց ապաբարոյական էր ու էժան, և իրականում անարգանք էր հայ ժողովրդին։ Իսկ ուղերձի տողատակը հետևյալն էր՝ մոռացեք, որ իմ ու իմ իշխանության պատճառով հանձնվել է Արցախի մեծ մասն ու զոհվել են հազարավոր հայորդիներ, որբացել են հազարավոր երեխաներ, վիրավորվել են հազարավոր քաղաքացիներ, փոխարենը՝ ես բարձրացրել եմ նպաստները, վերադարձրել եմ պարտքերը ու փռել եմ աստֆալտները։
Սա, իհարկե, լավագույնս արտահայտում է Նիկոլ Փաշինյանի արժեհամակարգը, որում գլխավոր տեղը պատկանում է փողին ու ամենայն նյութականին։ Բայց նա նման ուղերձ հղելով՝ վիրավորում է նաև քաղաքացիներին, քանի որ առաջարկում է հանուն փողի կամ ասֆալտապատված որոշ փողոցների՝ մոռանալ տեղի ունեցած աղետը։ Իսկ դա ապաբարոյական է ուղիղ այնքան, որքան, օրինակ, այն, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ամենաշատը պայքարած իշխանության ղեկավարը երեկ հայտարարում էր, թե իր կառավարությունը քրիոստոնեական արժեքների վրա ամենաշատը հիմնված կառավարությունն է։
Բայց ամենահակաբարոյականն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր իշխանության օրոք Հայաստանում մարդու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Նա հպարտորեն խոսում էր այդ մասին՝ փարիսեցիաբար չարձանագրելով, որ 5000 մարդու համար այդ փոփոխությունն արժեցել է կյանք։ Այո, կյանք: Նույնիսկ ապրողների կյանքը, որոնցից շատերի համար բացվող օրն անիմաստ է դարձել…
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հասարակությանն առաջարկում է մոռանալ այդ մարդկանց կյանքի ու մահվան մասին և տոգորվել մի քանի հազար դրամով բարձրացված նպաստով ու արդեն քանդված ասֆալտով։ Գնդակը, ինչպես ասում են, հասարակության դաշտում է։
Հարություն Ավետիսյան