«Պետք է ապահովենք դեպի Արցախ զբոսաշրջությունը»․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը՝ ոլորտի խնդիրների մասին
Թեև դանդաղ տեմպերով, բայց դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները վերականգնվում են։ Սա, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ՝ գործի մղող ցուցանիշ է։
«Եթե աշխատենք, այս ոլորտում աճ կլինի,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ աշխատելը ենթադրում է անհրաժեշտ միջոցառումների շարք,- Միջոցառումներից մեկը, թեև ուշացումով, բայց արվեց՝ Հայաստան մուտքի համար, բացի կորոնավիրուսի բացասական թեստից՝ հիմք սահմանվեց նաև պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը»։
Այս համատեքստում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը ցավով արձանագրեց, որ թեև շատ երկրների համեմատ՝ համավարակի պատկերով առավել բարվոք վիճակում ենք, սակայն մեզ համար նպատակային, պոտենցիալ շուկա հանդիսացող երկրներում դեռևս մնում ենք կարմիր ցուցակներում՝այցելությունների համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում։ Նա այս ուղղությամբ ևս ակնկալում է լուրջ աշխատանքներ․ «Այստեղ նույնպես շատ արագ անելիք ունենք, որովհետև նորից ուշանում ենք։ Հատկապես եվրոպական շուկայում, հեռավորարևելյան, արաբական երկրներում պետք է ամեն ինչ անել, որպեզի այդ ցուցակներից դուրս գանք, և երևա՝ մեզ մոտ վիճակը այդքան վատ չէ՝ մանավանդ, որ մեզ մոտ էլ արդեն պատվաստումները սկսվել են»։
Ի դեպ, Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ Ռուսաստանն արդեն իսկ Հայաստանը հանել է զբոսաշրջության առումով խորհուրդ չտրվող երկրների շարքից և ավելացրել խորհուրդ տրվողների մեջ, ինչը նպաստել է Ռուսաստանի Դաշնությունից ակտիվ այցելությունների։ ՌԴ-ից և այլ երկրներից այցելությունները, սակայն, ըստ մասնագետի, չեն վկայում ոլորտի վերականգնման մասին․ «Մենք չպետք է մոռանանք, որ դեռևս զբոսաշրջության ոլորտը պահպանելու, փլուզումից պաշտպանելու խնդիրներ ունենք։ Այսինքն՝ մի կողմից՝ պետք է աջակցել ոլորտին, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն, կարողությունները պահպանվեն, ոլորտում սնանկացումներ չլինեն, մյուս կողմից ՝ հնարավորություն ստեղծել՝ նոր ձևավորվող համաշխարհային շուկայում նոր դիրքեր գրավել։
Պետք է շատ ակտիվ, արդյունավետ և նույնիսկ ագրեսիվ մարքետինգային խթանման միջոցառումներ իրականացնել, որպեսզի այսօր կորոնովիրուսի հաղթահարման փուլում ու դրան հաջորդող նոր ձևավորվող համաշխարհային շուկայում, այս ծանր իրավիճակներից հետո բացվող հնարավորություններից կարողանանք օգտվել։
Այսինքն՝ մեզ շատ արագ անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման, ոլորտի զարգացման կարճաժամկետ ծրագիր, միջոցառումների շարք․ միջազգային նշանակության միջոցառումներ իրականացնենք, աշխարհի տարբեր երկրներից հրավիրենք տուրիզմի ոլորտի, մասնավոր հատվածի կարկառուն ներկայացուցիչների, կազմակերպենք մեծ համերգներ, հեղինակավոր մշակութային խմբեր հրավիրենք, համաշխարհային դեմքեր, որոնք կշրջագայեն, և ինչն ակտիվ կլուսաբանվի։ Այս ձևով է, որ մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ՝ մենք ինչպես եղել ենք, այնպես էլ մնում ենք աշխարհում լեգենդար հյուրընկալությամբ հայտնի և ապահով երկիր»։
Թե մոտավոր քանի տոկոս աճ է ակնկալվում այս տարի տուրիզմի ոլորտում՝ մեր հարցին ի պատասխան՝ Մեխակ Ապրեսյանը հայտնեց․ «Տարին արդեն կիսվում է, եթե մենք կարողանանք 2019 թ․ կեսից ավելին ունենալ, դա լավ ցուցանիշ կլինի։ Եթե աշխատենք, կունենանք։ 2019 թվականին 1 միլիոն 900 է եղել զբոսաշրջիկների թիվը, եթե այս տարի 1 միլիոնն անցնենք․․․․»։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահին խնդրեցինք անդրադառնալ նաև հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Արցախի զբոսաշրջային խնդիրներին։ Նա տեղեկացրեց, որ օրերս Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Արցախի Զբոսաշրջության զարգացման գործակալության և Եվրոպա հյուրանոցի նախաձեռնությամբ և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղարի, ֆեդերացիայի գործընկեր տուրիստական ընկերությունների մասնակցությամբ Արցախում քննարկել են պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցերը:
«Մեր գլխավոր նպատակը այսօրվա բոլոր հնարավորությունները մեկ անգամ ևս գույքագրելը, վերանայելն էր, հայաստանյան և համաշխարհային շուկային ներկայացնելը, և նաև ասելը, որ Արցախում պե՛տք է լինի զբոսաշրջություն և կարո՛ղ է լինել զբոսաշրջություն։
Եթե մենք խոսում ենք Արցախում հումանիտար խնդիրներ մասին, դրանց լուծման մասին, Արցախում պատմամշակութային ժառանգությունը պահպանելու մասին, Արցախը վերականգնելու, զարգացնելու մասին, դա առանց զբոսաշրջության չի կարող լինել․ զբոսաշրջությունն այնտեղ անհրաժեշտություն է, պե՛տք է և կարո՛ղ է լինել։ Ցանկացած երկիր, պետություն, տարածք, համայնք՝ անկախ քաղաքական կարգավիճակից, ճանաչված լինել-չլինելուց, իրավունք ունի ունենալ իր պատմությունը, մշակութային ժառանգությունը, ունենալ զբոսաշրջություն, որի միջոցով կկարողանա ներկայացնել իր ժառանգությունը՝ ապահովելով եկամուտներ, և որևէ մեկն իրավունք չունի դա սահմանափակել․ սրանք բոլորը միջազգային փաստաթղթերով ամրագրված, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված կարևորագույն դրույթներ են, և կարծում եմ՝ այստեղ բոլոր կողմերը պետք է գիտակցեն։ Պետք է ապահովենք դեպի Արցախ զբոսաշրջությունը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ 2021 թվականին տուրիզմի ակնկալվող ցուցանիշը կլինի 2019թ․ 25-30%-ի շրջանակներում, իսկ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր՝ այս տարի նախատեսում են հյուրընկալել 1 միլիոն 200 հազար մարդու։