«Ես ունեմ ողջամիտ հիմքեր՝ կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին». Արման Հովհաննիսյան
Ապրիլի 30-ին 168.am-ը գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես է եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ՝ հիմքում դնելով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժումը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն ասաց, թե միջնորդությունը դեռևս ԲԴԽ չի գնացել, և կա 15-օրյա ժամկետ, որպեսզի դատավորը կարողանա պատասխանել կամ չպատասխանել վարույթին:
«Ես կարծում եմ, որ ինչպես կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այնպես էլ իրենց հաղորդում ներկայացրած մարմինը, անուշադրությամբ են գործել, որովհետև չեմ կարծում, չեմ ուզում հավատալ, թե իրենք չեն հասկանում, որ այդտեղ կարգապահական խախտում տեղի չի ունեցել: Եվ գտնում եմ, որ կարճ ժամանակում իրենք կփորձեն իրենց մոտեցումը փոխել: Իսկ եթե իրենց մոտեցումը չի փոխվի, կգնա ԲԴԽ, այնտեղ արդեն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Արման Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեռ չի որոշել՝ կներկայացնի՞ պատասխան, թե՞ ոչ:
Հարցին, թե կարգապահական վարույթի հիմքը հենց Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը մերժելու որոշո՞ւմն է, թե՞ դրանում առկա որևէ արտահայտություն, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ, ամենայն անկեղծությամբ՝ չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում, թեև հարուցման որոշման մեջ, հնարավոր է, որ պետք է շատ ավելի սահմանափակ գրված լինի…
Ես չեմ հասկանում, թե ինչում եմ մեղադրվում, թե իմ կարգապահական խախտումը ինչում է դրսևորվում: Համենայնդեպս, Ձեր ասածը, որ «արտահայտություն և այլն», չէ, նման բան չկա: Եթե խոսք է գնում, ինչ-որ դատավարական խախտման մասին պետք է լինի:
Տեսեք, հարուցման որոշման մեջ՝ վերևի տողում գրված է, որ «հիմնավոր կասկածի առկայության բացակայությունը առերևույթ չպատճառաբանված է»: Սակայն մի քանի տող ներքև գրված է, որ «դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման առարկան չեն»: Հիմա ես չեմ հասկանում՝ այդ դատական ակտը չպատճառաբանվա՞ծ է, թե՞ շատ պատճառաբանված է, որ սահմաններից դուրս եմ եկել: Եթե ասում եմ, որ «դուրս ես եկել սահմաններից», որպես կանոն, պրակտիկայում խոսք է գնում, որ «Պատճառաբանության թույլատրելի սահմանից ես անցել», համենայնդեպս չի վկայում, որ չպատճառաբանված է: Չգիտեմ, եթե կգնան ԲԴԽ, բոլորը կտեսնեն՝ դա պատճառաբանվա՞ծ է, թե պատճառաբանված չէ: Իսկ եթե չեն գնա ԲԴԽ, երբ գործի նախաքննությունն այլևս գաղտնի չի լինի, ես ինքս կհորդորեմ, որ այդ դատական ակտը հանրությանը հասանելի դառնա: Եվ եթե կգտնվի մեկ իրավաբան, որ կասի՝ այդ դատական ակտը չպատճառաբանված է, ուրեմն շատ ուրախ կլինեմ իմանալ՝ ով է: Հնարավոր է՝ ասեն՝ «շատ եք պատճառաբանել, դուրս եք եկել թույլատրելիությունից», բայց որ չպատճառաբանված է, դա, կարծում եմ, բացառվում է»:
Արման Հովհաննիսյանը չբացառեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը կապված է քաղաքական պրոցեսների հետ։ Նա նշեց, թե այդ եզրահանգմանն է եկել զուտ փաստերը և ժամանակային միմյանց հաջորդող դեպքերը հաշվի առնելով:
«Ես ունեմ ողջամիտ հիմքեր՝ կարծելու, որ սա, այո՛, միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն: Ինչի՞ համար, որովհետև երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկեցի և չբավարարեցի այն, դրանից հետո հաջորդեց մի շարք պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ անդամ-թեկնածուների հայտարարությունները: Ճիշտ է՝ զուտ Աշոտ Մինասյան անունը ոչ ոք չի տվել, բայց այնպիսի հանգամանքներից էին խոսում, որ բոլորին էլ, կարծում եմ, պարզ էր, որ այս գործը վերաբերում է հենց Աշոտ Մինասյանին:
Ընդ որում՝ իրենք չէին արտահայտվում ինչ-որ չեզոք գնահատականներ տալով, երբ նրանց խոսակցության բովանդակությունը լսում ես, հասկանում ես՝ իրենց մտահոգությունն են արտահայտում, տարօրինակ է իրենց թվում, չեն հասկանում, թե ինչպե՞ս կարելի է մեծ զենք-զինամթերքի պայմաններում անձը չկալանավորվի, և այլն: Դրանից հետո տեղի է ունենում դատական ակտի բողոքարկում վերաքննիչ ատյան: Վերաքննիչ ատյանն ասում է՝ «չէ, դատական ակտը օրինական է», թողնում է անփոփոխ, որից հետո գրեթե Վերաքննիչ բողոքի նույն բովանդակությամբ զեկուցագիր է կազմվում դատախազության կողմից, ուղարկվում է Արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցում: Հիմա Դուք այդ արտահայտություններից հետո՝ պետական մարմինների կողմից, ինչքանով հիշում եմ, եթե չեմ սխալվում՝ մի հաղորդման շրջանակներում հենց արդարադատության նախարարն է ինչ-որ մտահոգություն արտահայտել (կարող է լավ չեմ հիշում, բառացի չմեկնաբանեմ)՝ «հանրության մոտ կարող է տագնապ առաջանալ, թե ինչպես այսպիսի զենք-զինամթերքի պայմաններում անձը ազատ է արձակվում», և այլն: Մինչ այդ էլ ԱԺ-ում են ասել, նաև մամուլի հետ հանդիպումների ժամանակ են ասել»:
Հարցին՝ այսինքն՝ Ձեզ կողմնորոշո՞ւմ են, նա արձագանքեց.
«Արդեն ես կայացրել էի այդ որոշումը, ինձ չէին կարող կողմնորոշել: Մինչ այդ պետք է ասեին, միգուցե կողմնորոշվեի»: