Ո՞րն է դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ Ռուստամ Բադասյանի նախաձեռնած կարգապահական վարույթի պատճառը

168.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ:

Մեր տեղեկություններով՝ այդ առնչությամբ զեկուցագիրը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է ներկայացրել արդարադատության նախարարին:

Խոսքը վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժմանը:

Հիշեցնենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանը հրաժարվել էր կալանքի որոշում կայացնել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Դրանից հետո Ազգային ժողովում ԲԴԽ անդամներ ընտրվելու ժամանակ թե Գագիկ Ջհանգիրյանը, և թե Դավիթ Խաչատուրյանն իրենց տարակուսանքն էին հայտնել այդ առնչությամբ՝ ի դեպ, առանց որոշման պատճառաբանական մասին ծանոթանալու:

Արման Հովհաննիսյանն արձագանքել էր նրանց: Այդ պահից ակնհայտ էր, որ դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ պրոցես կսկսվի, ինչը, բնականաբար, չուշացավ: Գագիկ Ջհանգիրյանը սրբորեն հետևում է «դատարաններն իր բռի մեջ հավաքելու» վերաբերյալ տված խոստմանը:

Ի դեպ, ուշագրավ է, որ Արման Հովհաննիսյանի կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ, թողել էր անփոփոխ:

Տեսանյութեր

Լրահոս