Այս առաջարկով Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական կամ վերջնական անգամ փորձեց իր վրայից գցել խարանը, որ ինքը Նիկոլի քաղաքական կնքահայրն է․ Քաղաքագետ
«Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին»,- հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հերթական հրապարակման մեջ, որտեղ անդրադառնում է «Եթե երեք նախագահները միանային» խորագիրը կրող հոդվածին։
Առաջարկը ՀՀ և Արցախի նախկին նախագահներին, ինչպես նշում է Լևոն Տեր-Պետրոսյանը, արվել է մարտի 25-ին։
«Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։
Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։
Լևոն Տեր-Պետրոսյան
Ռոբերտ Քոչարյան
Սերժ Սարգսյան
Երևան, 25 մարտի 2021թ.,- հանդիպման դրվագը հանրայնացրել է առաջին նախագահը՝ հայտնելով, որ քննարկում տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը։ Նա նաև հավելել է․ -Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերևս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է»,- գրել էր Տեր-Պետրոսյանը։
Երկրորդ և Երրորդ նախագահների արձագանքը չուշացավ․ «Մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ»՝ հայտնեցին Քոչարյանի գրասենյակից, իսկ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ հիշեցրեցին՝ «ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենն օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել»։
Ասել է թե՝ նախագահները հստակեցրին՝ առաջարկը ժամանակավրեպ է։ Առաջին նախագահի առաջարկը, քաղաքագետ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ ևս՝ ժամանակավրեպ է։
«Կարծում եմ՝ գնացքն արդեն գնացել է․ գուցե դա ակտուալ լիներ մինչ այն պահը, երբ, օրինակ, Երրորդ նախագահ դեռևս հայտարարած չլիներ, որ քաղաքական որոշմամբ՝ իրենք դաշինքով են գնում Արթուր Վանեցյանի հետ։ Երկրորդ նախագահը ևս մի քանի անգամ հայտարարել է, որ դաշինքով է մասնակցելու ընտրություններին:
Պրագմատիկ և ֆունկցիոնալ առումով այս հրապարակային առաջարկն արդեն այն բանից հետո է, երբ այդ փուլը կարծես թե անցած է, ամեն մեկն իր գնացքն արդեն շարժել է, և կարծում եմ՝ այս առումով դժվար թե որևէ բան փոխվի։
Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով պրագմատիկ և փորձված գործիչ, որը շատ լավ գիտի, թե ներքին քաղաքական կյանքում ինչ պրոցեսներ են գնացել, ինչ պրոցեսներ են գնում, և այլն, նույնպես հասկանում է, որ այս առաջարկի գնացքը գնացել է»,- ասաց քաղաքագետը 168.am–ի հետ զրույցում։
Հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ Լ․ Տեր-Պետրոսյանը մինչ այս գործընթացները չգաղտնազերծեց հանդիպման մանրամասները ու որոշեց դա անել այս պահին՝ Վիգեն Հակոբյանը պատասխանեց․
«Մի քանի նպատակ կա։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, որոշել է, որ, այնուամենայնիվ, մասնակցում է ընտրություններին (ես կարծում եմ, որ դա այդպես է), իրենց համար այս թեման բավականին լավ նախընտրական կամպանիա սկսելու ստարտ է, որովհետև առաջին նախագահը, ըստ էության, այս առաջարկն անելով՝ հայաստանյան հասարակության զգալի մասի իդեա-ֆիքսերից մեկն է հնչեցնում։ Այսինքն՝ լավ կլինի, որ ամբողջ ընդդիմությունը միավորվի և մեկ ճակատով հանդես գա։ Սա բավականին հնչեղ և էմոցիոնալ տեսակետից բավականին ընկալելի թեմա է, նաև հրապուրիչ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի համար։
Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, սիրում է դիրքավորվել՝ որպես ամենապետական անձ, որը կարող է մի կողմ թողնել «սկզբունքային տարաձայնությունները և սուր հակասությունները», և հետո, ամեն դեպքում, սրանով Լևոն Տեր-Պետրոսյանն ապահովագրում է իրեն՝ ապագայում հնարավոր ինչ-որ անցանկալի պրոցեսներից՝ հետագայում ասելու՝ ես ասում էի, առաջարկում էի, որ ճիշտը սա է, հերթական անգամ ինձ չլսեցին։
Այս առաջարկով Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ իս, նաև հերթական կամ վերջնական անգամ փորձեց իր վրայից գցել խարանը, որ ինքը Նիկոլի քաղաքական կնքահայրն է։ Այսօր ցանկացած քաղաքական գործչի համար մեծ բեռ է, երբ իրեն կապում են մի մարդու հետ, որը համարվում է կապիտուլյանտ, պետական կառավարման գործում լուզեր»։
Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր՝ «համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է», քաղաքագետին խնդրեցինք տեսականորեն գնահատել հնարավոր միավորման դրական և բացասական կողմերը, և, թե ո՞ր տարբերակն առավել արդյունավետ կլիներ՝ ընտրություններին առանձին գնա՞լը, թե՞ միասնական ճակատով, նա մանրամասնեց․
«Այն տարբերակը, որով հիմա են գնում խորհրդարան, նույնպես աշխատող է․ յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը, և լավ աշխատանքի պարագայում՝ շատ հավանական է, որ ընդդիմությունը խորհրդարանում ձևավորի կոալիցիա, վերցնի իշխանությունը՝ նաև պայմանավորվելով վարչապետի թեկնածուի շուրջ։ Սա հավանական է, որովհետև բավականին ուժեղ լիդերների շուրջ են ձևավորված դաշինքները․ դրա համար ասել, որ այս տարբերակը քիչ ավելի էֆեկտիվ է, քան, եթե մի ցուցակով ես գնում, ճիշտ չէ։
Իհարկե, մեկ ցուցակով գնալն ունի առավելություն՝ այդ դեպքում բառի բուն իմաստով բևեռ է լինում՝ մի բևեռը՝ ընդդիմադիր, մի բևեռը՝ իշխանություն․ կլասիկ սև սպիտակ։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա․ եթե դա մաքուր գաղափարական դաշինք է լինում, իրար չհակասող քաղաքական հոսանքներ են միավորվում, էլեկտորալ տեսակետից պրոբլեմներ չեն առաջանում,։ Սակայն այս դեպքում սա ունի իր թուլությունը հենց խորքային, էլեկտորալ առումով։ 20 տարուց ավելի յուրաքանչյուրն իր էլեկտորատին դաստիարակում էր բավականին լուրջ անտագոնիզմի մեջ մյուս թեկնածուների հանդեպ. հիշենք՝ Լևոն Տեր- Պետրոսյանը մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին բոլոր մեղքերի մեջ, Մարտի 1-ով, այլ ակնարկներով։ Այսինքն՝ այդ ընտրազանգվածները կարող են ուղղակիորեն չհասկանալ այս որոշումը, իսկ եթե ինչ-որ բան էլ չեն հասկանում, ինչ-որ անհամաձայնություն է լինում, կարող են ուղղակի չգնալ ընտրության։ Երեկ տեսաք, որ դրանից փորձեց միանգամից օգտվել Նիկոլ Փաշինյանը, որն այս առաջարկը որակեց «ավազակապետական հեղափոխության» փորձ»։
Մեր զրուցակիցը, սակայն, այս սցենարը միայն տեսականորեն դիտարկեց՝ նկատելով, որ Առաջին նախագահի կրկնվող առաջարկին հաջորդած Երկրորդ և Երրորդ նախագահների արձագանքներն ու հատկապես արձագանքների տեմպը վկայում էր այս հարցում իրենց վերջնական որոշման մասին․ «Շատ կարևոր էր տեմպը պատասխանների։ Եղավ առաջարկ, և միանգամից եղավ պատասխան․ փակում էին թեման՝ նույնիսկ չթողնելով լյուֆտ լրագրողների համար՝ հետաքրքրվելու։
Պատասխանները, ի դեպ, բավականին կոռեկտ էին, և միակ թեթև կշտամբանքն այն էր, որ, այնուամենայնիվ, քանի որ ներքին խոսակցությունն է եղել, լավ կլիներ, որպեսզի մենք էլ համաձայնություն տայինք, որպեսզի դա բացվեր։ Փորձել էին այնպես պատասխանել, որպեսզի կամուրջներ չայրեին»։
Այս ամենով հանդերձ՝ քաղաքագետն արձանագրեց՝ համագործակցության այսպիսի մակարդակ երեք նախագահների միջև երբևիցե չի եղել, և չբացառեց, որ անկախ հանգամանքից՝ միասին են գնում, թե առանձին շարասյուներով՝ տարբեր ձևաչափերով համագործակցություններ կլինեն՝ և՛ նախընտրական գործընթացներում՝ առնվազն ընտրությունները չկեղծելը բացառելու համար, և՛ եթե մտնեն խորհրդարան։