«Իշխանությունը երկիրն այնպես է կառավարել, որ մարդուն պետք է համոզես, ասես՝ ապագա կա, որ հավատա՝ ապագա կա». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում, ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, հետևաբար՝ նա պետք է քայլեր անի այդ ճգնաժամը լուծելու համար։
«Այդ մենք ենք ընդառաջել, որ լինի ընտրություններ, և եթե շահարկեն, թե ինչ-որ բան լինելու դեպքում իշխանական պատգամավորները Փաշինյանին կընտրեն՝ անլուրջ է։ Այսինքն՝ կարող են ընտրել, բայց դա ճգնաժամը չի լուծի, և տեղի կունենա այն, ինչ շարունակաբար տեղի է ունենում մի քանի ամիս։ Ինչպես տեսաք, այս փուլում մենք հնարավորություն ունեցանք առաջադրումներ անելու, բայց չենք արել, բայց եթե մի բան պայմանավորվում ենք ժողովրդի հետ, ապա անում ենք դա։ Այսինքն՝ մենք ժողովրդի հետ ենք պայմանավորվել, որ այս խորհրդարանն արձակում ենք, որպեսզի նա կրկին ընտրի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ հակասահմանադրական է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին Նիկոլ Փաշինյանի մնալը, և նրան հանցակից են ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՀ սահմանադրությունը խորհրդարանն արձակելու այլ հնարավորություն չի տալիս։
«Մեկնաբանման տեղ է, տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել, եթե այդպես է, ապա 2018 թվականին ինչո՞ւ էր սահմանադրական խորհրդարանի լուծարումը, իսկ 2021 թվականին՝ ոչ սահմանադրական։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է մնացել, սակայն նման հայտարարություն չեն արել»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Հարց հնչեց նաև, թե ԼՀԿ-ի նախընտրական կարգախոսն ինչ է լինելու, ինչին Էդմոն Մարուքյանը պատասխանեց, թե տարբերակներ ունեն, սակայն վերջնական կարգախոս դեռ չեն ընտրել։
«Ինչ վերաբերում է իշխանության կարգախոսին, մի անգամ ասել էի, որ ընտրելու են՝ վերջ թավիշին, կամ թավիշ չի լինելու, ես սրան առանձին անդրադարձել եմ։ Այս իշխանությունն իր կառավարման երեք տարիների ընթացքում կարգախոս է դրել շրջանառության մեջ, որը հետևյալի մասին է՝ ապագա կա։ Հայաստանում երբեք այս հարցը չի առաջացել՝ ապագա կա՞, թե՞ չկա, այսինքն՝ իշխանությունը երեք տարի երկիրն այնպես է կառավարել, որ մարդուն պետք է համոզես, ասես՝ ապագա կա, որ հավատա՝ ապագա կա։ Այդ կարգախոսով իշխանությունն ամփոփում է իր գործունեության շրջանը, այսինքն՝ երկրի ապագան դարձել է հարց»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում