«Ո՞նց կարելի է այս օրենքը ընդունել, ինչո՞ւ եք ուզում, որ Հայաստանն ամբողջապես շարքից դուրս գա, դառնա նարկոթրաֆիկի երկիր». Հարություն Մնացականյան
Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ 3 տարի Հայաստանում HHշահագրգիռ անձինք ինտենսիվորեն լոբբինգ էին անում կանեփի թեման, բոլոր հնարավոր ձևերով պրոպագանդում էին, և, ի վերջո, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Թմրամիջոցների մասին» օրենքին և կից օրենքներին, որը վերաբերում է արտադրական և արդյունաբերական կանեփի աճեցման և հետագայում վերամշակման գործընթացին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Մնացականյանն ասաց, որ կասկածներ ունի՝ կառավարության անդամներից էլ կան շահագրգիռ անձինք, որպեսզի արդյունաբերական կանեփ աճեցվի Հայաստանում. «Ցանկացած նմանատիպ որոշում կայացնելու համար կառավարությունը պարտավոր էր ուսումնասիրություններ կատարել, փորձարկումներ անել, փորձարկումներից հետո ստացած արդյունքները համադրել միջազգային՝ տվյալ ոլորտում ստացվող արդյունքների հետ, հասկանալ՝ իր երկրում ստացած արտադրանքը մրցունա՞կ է, թե՞ ոչ, կարո՞ղ է իրացնել, թե՞ չի կարող, նոր նման որոշում կայացնել: Եթե մեր երկրում ոչ մի տեղ կանեփ չեն աճեցրել և հաշվարկներ չեն արել, առանց հաշվարկի այս օրենքը մտցնելու իմաստը ո՞րն էր»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ նշել էր, որ ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում. «Ընդ որում՝ 1 հեկտար տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր ՍԲԴ յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարելի է վերածել մոտավորապես 1.5 տոննա մանրաթելի: Արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաև Ռուսաստանում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում»:
Հարություն Մնացականյանի խոսքով՝ Ավինյանի ներկայացրած տվյալները չափազանցված են. «Եթե Եվրոպայի օրինակն են վերցնում, ապա Գերմանիայում մեկ հեկտարից ստանում են 15 տոննա ցորեն, իսկ Հայաստանում անջրդի հողերում ստանում են 2 տոննա ցորեն, ու մեզ մոտ ցորենի ինքնարժեքը շատ բարձր է, Գերմանիայում՝ շատ ցածր: Ի՞նչ է նշանակում՝ Եվրոպայի թվերը վերցնել, ասել՝ այստեղ այսքան է, այնտեղ՝ այնքան. բա մեր հողերի կազմությունը, մեր ռելիեֆը, մեր աշխարհագրական դիրքը, ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրը, և այլն: Առանց հաշվելու՝ ո՞նց կարելի է ասել»:
Հարցին՝ այսինքն՝ չի՞ աճելու, եթե գյուղացիները որոշեն արդյունաբերական կանեփ աճեցնել, նա պատասխանեց. «Եթե փորձ չկա, ի՞նչ իմանաս՝ աճելո՞ւ է, թե՞ ոչ, եթե փորձ չկա, ի՞նչ գիտես՝ մեզ մոտ որքան ՍԲԴ յուղ կստացվի, գուցե մեզ մոտ 25 լիտր է ստացվում: Հիմա ֆերմերները գուցե մտածեն՝ սա նորություն է, Հայաստանում սիրում են, չէ՞, նորություններ, բոլորը միանգամից մտածում են՝ մեծ գումարներ կաշխատեն, մտնելու են այս թեմայի տակ և վաղը-մյուս օրը տեսնելու են՝ իրենք վնաս են կրում կամ շատ ցածր շահութաբերությամբ են աշխատում, սրա պատասխանն ո՞վ է տալու:
Եթե ֆերմերին դու չես ներկայացնում հաշվարկ, ասում ես՝ Եվրոպայում այսքան է, ինչո՞ւ եք մարդկանց կանգնեցնում փաստի առաջ: Այս ամբողջ պատմության մեջ շահելու են կոնկրետ շահագրգիռ անձինք, որոնք կոնկրետ լոբբինգ են անում և կներմուծեն սածիլներ, կտրոններ և այլն, կվերավաճառեն գյուղացիների վրա, գյուղացիները կաճեցնեն, հետո հետգնումն էլ այնքան էժան գնով կանեն, որ բացարձակ գյուղացին ոչինչ չի շահելու, մի քանի հոգի ստանալու են գերշահույթ, վերջում այդ ոլորտը մեռնելու է, իսկ ամենակարևորը՝ կանեփն անկանոն տարածվելու է Հայաստանում, վերահսկողությունից դուրս է գալու, զարգանալու է նարկոթրաֆիկը, և ունենալու ենք այն, ինչ ունենալու ենք: Ասում են՝ եվրոպական 21 երկրում զբաղվում են կանեփի մշակմամբ, հաշվենք, թե դրանցից քանիսում են թույլ տալիս թմրանյութը՝ մարիխուանան: Եթե կանեփից ստանում են ՍԲԴ յուղ և մանրաթել, երրորդ բաղադրիչը թմրանյութն է, որը կանեփի ինքնարժեքը բավականին իջեցնում է:
Մեզ մոտ եթե երրորդ բաղադրիչը չկա, դու ի՞նչ հաշվարկ ունես, որ ՍԲԴ յուղն ու կանեփի մանրաթելը ձեռնտու են լինելու: Ո՞նց կարելի է այս օրենքը ընդունել և պետությանը լուրջ ռիսկերի տակ դնել, ո՞նց, ինչ է՝ մի երկու հոգի 120 հազար դոլար ներդրում են անելու կամ արե՞լ են: Չինաստանի ամոթի հարյուրամյակի մասին լսած կլինեք, որ ամբողջ Չինաստանը կոնկրետ նստած էր օփիումի ասեղի վրա, ինչո՞ւ եք ուզում, որ Հայաստանն ամբողջապես շարքից դուրս գա, դառնա նարկոթրաֆիկի երկիր, որովհետև մեր ոստիկանությունն ի վիճակի չէ հսկել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում