«Հայփոստ»-ը՝ շենքը մասնավորեցնելու լուրերի, իրենց ներկայացրած հայեցակարգի մասին
Վերջերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սարյան փողոցի վրա գտնվող «Հայփոստի» գլխավոր բարձրահարկ շենքը մասնավորեցվում է՝ որպես բնակֆոնդ:
168․am-ը «Հայփոստ»-ին ուղղված հարցմամբ հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք տիրապետում են նման տեղեկատվության, թե՞ ոչ: Եթե, ամեն դեպքում, շենքը դրվի աճուրդի՝ մասնակցելո՞ւ են դրան, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա որտեղի՞ց են գումար ներգրավելու:
Հարց էինք ուղղել նաև դեռևս անցած տարի Կառավարությանը ներկայացված հայեցակարգի մասին՝ հասկանալու համար, թե ի՞նչ էր այն իրենից ներկայացնում։
Մեր հարցմանն ի պատասխան՝ «Հայփոստ»-ից հայտնեցին․
«Սարյան 22 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի միայն 60 տոկոսն է պատկանում «Հայփոստ» ՓԲԸ-ին, մնացած մասը պատկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեին: «Հայփոստ» ՓԲԸ-ն կառավարությանը ներկայացրել է հայեցակարգ, որը մշակել է միջազգային KPMG ընկերության խորհրդատվությամբ, և որի համաձայն՝ շենքը չի քանդվելու, պահպանվելու և զարգանալու է որպես հասարակական նշանակության շենք՝ մնալով պետական սեփականություն: Ինչ վերաբերում է հնարավոր աճուրդին «Հայփոստի» մասնակցության հարցին, ապա եթե աճուրդը կայանա, մենք մասնակցելու ենք, ներգրավելու ենք վարկային միջոցներ: Պետական միջոցներ չեն ներգրավվելու»:
Հավելենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ «Հայփոստի» զարգացման նպատակով ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ ծրագիր է մշակել՝ հիմնված աշխարհի լավագույն փոստային ծառայությունների փորձի վրա: Զարգացման ծրագրերի շարքում նաև կենտրոնական մասնաշենքի վերանորոգումն է։
«Ընկերությունը ծրագրում է վերակառուցել երևանցիներին հայտնի բարձրահարկ շենքը` պահպանելով դրա արտաքին տեսքն ու դիմագիծը։ Շենքը չի քանդվելու, այլ միայն վերանորոգվելու ու համալրվելու է նորակառույց, ավելի ժամանակակից ու ավելի բարձրահարկ նոր մասնաշենքով։ Շենքի հետնամասում մենք ունենք 4-հարկանի կառույց, որի տեղում նախատեսվում է կառուցել նոր արդի շենք։ Կունենանք 2 շենք, որոնք կապված կլինեն կամուրջներով։ «Երկրորդ շենքում նախատեսում ենք, որ կարող է լինել նաև հյուրանոց, որը կդառնա Երևանի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Իսկ բարձրահարկ շենքի վերնահարկում պլանավորում ենք Ամստերդամի օրինակով ճոճանակ տեղադրել, որը ճոճվողին դուրս կհանի շենքի տարածքից։ Դուք կարող եք ճոճվել ու նայել Արարատին»,- այս մասին Sputnik Արմենիային հայտնել էր «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։