«Գրեք, թող բոլորն իմանան, թե ինչ անգործության են մատնված Վրաստանի դեսպանատանը»․ ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ

Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները  մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու այդպես էլ, ցավոք, առաջ չեկան, և օգնությունը տեղ չհասավ։ Բեռնատարներն ուղարկվել են Մոսկվայից մարտի 5-ին՝ որպես հումանիտար օգնություն։ Մարտի 28-ին Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել:

«Հետ ենք գնում։ Գրեք, թող բոլորն իմանան, թե ինչ անգործության են մատնված Վրաստանի դեսպանատանը։ Զանգում, մեզնից են իմանում, որ վաղը Վրաստանում ոչ աշխատանքային օր է։ Իրենք էլ կոչվում են դեսպանատան աշխատողներ։ Գիտե՞ք, թե այս ընթացքում ինչքան գումար ծախսվեց, ու զրո արդյունք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարներից մեկի վարորդը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա հայտնել էր, որ երբ տեղ են հասել՝ իրենց ասել են, որ օրենքներ են փոխվել, չեն կարող թույլ տալ, որ անցնեն, ու պահանջել են ռազմական բեռների տեղափոխման թույլտվություն, քանի որ  փոխադրած բեռը համարվում է ռազմական բեռ, ու պետք էր Վրաստանի ՊՆ թույլտվությունը։

«Փաստաթղթեր պահանջեցին, ներկայացրեցինք, դրանից հետո պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացնեին ու 15-օրյա ժամկետում պարտավորվում էին թույլ տալ։ Ժամկետը լրացել է ապրիլի 26-ին»,- ասել էր բեռնատարի վարորդը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից էլ հարցի հետ կապված հայտնել էին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, հարցը կկարգավորվի։

Տեսանյութեր

Լրահոս