«Չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա». Քաջարանի համայնքապետ
Այսօր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, և նրան նոր մեղադրանք են առաջադրել՝ իբրև նա կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում: Փաստաբան Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ գործի նյութերին ծանոթանալուց հետ իրենց համար պարզ է դարձել, որ նման դեպք տեղի չի ունեցել, իսկ եթե անգամ նման առևանգում եղել է, ապա բացարձակ անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի համայնքապետը դրա հետ: Համայնքապետի շահերի պաշտպանը նաև ընդգծեց, որ նոր մեղադրանք առաջադրվել է վերջերս Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո, որտեղ նա արժանացել էր «ջերմ» ընդունելության: Իսկ Մանվել Փարամազյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ սյունեցիները պատերազմի հետևանքների անմիջական կրողներն են, և նրանք ցանկանում են ունենալ այնպիսի իշխանություն, որը կարող է լուծել ստեղծված խնդիրները:
«Պետք չէ էդ ամեն ինչը նստել խոսել, վերլուծել, խնդիրը հետևյալն է, սյունեցիների պահանջը հետևյալն է՝ գտնել կարող ուժեր, ովքեր կարող են, վերլուծել էլ պետք չի, մտածելն ավելորդ է, գտնել լուծումներ այդ հետևանքները վերացնելու համար, ուրիշ ոչինչ: Գիտակցող ժողովուրդը, ՀՀ ցանկացած քաղաքացի, սյունեցիների և այլոց նպատակը դա է, մեր պահանջը սա է»,- ասաց Փարամազյանը:
Նա հիշեցրեց, որ ՊՆ-ն սյունեցիներին ժամանակ էր տվել իրենց զբաղեցրած դիրքերից հետ քաշվելու համար, որոնք իրենք պահել էին և միայնակ մնալու պատճառով ստիպված են եղել հանձնել, այդ պատճառով այսօր թշնամին տիրապետում է շահեկան դիրքերի:
«Այսօրվա դրությամբ այս իշխանությունը մի հատ բոմբ ա դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի Հանրապետության տակ, չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա: Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ ու, մեր լեզվով ասած, էդ ֆիտիլը վառել են, ու էդ վառած ֆիտիլը գնում ա, մի օր տրաքելու ա, դա տրաքելու ա թե՛ մեր, թե՛ մեր սերնդի տակ, մենք մտահոգված ենք, սյունեցին իրավունք չունի՞ մտահոգվելու: Սյունիքը չլինի, հերթով գալու են: Կրակոց էլ է լինելու, ավելի վատ բաների էլ ենք ականատես լինելու, ու մենք պատրաստ էլ ենք»,- ասաց Փարամազյանը:
Քաջարանի համայնքապետի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները կարող են լուծել ստեղծված խնդիրները:
«ՀՀ-ում իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս հետևանքները վերացնել, ու կան մարդիկ, ինչո՞ւ չկան: Այս իշխանության հետ, ժողովուրդ ջան, հույս չունենաք, էս իշխանությունը տանուլ տված իշխանություն է, ո՞նց կարելի է՝ այս իշխանության հետ մենք նորից ճամփա անցնենք, պետք չի սխալը նորից կրկնել, ժողովուրդն էլ պետք է էս ամեն ինչը գիտակցի: Մենք պետություն ենք կորցնում»,- ասաց Փարամազյանը: