«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցած դեպքերից հետո կրկին հիշել են պարոն Փարամազյանին». Քաջարանի համայնքապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Այսօր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործը, որի շրջանակներում Քաջարանի համայնքապետին հրավիրել են ՔԿ, չի առնչվում Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած դեպքերի հետ:

«Նորից եկել էինք էն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչո՞ւ են մեզ պարբերաբար հրավիրում: Նախորդ տարի դեկտեմբերին էլի պարոն Փարամազյանին հրավիրեցին, մեղադրանք առաջադրեցին դրանից 8 ամիս առաջ, հիմա արդեն՝ 1 տարի առաջ խմբի կազմում ինչ-որ անձի առևանգելու համար, դատարան միջնորդություն ներկայացրին՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու, դատարանը մերժեց:

Հիմա էլ հրավիրեցին ու փոխեցին մեղադրանքը, ըստ նոր մեղադրանքի՝  պարոն Փարամազյանը, իբր, կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում, հիմա, քանի որ մենք կալանքի հետ կապված քրեական գործի որոշ նյութերին ծանոթ ենք, կարող ենք փաստել, որ առհասարակ նախ՝ առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ի՞նչ կապ ունի Մանվել Փարամազյանը դրա հետ, մեզ համար անհասկանալի էր և՛ դեկտեմբերին, և՛ հիմա, բացարձակապես պարզ չէ, թե ի՞նչ կապ ունենք:

Հիմա ակնհայտ է հետևյալը. դեկտեմբերին մեզ հրավիրելը և մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը, հիմա էլ Ագարակում և Մեղրիում տեսել եք՝ դեպքեր են տեղի ունեցել, «ջերմ» ողջունել են վարչապետին սյունեցիները ու, չգիտես ինչո՞ւ, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ հրավիրել են, նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նույն դեպքի հետ, բայց նորից եմ կրկնում, թե ի՞նչ կապ ունի նա այս դեպքի հետ, եթե անգամ սենց դեպք եղել է, չնայած արդեն նյութերից պարզ է, որ տենց բան էլ չի եղել, բացարձակ անհասկանալի է»,- ասաց Վարոսյանը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ այս ամենն ուղղորդվում է մեկ կետից, և դա ակնհայտ է:

«Միայն քաղաքական ուղվածություն ունի այս ամենը: Ես զարմանում եմ մի բանի վրա, ասենք՝ դու մի քանի անգամ նույն ուղղությամբ գնում ես, տեսնում ես, որ դա չի հաջողվում, ի՞նչ իմաստ կա, անգամ քաղաքական առումով, նույնը կրկնել, տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասաց Վարոսյանը:

Փաստաբանը նշեց, որ այս գործով մինչև այս պահը որևէ գործողություն չէր իրականացվում, մի քանի անգամ հրավիրվել են ՔԿ, ծանոթացել են որոշումների, որոնք, Վարոսյանի պնդմամբ՝ կապ չունեն Փարամազյանի հետ: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Քաջարանի համայնքապետի կալանավորման միջնորդություն ներկայացնեն, Վարոսյանն արձագանքեց.

«Եթե նման բան լիներ, մեզ կծանոթացնեին, քանի որ չեն ծանոթացրել, նշանակում է՝ նման միտում չկա, բայց այսօրվա Հայաստանում ես հնարավոր համարում եմ ամեն ինչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս