Փաշինյանի չիրականացրած խոստումներն ու նոր բլեֆը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ իշխանության և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առայժմ միայն հայտարարությունների մակարդակում են։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն սկսել է ոչ պաշտոնական քարոզչությունը։ Դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր հարթակները. Ազգային ժողովի ամբիոնից լուտանքներ է թափում նախկինների հասցեին՝ նրանց մեղադրելով հազար ու մի մեղքերի մեջ, այցելում է մարզեր, բոցաշունչ ելույթներ ունենում Հայաստանի ու Արցախի պայծառ ապագայի մասին, խոնարհվում ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանների առաջ, համբուրում նրանց հարազատների ձեռքերը։

Մի խոսքով, անում է հնարավոր ամեն ինչ՝ կրկին վերարտադրվելու ակնկալիքով։

Թե այս անգամ հասարակությունը որքանո՞վ կհավատա Նիկոլ Փաշինյանին, ցույց կտա ժամանակը։ Մեկ անգամ արդեն նա ստացել է վստահության քվե ու տապալել ամեն ինչի։ Արել է ճիշտ հակառակը, ինչ խոստացել էր։

Կստացվի՞ կրկին խաբել հասարակությանը։ Այս հարցի պատասխանը հավանաբար շուտով կտեսնենք։ Բայց մի բան հստակ է. դեռ թարմ են այն հիշողությունները, թե ո՞ւր էին պարտավորվում երկիրը տանել Նիկոլ Փաշինյանն ու թիմը, և ո՞ւր ենք հայտնվել հիմա։

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վստահության քվե էին ակնկալում՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն կառուցելու համար։

«2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում մենք վստահության քվե ենք ակնկալում ձեզանից՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար։

Առաջիկա հինգ տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, օրենքի գերակայության ապահովումը, բարեկեցության շարունակական բարձրացումը, պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը: Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Իմ քայլը» դաշինքը»,- սա մի հատված է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրից։

Ինքներդ որոշեք՝ երջանի՞կ եք՝ որպես անհատ, ունե՞ք, թե՞ չունեք հոգատար հանրություն և հզոր պետություն։

Հիմա՝ ըստ էության։

«Տնտեսական հեղափոխությունը», որը 2 տարի առաջ ազդարարեց Նիկոլ Փաշինյանը, իրականության հետ կապ չուներ։ Այսօր նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը։ Ժամանակին շատերն էին հասկանում, որ դա իշխանության հերթական բլեֆն է։ Ոչ մի «տնտեսական հեղափոխություն» էլ Հայաստանում տեղի չէր ունենում։ Եթե մի տարի բախտի բերմամբ տնտեսական աճ է լինում, դա դեռ «տնտեսական հեղափոխություն» չէ։ Տնտեսական հեղափոխության համար հիմքեր են պետք, որոնք նախկինում չկային, հիմա առավել ևս՝ չկան։

Թե ինչքանո՞վ են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ, կրկին բոլորի աչքի առաջ է։

Մեր արդյունաբերության կառուցվածքն այսօր շատ ավելի վատն է, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսպիսի պարտավորություն էին ստանձնում։ Մշակող արդյունաբերության կշիռը նվազում է, ավելանում է՝ ընդերքինը։ Հասկանալի է՝ ընդերքի շահագործման ընդլայնման հաշվին։

Ընդերքի շահագործման ոլորտում բնապահպանական բարձր չափանիշների կիրառման մասին խոսելն ավելորդություն է։ Կա՞ մեկը, ով կարող է ասել, թե ի՞նչ է փոխվել այս ընթացքում՝ ընդերքի շահագործման մեջ, բայցի այն, որ հիմա շատ ավելի մեծ չափերով ենք քանդում ու արտահանում ընդերքը։ Արդեն այսօր տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման նիկոլփաշինյանական ալգորիթմը կրկին հիմնված է ընդերքի շահագործման ավելացման վրա. որպեսզի Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի՝ պետք է բացել ճանապարհները, քանի ճանապարհները չեն բացվել՝ Հայաստանում պղնձաձուլարան չի կառուցվի։

Տեխնոլոգիական արդյունաբերության մասին էին խոսում, երբ այսօր արտադրողականության մակարդակով կրկնակի ցածր ենք այն երկրների միջինի համեմատ, որոնց հետ նույն տնտեսական տարածքում ենք։ Եվ ի՞նչ է փոխվել այս առումով։ Ոչինչ։ Տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը պիտի հանգեցներ արտադրողականության բարձրացմանը, անհնարին է կառուցել առանց ներդրումների։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները վատագույնն են ներդրումների ներգրավման առումով։ Օտարերկրյա կապիտալի հոսքերն ավելի են կրճատվել, իսկ անցած տարի գերազանցեցին բոլոր հնարավոր նվազագույն շեմերը։

Հասարակության բարեկեցության շարունակական բարձրացումը, աղքատության հաղթահարումը, որը պարտավորվել էին անել, արել են ճիշտ հակառակը. աղքատությունն այս ընթացքում հասցրել է ավելի խորանալ։

Աղքատացող հասարակության մեջ բարձրացել է իմքայլականների ու նրանց կողմից հովանավորվող բարձրաստիճան պաշտոնյաների բարեկեցությունը, որովհետև հասարակության հետ այդքան «անկեղծ» զրույցներ վարող Նիկոլ Փաշինյանը որոշել էր հասարակությունից թաքուն կրկնապատկել բարձրաստիճան թիմակիցների աշխատավարձերը։ Ոչինչ, որ առանց այդ էլ նրանք 15-20 անգամ ավելի բարձր աշխատավարձ էին ստանում, քան կենսաթոշակառուների ու նպաստառուների թոշակն ու նպաստն է։

Նախընտրական ծրագրում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն առանցքային նշանակություն էին տվել Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։

Անիմաստ է ասել, թե ինչ ունենք։ Բայց սա արդեն սովորական ձախողում չէ։ Նույնիսկ դժվար է բառեր գտնել՝ բնութագրելու այն արհավիրքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բերեցին այս երկրի ու ժողովրդի գլխին։ Եվ դեռ մտադիր չեն կանգ առնել. նոր քվե են ակնկալում՝ իրենց սկսածն ավարտին հասցնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս