«Պատերազմում կրած պարտության համար մեղավոր են բոլորը՝ այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել գործողությունների հետ». «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ապրիլի 16-ին ԱԺ-ում ելույթ ունեցավ և այն ամբողջությամբ նվիրեց նախկին իշխանություններին։

Նախ՝ դիմելով ԱԺ իր գործընկերներին, նա նշեց, որ պետք է ուղիղ խոսեն սեփական ժողովրդի հետ, ասեն, թե այս ամենը ինչից է սկսվել, որտեղից է պատմությունը գալիս, և ասել ամենակարևորը՝ այն մարդիկ, որոնք լիազորված են եղել Արցախի հարցում բանակցելու՝ գնացել պայմանավորվել են, որ հողերը տալիս են, եկել Հայաստան ժողովրդին ասել են՝ ոչ մի թիզ հող։

Նա նաև նշեց, թե նախկինները բանակցությունները մտցրել են փակուղի և բանակից ինչ կարողացել՝ «տարել» են, հերթական անգամ նա հիշատակեց նաև 80-ականների զենքի մասին։

Պատգամավորի այս ելույթից հետո, սոցիալական ցանցերում քննարկում ծավալվեց, որ մարդ, որը նույնիսկ բանակում չի ծառայել, զենք չի բռնել, իրավունք չունի խոսել բանակից։

168.amն այս ելույթի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Վաղարշակ Հակոբյանին։

– Պարոն Հակոբյան, Ձեր ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, Ձեզ արդեն քննադատում են, որ իրավունք չունեիք խոսելու բանակից, զենքից, եթե չեք ծառայել այդ նույն բանակում։ Առհասարակ ինչի՞ համար էր Ձեր այս ելույթը։

– Իմ բանակում չծառայելու դրվագը բազմիցս մեկնաբանվել է, դրա բացատրությունը տվել եմ և կարող եմ չզլանալ ևս մեկ անգամ ասել։ 2013 թվականին ընդունվել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ասպիրանտուրան, պետք է լավ իմանաք, որ, երբ ասպիրանտուրան ավարտում են, ստանում են գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մինչև ասպիրանտուրան ավարտելը, ցավոք, առողջական խնդիրների պատճառով ազատվեցի բանակից, ինձ հետ դեպք տեղի ունեցավ, ենթարկվեցի վիրահատության։ Հիվանդանոցում շուրջ մեկ տարի անցկացնելուց հետո դուրս գրվեցի, որից հետո ազատվեցի զինվորական պարտադիր ծառայությունից։

Ինչ վերաբերում է նրան, որ իմ ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա ասեմ՝ այդպես էլ պետք է լիներ, որովհետև ես աշխատում եմ իմ ելույթները կառուցել փաստարկված, հիմնավորված, դրանք քաղաքական են, որոնք միանշանակ պետք է հասնեն իրենց հասցեատերերին։

– Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ Արցախի բանակցային գործընթացը փակուղի է մտել նախկին իշխանությունների ժամանակ։ Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ՝ հայտարարեց, որ՝ ժողովուրդ ջան, Արցախի հարցը պատերի հետևում չի լուծվելու, ինչ լուծում էլ լինի, ես դրա մասին ժողովրդին տեղեկացնելու եմ։ Չե՞ք կարծում, որ ամեն ինչ գաղտնի եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտնի եռակողմ փաստաթուղթը։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չեղավ ժողովրդի հետ ու չհայտարարեց, որ բանակցային գործընթացը փակուղում է, և, որ այդպիսի փաստաթուղթ պետք է ստորագրի։

– Նախ՝ ես ձեզ հետ համաձայն չեմ, երկրորդը՝ չեմ կիսում ձեր հնչեցրած գնահատականները և չեմ համարում, որ Արցախի հարցը լուծված է, քանի որ այս պահին Արցախը չունի կարգավիճակ։ Քաջ ծանոթ եք, որ մենք անցել ենք պատերազմի միջով, եթե դուք կարծում եք, որ պատերազմը որևէ մեկից թաքուն է  տեղի ունեցել, ես այդտեղ էլ ձեզ հետ համաձայն չեմ լինի։ Ես ուզում եմ նշել, որ 2020 թվականն իսկապես շատ ծանր տարի էր Հայաստանի ու հայ ժողովրդի համար, այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք, նաև այդ պատերազմի ծանր հետևանքի արդյունքն է։

– Պարոն Հակոբյան, հարցս հետևյալն էր, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ անկեղծ չեղավ և չայտարարեց, որ՝ ժողովուրդ ջան, բանակցային գործընթացը փակուղում է, փոխարենը՝ հայտարարեց, որ բանակցությունները սկսում է իր կետից՝ զրո կետից։

– Ես կրկնում եմ, որ ձեր գնահատականների հետ բացարձակ համաձայն չեմ։ Դուք կարող եք հարցնել, թե բանակցային գործընթացն ինչո՞ւ է սկսվել նոր կետից, դրա պատասխան այն է, որ եղել է փակուղում և ըստ էության շարունակելու ոչինչ չի եղել։ Բայցևայնպես, ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները փորձել են ամեն կերպ առաջ տանել հայ ժողովրդի շահը, այնուհետև տեղի է ունեցել շատ ցավալի պատերազմ։

Մեր բոլորի գործունեությանը պետք է որոշակի գնահատական տա նաև ժողովուրդը։ Այսօր բոլոր հնարավոր ամբիոններից փորձում են ամեն ինչ բարդել մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի վրա, այդ մարդիկ, ովքեր փորձում են փնտրել մեկ մեղավոր, նրանք չեն հասկանում սեփական ժողովրդին։

– Պատերազմում կրած պարտության համար ո՞վ է մեղավոր։

– Պատերազմում կրած պարտության համար մեղավոր են բոլորը, բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել գործողությունների հետ։ Մեղավոր են բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ աչք են փակել այն թերությունների վրա, որոնք նկատել ու չեն ասել, նաև այն մարդիկ, որոնք 30 տարի բանակից տարել են այն, ինչ կարողացել են։ Նրանք արել են ամեն ինչ, որպեսզի ապահովեն սեփական բարեկեցությունը՝ երկրորդ պլան մղելով պետության շահը։

– Ձեր իշխանությունը մեղավո՞ր է։

– Մեր իշխանություն էլ է մեղավոր, մեղքի այդ չափաբաժինը մենք ընդունում ենք և ընդունելու ենք միշտ։ Սրա մասին խոսել է ՀՀ վարչապետը և ասել է, որ ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից և ոչ ոք չի կարողանալու մեղքը գցել ուրիշի վրա։ Մենք՝ որպես պետություն, ազգ, պետք է հետևություն անենք այս ամենից և հասկանանք, որ նույն պրոցեսի ընթացքում անընդհատ մեղավորներ փնտրելը և չմտածելը սեփական ժողովրդի վաղվա ապագայի մասին՝ լուրջ մարտահրավեր է։ Մենք երկրի քաղաքացիների հետ պետք է խոսակցություն ունենանք ապագայի մասին, սա ամենակարևոր ելակետն է, որը պետք է մեզ ստիպի համախմբվել, վերազինել մեր բանակը, վերականգնել մեր մարտական ոգին և շարժվել առաջ՝ դեպի նոր հաղթանակներ։

– Դուք նշում եք, թե 30 տարի բանակը թալանել են, բայց ինչպե՞ս ստացվեց, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթեց, հայկական կողմը հասավ նրան, որ չորրորդ օրը պատերազմը կանգնեցվեց, ընդ որում՝ Ալիևի խնդրանքով։

– Կարծում եմ՝ Դուք ինֆորմացիոն որոշակի պակաս ունեք, և ըստ էության հարցը սխալ է ձևակերպված, ես կարծում եմ, որ հարցի հիմքն է սխալ ձևակերպված։ 2020 թվականի պատերազմը 2016 թվականի գործունեության արդյունքն էր նաև, եթե կհիշեք, մեր տասնյակ գործիչներ մշտապես ասում էին, որ պատերազմը չի ավարտվել, սա ասում էին ամենատարբեր շրջանակներ։ Ձեր այս պնդումը, թե 2016 թվականին ինչ է տեղի ունեցել, փոքր-ինչ անհամապատասխանություն ունի իրականության հետ։

– Պարոն Հակոբյան, այսինքն՝ Դուք հակառա՞կն եք պնդում, որ 2016 թվականին չե՞նք հաղթել։

– Ես նման բան չասացի, այլ ասացի, որ Ձեր հարցը սխալ է ձևակերպած, ես զգույշ եմ իմ ձևակերպումներում, առավել ևս, երբ մենք խոսում ենք այդքան կարևոր ձևակերպումների մասին։ Ես չասացի՝ մենք հաղթել ենք, պարտվել ենք, որովհետև, ըստ իս, Դուք ինֆորմացիոն որոշակի պակաս ունեք, որովհետև ես չեմ հավատում և չեմ առաջնորդվում այն կանխավարկածից, որ ունեք հստակ տեղեկատվություն և հիմա զբաղված եք մանիպուլյացիայով։

– Այդ դեպքում, որպեսզի ընթերցողների մոտ բաց չմնա, ասացեք խնդրեմ՝ իմ հարցի մեջ ո՞ր մասն էր սխալ ձևակերպած։

– Կարծում եմ՝ Ձեր հարցի լավագույն պատասխանը կտա ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։

– Որը չի հրապարակվելու։

– Այո, որը չի հրապարակվելու, որովհետև այնտեղ կան պետական գաղտնիքի մասնաբաժիներ։ Կարծում եմ՝ այդ գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին, այդ հանձնաժողովն իրապես հսկայական աշխատանք է կատարել, և այդ զեկույցի հրապարակումից հետո կխնդրեմ, որ մենք ևս մեկ անգամ զրուցենք։

– Դուք ԱԺ ամբիոնից քննադատեցիք նախկիններին, բայց, օրինակ, նախկինները՝ Սեյրան Օհանյան, Սերժ Սարգսյան, Յուրի Խաչատուրով, մյուսներին չթվարկեմ, Արցախ են ազատագրել, բայց Ձեր իշխանության օրոք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, լավ Ձեր իշխանությունը Հայաստանի, Արցախի համար ի՞նչ է արել, որ այդպես քննադատում եք նախկիններին։

– Եթե իմ ելույթը ուշադիր լսեցիք, ապա այնտեղ մանրամասն հիմնավորել եմ իմ քննադատության իրավունքը։ Ես չեմ խոսել որևէ անձի կարևորության, կամ այդ անձի ռազմական գործողություններում ունեցած վաստակի մասին։ Միտում չունեմ ժամանակին աչքի ընկած ու ժամանակին ՀՀ-ին մեծ ծառայություն մատուցած մարդկանց ռազմական հետագիծը քննադատելու։ Ես այսօր խոսել եմ լրիվ այլ բանի մասին, ընդ որում, չտալով անձերի անուններ։

– Բայց իմ թվարկած անձինք մասն են կազմում նախկին իշխանությունների։

– Իհարկե, կազմում են, բայց միայն նրանք չեն կազմում, ես այսօր խոսել եմ առանց անունների, և եթե պետք լինի՝ չեմ զլանա ու կխոսեմ անուններով, որովհետև դա իմ քաղաքական գործունեության մի մասն է նաև։

Զրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս