Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այս մասին Սենատի նախագահն ասաց Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո:
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց Լարշեն:
Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, Սենատի նախագահը նշեց, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում և դրա մասին է սովորեցնում այս հուշահամալիրը։
«1915թ. հետո բազմաթիվ հայեր ապաստանեցին Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա։ Վաղն առավոտյան Ֆրանսիայում պետք է հիշատակեն նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Սենատի նախագահը: