Իտալիայում գնահատել են «Սպուտնիկ V»-ի արտադրության հեռանկարները
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կարող է Իտալիայում գործարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին Տոմսկում լրագրողներին հայտնել է Անտոնիո Ֆալիկոն՝ իտալական «Ինտեզա բանկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մասնակցում է արտադրության գործարկման ֆինանսավորմանը: Ավելի վաղ Ֆալիկոն հնարավոր էր համարել այն բանի հավանականությունը, որ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը կարող է առաջիկայում սկսվել Իտալիայի հյուսիսում:
«Այդ նախագիծը միանգամայն իրական է: Արդեն ստորագրվել է տեխնոլոգիաների հանձնման պարտավորագիրը: Ավարտվում է արտադրության պարտավորագրի վրա աշխատանքը: Դեղագործական եվրոպական գործակալության (ԴԵվԳ) պատվիրակության այցը դրական արդյունքներ է տվել: Եթե ամեն բան լավ լինի եւ մինչեւ մայիսի վերջը ԴԵվԳ-ն դրական եզրակացություն տա, ապա այդ ժամանակ արդեն կարելի կլինի գործնական աշխատանքի անցնել նոյեմբերի սկզբին, իսկ վատագույն դեպքում նոյեմբերի վերջին կարելի կլինի արդեն խոսել Իտալիայի համար «Սպուտնիկ V»-ի արտադրության մասին»,-ասել է նա: Ֆալիկոն հավելել է, որ Իտալիան միշտ դրականորեն է տրամադրված եղել, ամեն բան կախված է ԴԵվԳ-ից:
«Հենց որ այն ստացվի, կարելի կլինի անցնել պրակտիկ գործունեության»,-հավելել է նա: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ներկայում պատրաստուկը հավանության է արժանացել շուրջ 3 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում: Պատվաստանյութի՝ 97,6 տոկոս մակարդակով արդյունավետությունը հաստատվել է The Lancet առաջատար բժշկական հանդեսում տվյալների հրապարակմամբ: