«Ինչի՞ են բոլորին քշում», «Բոլորս պիտի պատրաստվենք, որովհետև կողքներս թշնամի են». հարցում՝ Երևանում
Ապրիլի 17-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնք այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հայտարարությունների, անդրադարձել էր զինծառայության ոլորտին՝ նշելով, որ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն էականորեն պետք է կրճատել:
«Իհարկե, մենք պետք է բարեփոխենք մեր բանակը: Մեր բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակ: Մեր պայմանագրային ծառայության էն հին համակարգը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Ինչո՞ւ: Որովհետև մեր պայմանագրայինները 14 օր մարտական հերթապահություն էին վարում, 14 օրից 12 օր զբաղվում էին ուրիշ գործերով՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, մեկը տաքսի էր քշում, մեկն ուրիշ գործով է զբաղված: Բայց մենք պետք է ապահովենք, որ զինվորականը զբաղվի պրոֆեսիոնալ իր զինվորականությամբ: Աշխատավարձն ա պետք բարձրացնել, այդ ծառայությունն է պետք գրավիչ դարձնել: Իսկ ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես պետք է փոխել: Մենք պետք է մտածենք, որ ժամկետային պարտադիր զինծառայությունը, ժամկետը էականորեն կրճատենք… Ասենք, տարբեր գաղափարներ կա, կքննարկենք: Օրինակ՝ կա գաղափար, որ պետք է լինի, ասենք, օրինակ, 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները բոլորը այդ մարտական նվազագույն հմտություններին տիրապետի»,- ասել էր Փաշինյանը:
168.am-ի նկարահանող խումբն այսօր փորձեց քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանի հայտարարությանը, Հայաստանի անվտանգային վիճակին, Նախիջևանով հնարավոր միջանցքի տրամադրմանը:
Մեր հարցմանը պատասխանած Երևանի քաղաքացիների մեծ մասը միաբերան պնդում էր, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա զինվորական պատրաստվածություն ու պետք է յուրաքանչյուր պահ պատրաստ լինենք, քանի որ շրջապատված ենք թշնամիներով:
Հարցին, թե Փաշինյանի հայտարարության իրականացումը Հայաստանի համար ինչպիսի՞ որոշում կլինի, քաղաքացիներից մեկն այսպես արձագանքեց.
«Վատ, վատ, որովհետև մենք չենք կարողանում կազմակերպել մեզ, մենք չենք կարողանում մեր եղածը գնահատենք, և դրա համար էսպես ամեն ինչը բարձիթողի է լինում: Ես էդպես գիտեմ: Ժողովուրդը, բոլորը թողնում-գնում են, ես չեմ գնում: Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում: Ես էստեղ եմ ծնվել, մեծացել ու ապրում եմ ու պիտի ապրեմ: Ինչի՞ են բոլորին քշում: Պայմաններ չեն ստեղծում: Թոշակառուն փող չունի, որ գնա հաց առնի: Ամեն ինչը վատացել է, շատ է վատացել»:
«Չեմ կարա ասեմ, բալես: Ես տղա չունեմ, չեմ էլ մտածում դրա մասին»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց մեկ այլ քաղաքացի:
«Մեր երկիրը էնպիսի վիճակում է, որ մենք պետք է անընդհատ պատրաստ վիճակում լինենք՝ զինվորական առումով: Դա, իհարկե, զինվորական վերնախավի լուծելիք հարցն է, ես չգիտեմ: Բայց մի բան հաստատ է, որ պիտի մենք պատրաստ լինենք… Ժողովուրդն արդեն պիտի հասկանա, որ մենք պատերազմական վիճակում ենք»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Հարցին, թե 5 տարին մեկ 1-2 ամսով ծառայությունը կարո՞ղ է ապահովել անհրաժեշտ պատրաստվածություն, քաղաքացին արձագանքեց.
«Իհարկե ոչ»։
Քաղաքացիների մի մասն էլ մեզ հետ զրույցում նշում էին, որ որոշումը պետք է կայացնեն ռազմական ոլորտի մասնագետները:
Հարցմանը մասնակից քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Հայաստանի նման երկրում յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ պետք է անցնի զինվորական պատրաստություն:
«Մենք բոլորս պիտի պատրաստվենք ամեն րոպե, որովհետև կողքներս սաղ թշնամի են: Չկա տենց բան, որ թշնամի չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանի ապագան, երբ ինքը խոսում է Հայաստանի՝ թշնամիներով շրջապատված լինելու մասին, մինչդեռ իշխանությունը խոսում է հարևան երկրների հետ կոմունիկացիաներ բացելու, հարևանություն անելու, ինչպես նաև Հայաստանի համար դեպի Իրան ու Ռուսաստան Նախիջևանով հնարավոր միջանցքի մասին, նա արձագանքեց.
«Եկեք փակվենք: Վերցնենք սա, փակվենք: Եվ ի՞նչ է դա մեզ տալու: Ասում է՝ «շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ բաց մի թող», դա այդ սիստեմն է: Հիմա մենք կողքներս ունենք փակումներ, որ էսօր ի վիճակի չենք աշխատելու կամ ինչ-որ մի բան անելու: Էսօր ժողովուրդը պիտի շնչի, էսօր ներդրումներ պիտի լինի: Պիտի համապատասխան օրենքներ ունենա, ասենք, հարևան երկրների քաղաքացիների սեփականություն ունենալը այս երկրում իրավունք չունի, մենակ հայը իրավունք ունի: Դա կաշխատի, դա մեր երկրին զարգացում կտա, դա մեր երկրին բարելավում, բարեկարգում կտա»
Մեկ այլ հարցի էլ, թե արդյո՞ք վերջինս պատրաստ է, օրինակ, Նախիջևանով Ռուսաստան կամ Իրան գնալու հնարավորության դեպքում՝ օգտվել այդ միջանցքից, բացասական պատասխան տվեց.
«Այսօրվա վիճակում ոչ մեկը պատրաստ չի դրան: Պիտի ժողովուրդը հասնի դրան, քայլեր պիտի կատարվեն: Այսօր Նախիջևանի մասին խոսելով, թե ինչ-որ Դաղստանի մասին խոսելով չի կարող լինել: Վերքը չի սպիացել: Ժամանակը կգա, ինքն իրեն կբերի ամեն ինչին»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում