«Եթե գերիների հարցով զբաղվող հանձնաժողովի կոմունիկացիաները լավ աշխատեին, ապա այդպիսի բարդ իրավիճակի մեջ չէր հայտնվի գործող իշխանությունը». Բորիս Ավագյան
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ անկախ պատգամավորների նախաձեռնած՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայի վերաբերյալ քննարկում։
Խնդրի հետ կապված տարբեր հարցերի անդրադարձավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանը։
Քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Բորիս Ավագյանից հետաքրքրվեց, թե Արցախի Հանրապետության գերատեսչություններն ի՞նչ ֆորմալ լիազորություններ ունեն գերիների վերադարձի խնդրով զբաղվելու համար։
«Հայաստանում կա գերիների, անհայտ կորածների խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, ուզում եմ իմանալ՝ այն որքանո՞վ է ուղիղ կապ պահպանում Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ»,- հարցրեց պատգամավորը։
Բորիս Ավագյանը հարցին պատասխանեց, թե իր լիազորությունների շրջանակը սահմանափակվում է այն հնարավորւթյուններով, որոնք տրված են ի պաշտոնե։
«Ես հանձնաժողովի հետ երբևէ չեմ առնչվել, երբևէ չեմ աշխատել, և հանձնաժողովն ինձ որևէ հարցով չի դիմել։ Ես մարզպետից ստացել եմ խնդրանք այն ժամանակ, երբ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալն էի, և այդ հարցով սկսել եմ զբաղվել իմ անձնական ռեսուրսներով։ Երևի այդ հանձնաժողովն ունի ինչ-որ կոմունիկացիաների հնարավորություն, բայց ելնելով այն հայտարարություններից, որոնք մենք տեսանք ապրիլի 8-ին, կարծում եմ՝ այդ կոմունիկացիաները լավ չեն աշխատում։ Եթե կոմունիկացիաները լավ աշխատեին, ապա այդպիսի բարդ իրավիճակի մեջ չէր հայտնվի գործող իշխանությունը»,- նշեց Բորիս Ավագյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ասել էին, որ ժամեր անց Երևանում կլինի հայ ռազմագերիներին մի խմբի հայրենիք վերադարձնող ինքնաթիռը, սակայն հետո լրատվամիջոցին խոսնակի տված տեղեկությունը հեռացվել էր կայքից, պաշտոնական մյուս ներկայացուցիչների տեղեկությունն էլ հերքվել էր, ինքնաթիռը Հայաստան էր եկել առանց գերիների։