Բաժիններ՝

Թուրքիայում հերքել են «Սպուտնիկ V»-ի արտադրությանը հավանություն տալու հաղորդագրությունները

Թուրքիայի առողջապահության նախարարությանն առընթեր կորոնավիրուսի հարցերով գիտխորհրդի անդամ Աֆշին Էմրե Ղայիփմազը ՌԻԱ Նովոստիին ճշտել է, որ COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են, երկրում դրա արտադրությանը հավանություն տալու մասին խոսելը դեռ վաղ է։

Ավելի վաղ Yeni Safak թերթը, վկայակոչելով Ղայիփմազին, հաղորդել էր, որ Թուրքիայում հավանություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը:

«Ես լրագրողին ասել եմ, որ Թուրքիայում անցկացվում են ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումներ եւ միայն դրանց առանձին փուլերում են ստացվել միջանկյալ դրական արդյունքներ: Ես այլեւս ոչինչ չեմ ասել: Ըստ երեւույթին, լրագրողն այնքան էլ ճիշտ չի հասկացել: Բայց ես շատ այլայլված զանգահարեցի թերթին, եւ այժմ նրանք այդ նորությունը հանում են կայքից»,-Ղայիփմազն ասել է ՌԻԱ Նովոստիին:

Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաեւ գործակալությանը հաստատել է, որ Թուրքիայում ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությանը հավանություն տալու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իսկությանը:«Թերիմացություն է տեղի ունեցել լրագրողի եւ մեր գիտխորհրդի անդամի միջեւ: «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են սովորական ռեժիմով, միջանկյալ արդյունքներն առկա են, բայց դեռ վերջնակորեն հավանություն չի ստացել»,-զրուցակիցն ասել է ՌԻԱ Նովոստիին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ներկայում պատրաստուկը հավանության է արժանացել շուրջ 3 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում: Պատվաստանյութի՝ 91,6 տոկոս մակարդակով արդյունավետությունը հաստատվել է The Lancet առաջատար բժշկական հանդեսում՝ տվյալների հրապարակմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս