«Մենք կանխելու ենք այս ցինիկ նախագիծը: Ամեն ինչի համար պետք է սահմանափակում լինի». ՈՒԵՖԱ-ն՝ Սուպերլիգայի մասին
ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ Եվրոպական Սուպերլիգայի առաջիկա մեկնարկի վերաբերյալ։
Հայտարարությանն աջակցում էին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ՖԱ), Պրեմիեր լիգան, Իսպանական ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF), Լա Լիգան, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Ա սերիան:
«Մենք իմացանք, որ մի քանի անգլիական, իսպանական և իտալական ակումբներ կարող են ծրագրել հայտարարել, այսպես կոչված, փակ Սուպերլիգայի ստեղծման մասին (ժամեր անց լուրերը պաշտոնական դարձան)։
Եթե դա տեղի ունենա, մենք ուզում ենք կրկնել, որ մենք՝ ՈՒԵՖԱ-ն, ՖԱ-ն, RFEF-ը, FIGC-ն, Պրեմիեր լիգան, Լա Լիգան, Ա Սերիան, ինչպես նաև ՖԻՖԱ-ն և մեր անդամ բոլոր ասոցիացիաները, միասնական կլինենք այս ցինիկ նախագիծը կանխելու մեր ջանքերում: Մի նախագիծ, որը հիմնված է մի քանի ակումբների անձնական շահերի վրա, այն ժամանակ, երբ հասարակությունն ավելի քան երբևէ համերաշխության կարիք ունի:
Մենք կքննարկենք բոլոր մակարդակներում՝ դատական և մարզական, մեզ հասանելի բոլոր միջոցառումները, որպեսզի այդ Սուպերլիգայի ստեղծումը չլինի: Արդար մրցակցությունն ու սպորտային արժեքները ֆուտբոլի հիմքում են. դա այլ կերպ չի կարող լինել:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՈւԵՖԱ-ն և վեց ֆեդերացիաները, շահագրգիռ ակումբներին կարգելվի խաղալ ցանկացած այլ մրցույթում`ազգային, եվրոպական կամ գլոբալ մակարդակում, և նրանց խաղացողները կարող են զրկվել իրենց ազգային հավաքականները ներկայացնելու հնարավորությունից:
Մենք շնորհակալություն ենք հայտնում այլ երկրների ակումբներին, հատկապես ֆրանսիական և գերմանական ակումբներին, որոնք հրաժարվել են մասնակցել դրան:
Մենք կոչ ենք անում բոլոր ֆուտբոլասերներին, երկրպագուներին և քաղաքական գործիչներին՝ միանալ մեզ այս նախագծի դեմ պայքարում, եթե այն հայտարարվի:
Մի խումբ մարդկանց այս համառ շահը չափազանց երկար տևեց: Ամեն ինչում պետք է սահմանափակում լինի»,-ասվում է ՈՒԵՖԱ-ի, լիգաների և ասոցիացիաների համատեղ հայտարարության մեջ:
Երեկ հայտնի դարձավ, որ Սուպերլիգայի ստեղծումն արդեն պաշտոնական է։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենթուսը» և 8 այլ ակումբներ սատարել են Սուպերլիգային, Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն հրաժարվել են մասնակցելուց:
Սիրարփի Աղաբաբյան