ԱՀԿ-ն կոչ է արել դադարեցնելու վայրի կաթնասունների վաճառքը պարենային շուկաներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքի դադարեցման օգտին՝ մարդանց վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար: Այս հանձնարարականով ԱՀԿ-ն հանդես է եկել Ժնեւում՝ Շրջակա միջավայրի ծրագրի եւ Կենդանիների առողջության պահպանման հաշխարհային կազմակերպության հետ համատեղ։
Նրանց կողմից հրապարակված ժամանակավոր կանոններում, որոնք վերաբերում են ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքին, նշված է, որ «որպես շտապ միջոցներ այլ քայլերի թվում երկրներին հանձնարարված է դադարեցնել բռնված կենդանի կաթնասունների վաճառքը պարենային շուկաներում»: «Կենդանիներն, առանձնապես վայրի կենդանիները, մարդկանց մեջ վարակիչ հիվանդությունների բոլոր բռնկումների ավելի քան 70 տոկոսի աղբյուրն են»,- ընդգծել են փորձագետներն՝ ուշադրություն հրավիրելով նաեւ «նոր հիվանդությունների առաջացման» ռիսկին: Նրանց խոսքով՝ «գոյություն ունի մարդկանց (վարակի) ուղղակի փոխանցման ռիսկ ախտահարված կենդանու թքի, արյան, մեզի, լորձի, կղանքի եւ մամնի այլ հեղուկների միջոցով, ինչպես նաեւ վարակման լրացուցիչ ռիսկ այն վայրերին շփումից, որտեղ կենդանիներին պահում են շուկաներում, եւ այն առարկաներից ու մակերեսներից, որոնք կարող են ախտահարված լինել վիրուսներով»:
ԱՀԿ-ի փորձագետները, որոնք հունվարին եւ փետրվարին այցելել էին Ուհան նոր կորոնավիրուսի աղբյուրի հայտնաբերման համար, չեն կարողացել միանշանակ եզրակացության հանգել դրա առաջացման մասին: Դրա հետ մեկտեղ, ինչպես հետեւում է պատվիրակության՝ մարտի 30-ին Ժնեւում հրապարակված ամփոփիչ զեկույցից, առաջացման առավել հավանական տարբերակն է համարվում կորոնավիրուսի փոխանցումը կենդանուց մի այլ կենդանու, իսկ այնուհետեւ մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: