Եթե արդարադատության համակարգում մտավ այդ խտրական արդարադատությունը, ապա դատական համակարգը, հավատացեք, բարոյալքվելու է․ սահմանադրագետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ապրիլի 12-ին տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքներն ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:

ՀՀ նախագահն օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

ՀՀ նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Այդ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային և տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:

Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»։

Տեղեկացանք նաև, որ Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ապրիլի 10-ին ստացել է ՀՀ նախագահի դիմումը՝ դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ:

Հիշեցնենք՝ օրենսդրական փաթեթով Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնվելու են։ Վերջինի շուրջ հնչող մասնագիտական գնահատականները, սակայն,  իրարամերժ են՝ մասնավորապես, մի քանի դրույթների առնչությամբ՝ ԲԴԽ-ն, օրինակ,  իրավունք է ստանում  դատական գործերը քննելու համար իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման  դատավորների կազմից ընտրել դատավորներ՝ հաշվի առնելով նախկինում նմանատիպ գործեր քննելու հանգամանքը, նաև սահմանվում է, որ դատավորներից դժգոհ քաղաքացիները կարող են միանգամից դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրենքի փոփոխություններին՝ նշեց․ «Խնդիրը հետևյալն է՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես պետական մարմին, սահմանադրական մարմին, ֆունկցիոնալ առաքելությունը համարվում է Դատական իշխանության անկախության ապահովումը։ Օրենսդիր, Գործադիր, Դատական իշխանությունների բաժանման համակարգում պետք է բոլորը լինեն անկախ և մեկը մյուսից կախվածություն չունենան․ տվյալ պարագայում,  քանի որ տենդենցներն այնպիսին են, որ գործող իշխանությունները ԲԴԽ-ն փորձում են առավելապես դարձնել ոչ թե դատական իշխանության անկախությունն ապահովող, այլ քաղաքական մարմին, տվյալ դեպքում հակասահմանադրականն այն է, որ դատական համակարգը խորը կախման մեջ են դնում ԲԴԽ-ից՝ դրանով խախտելով Սահմանադրությամբ ամրագրված Դատական իշխանության անկախության սկզբունքը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որով փորձում են, «էլիտար դատավորներ»-ի ինստիտուտ ձևավորել, և ԲԴԽ-ին հնարավորություն տալ վարույթում գտնվող գործը մեկի ձեռքից վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի, այստեղ էլ Դատական իշխանությունը դարձնում են ոչ թե աստիճանակարգված, քանի որ այն արդեն աստիճանակարգված է՝ ըստ ատյանների, այլ աստիճանակարգման փոխարեն՝ արդարադատությունը դարձնում են խտրական արդարադատություն՝ խտրականություն դնելով դատավորների մեջ։

Եթե արդարադատության համակարգում մտավ այդ խտրական արդարադատությունը, ապա դատական համակարգը, հավատացեք, բարոյալքվելու է և երբեք չի ծառայելու արդարության և արդարադատության շահին»։

Այս համատեքստում Վարդան Այվազյանը հիշեց նաև հակակոռուպցիոն դատարանների ձևավորմանն ուղղված իշխանությունների ջանքերը․ «Ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան և առանձնացնում են հակակոռուպցիոն դատավորներին։

Մասնագիտացումը կա մեր դատական համակարգում, և կոռուպցիոն հանցագործությունները Քրեական օրենսգրքում համապատասխան գլխով ամրագրված են, և դրանք սովորական հանցագործություններ են, որոնք պետք է քննեն քրեական մասնագիտացում ունեցող դատավորները։ Նույն հաջողությամբ կարող են ստեղծվել սպանության գործերով դատարաններ, հայրենիքի դավաճանության գործերով,  կամ այդ 300.1 հոդվածը, եթե հակասահմանադրական չճանաչվեր, ասենք՝ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններով դատարան՝  անհեթեթություն է։

Սա նույնպես խոսում է այն մասին, որ իշխանությունները նորից ուզում են արդարադատությունը տանել դեպի խտրական արդարադատության հարթություն, ինչի հետևանքով միանշանակ ոտնահարվելու է արդարության և արդարադատության շահը․ այս առումով ես ողջունում եմ ՀՀ նախագահի քայլը, որը վետո է դրել այդ օրենսդրական նախաձեռնության  վրա և փաթեթն ուղարկել է ՍԴ»։

Տեսանյութեր

Լրահոս