
Մոլորակի բնակիչների սոսկ 5 տոկոսն է լիովին պատվաստվել COVID-19-ի դեմ. Bloomberg

154 երկրներում այս պահին 781 միլիոն պատվաստում է կատարվել COVID-19-ի դեմ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ լիովին պատվաստվել է մոլորակի բնակիչների ընդամենը 5,1 տոկոսը, ապրիլի 12-ին հաղորդել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Գործակալության գնահատումներով՝ այն երկրներում, որոնց վերաբերյալ կա վիճակագրություն, պատվաստման միջին տեմպն այժմ կազմում է օրական 17,9 միլիոն դեղաչափ: «Դա վհատեցնում է,- ընդգում է գործակալությունը:- Այս տեմպերով կպահանջվեն տարիներ՝ գլոբալ իմունտետի զգալի մակարդակի հասնելու համար»: Զգալի մակարդակ ասելով ենթադրվում է բնակչության 70-ից մինչեւ 85 տոկոսը:
Bloomberg-ը նաեւ մատնանշում է մշակված պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը. եկամուտների ամենաբարձր մակարդակով երկրներում պատվաստումն անցնում է 25 անգամ ավելի արագ, քան եկամուտների ամենացածր մակարդակով երկրներում»: 27 ամենահարուստ պետություններին, որոնցում բնակվում է մոլորակի բնակչության 11,1 տոկոսը, բաժին է ընկնում COVID-19-ի դեմ պատվաստումների 39,3 տոկոսը, նշել է գործակալությունը:
ԱՄՆ-ը բոլորից առաջ է անցել պատվաստումների թվով. արդեն արվել է 187 միլիոն պատվաստում, անցյալ շաբաթ միջին հաշով ներարակվել է օրական 3,14 միլիոն դեղաչափ, նշում է Bloomberg-ը: Այս տեմպի պահպանման դեպքում երկրում երեք ամիս անց պատվաստված կլինի բնակիչների 75 տոկոսը: Առաջին եռյակ են մտել նաեւ Չինաստանը (164,5 միլիոն պատվաստում) եւ Հնդկաստանը (104,4 միլիոն): Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ 11,6 միլիոն: Մասնագետների գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 31,2 միլիոն դեպք, մահացել է 562 հազար մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Վաշինգտոնի նահանգի համալսարանի հետազոտողներն ապրիլի 8-ին հրապարակել են ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության իրենց կանխատեսումը. օգոտոսի 1-ին զոհերի ընդհանուր թիվը կհասնի 618,5 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: