«20 միլիարդ դրամի պակասուրդ ունենք, եթե անգամ Հիմնադրամի շահառուների թիվը չանցնի 4500-ը». Վարուժան Ավետիքյան

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ ժամանակն է եկել, որ վայր դնի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի լիազորությունները:

«Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն»,- գրել էր Ավետիքյանը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենը նշեց, որ իր լիազորությունները վայր դնելու որոշման եկել է շատ ավելի վաղ, իսկ որոշումը պայմանավորված է պատերազմի հետևանքներով։

«Պատերազմից հետո մեր Հիմնադրամի մարտահրավերները փոխվեցին, և հարկավոր էր Հիմնադրամի ամբողջական տրանսֆորմացիա, որպեսզի այն դառնա հնարավորինս անկախ և կայուն, ինչը ենթադրում է աշխատակազմ, որը կաշխատի ոչ թե կամավորության սկզբունքով, այլ ամբողջ ներուժով, և կաշխատի ոչ թե, ասենք, 8 ժամ, այլ՝ 12։

Հենց այս տրանսֆորմացիայի արդյունքում մենք կարողացանք ձևավորել 5 հոգանոց խորհուրդ, ևս երկուսի փնտրտուքի մեջ ենք այժմ, ձևավորեցինք աշխատակազմ, ձևավորեցինք ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են Հիմնադրամի համար ծրագրային լուծումներ կատարելու։ Այս ամենի հաջորդ քայլն էլ, բնականաբար, պետք է լիներ նոր տնօրենի ընտրությունը, որն ամբողջությամբ կզբաղվի Հիմնադրամով»,- ասաց հասարակական հիմունքներով Հիմնադրամի տնօրենի լիազորությունները կատարող Ավետիքյանը։

Հարցին՝ եթե իրեն առաջարկվի ամբողջական դրույքով աշխատանք, կհամաձայնի՞ մնալ և շարունակել կատարել տնօրենի պարտականությունները, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ ես կդիմեմ։ Ես ունեմ իմ առանձին բիզնեսը՝ իրավաբանական խորհրդատվությունն է»։

Անդրադառնալով Հիմնադրամի կողմից կատարված հատուցումների քանակին՝ Ավետիքյանը նշեց, որ մինչ այս պահը հատուցում է կատարվել 1939 զոհված զինծառայողի ընտանիքի։

Ըստ նրա՝ տրվել է նաև հրապարակային խոստում, որ մինչև ապրիլի 30-ն այս թվից զատ՝ կկատարեն նաև 1122 զոհված զինծառայողի ընտանիքի հատուցում, այսինքն՝ մայիսի 1-ի դրությամբ հատուցման դեպքերի թիվը կհասնի 3200-ի, և այս 3200 դեպքի համար Հիմնադրամում առկա են ֆինանսական միջոցեր։

Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց տրվող հատուցումներին՝ Ավետիքյանը փոխանցեց, որ հատուցում տրվել է 265 զինծառայողի։

Դիտարկմանը՝ թեև պաշտոնապես չի հաստատվել, բայց շրջանառվում է զոհերի՝ 4000-ից ավելի, իսկ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների՝ 8000 թիվը, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց, որ Կառավարությունից իրենց տրված վիճակագրության համաձայն՝ ունենք 500 առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ և չորս հազարից պակաս զոհ։

Հիմնադրամի շահառու հանդիսացող անհետ կորած ճանաչվածների մասին էլ Ավետիքյանը նկատեց, որ դեռևս Հիմնադրամը որևէ դիմում չի ստացել, որով դատական կարգով ճանաչվել է անհետ կորած, սակայն Կամուրջ ծրագրի շրջանակում 1055 անհետ կորած համարվող ընտանիքի հատուցում են տվել, մինչև կարգավիճակի վերջնական ճշգրտում կկատարվի։

Ինչ վերաբերում է հիմնադրամում առկա ֆինանսական միջոցներին, ապա Ավետիքյանն ասաց, որ այս պահին ընդհանուր 4500 թվի վրա են իրենց հաշվարկները կառուցում. այս թվի մեջ մտնում են և՛ զոհվածները, և՛ անհետ կորածները, և՛ հաշմանդամություն ունեցողները։

«Իհարկե, աբողջությամբ չունենք ֆինանսական միջոցներ՝ անգամ այս թվի դեպքում հատուցումները կատարելու համար։ Եթե 4500-ից շահառուների թիվը չավելանա, ապա Հիմնադրամը կունենա 20 միլիարդ դրամի պակասուրդ»,- ասաց Ավետիքյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս