Բաժիններ՝

«Ծառերի սպանդ են արել՝ 39 ծառ հատել են»․ Բաղրամյան 3-րդ նրբանցքի բնակիչներն ահազանգում են

«Էս ծառերը բոլորը կտրել են, նայեք՝ ինչ հաստության ծառեր են կտրել, էս մեր սարքած տրենաժորները գցել ջարդել են, այ սենց էլ թողել են, տեսեք՝ ինչ են արել՝ երեխեքի խաղալու համար է, մոտ մի 40–50 հատ ծառ են կտրել, մնացածն էլ նախատեսել են մոտակա օրերս՝ էսօր-վաղը, չգիտեմ։ Էն բարդին, որ բանի պետք չի, նրան ձեռք չեն տվել, իսկ կանաչող, բողբոջները վրան ծառերը կտրել են»։

Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի բնակիչ Գարուշ Համբարձումյանն է, որը 60 տարի այս բակում է ապրում և ինչ հիշում է՝ այս այգին կա, իսկ նախօրեին աշխատանքից վերադառնալիս ականատես են եղել այգու ծառերի սպանդի։

«Հատել են, սա էդ չի։ Մենք չգիտենք՝ ով է, ինչ-որ մեկը հայտնվել է, որն իրեն ներկայացրել է սեփականատեր ու երեկվանից սենց սպանդ է արել: Ցելոֆանով փակել, կտրել էին, մերոնք եկան քանդեցին ցելոֆանը, պարանն էլ մնացել է կապած ծառի վրա, էն էլ ենք կտրել, մինչև գան, տեսնենք՝ ինչ է կատարվելու»։

Այգու մի հատվածում էլ խաչքար է կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի՝ Արջի հիշատակին, քիչ հեռու էլ նրա անունով հուշաղբյուրն է։ Թաղամասի հնաբնակը պատմեց, որ Արմենն այս բակում է ապրել, իսկ 1993 թվականին, երբ զոհվել է, հարևաններով միացել և այգում խաչքար ու հուշաղբյուր են կանգնեցրել, իսկ ահա ապրիլի 11-ին այգու սեփականատիրոջ իրավաբան ներկայացած անձը ապառնացել է, որ քանդելու են նաև խաչքարը․

«Ինչ-որ մեկն իրենց յուրիստներից հաթաթա է տալիս, որ խաչքարն էլ, պետք լինի՝ կքանդենք։ Հիմա սպասում ենք խաչքար քանդողին»։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք երեկ առավոտյան եղել են նշված հասցեում, չափագրումներ  են իրականացրել, հաշվել վնասի չափը, հետո գործն ուղարկել են ոստիկանություն՝ դրա հետագա ընթացքը պարզելու համար․

«Թվով 15  հատված ծառ կար՝ Այլանդ տեսակի, ավելին ասեմ՝ այդ տարածքում մարտի 30-ին էլ էր ահազանգ եղել, որ ծառեր են հատվել, էլի մեր կողմից գնացին, չափագրեցին, նյութերը կազմվեցին, վնասը հաշվարկվեց և ուղարկվեց ոստիկանություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար»։

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ավագ տեսուչն ասաց, որ մարտի 30-ին և կիրակի օրը հատված ծառերի ընդհանուր թիվը 39 է՝ համապատասխանաբար՝ 24 և 15։ Վնասի չափն էլ առաջին դեպքում հաշվարկվել է 1.255.000 դրամ, երկրորդ դեպքում՝ 675.000 դրամ։ Այսինքն՝ 39 ծառ կտրելու համար վնասի չափը հաշվարկվել է 1.930.000 դրամ։

Արսեն Խաչատրյանը նաև ասաց, որ խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։

«Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում, երբ որ սկսում են ծառերը կտրել, երբ աղմուկ է բարձրանում, մտնում ենք, և պարզվում է, որ տարածքն արդեն շինթույլտվություն ունի, սեփականության իրավունքի վկայական ունի, այդ դեպքում մենք այդտեղ իրավաբանորեն անզոր ենք, մենք գործառույթ չունենք անելու»։

Նա ընդգծեց, որ  սրանից շատ տարիներ առաջ, երբ Երևանի քաղաքապետարանը հողհատկացում կատարելուց առաջ, հատկապես այնտեղ, որտեղ կանաչ գոտի կար, անպայման  հարցնում էր մասնագետների կարծիքը, մասնագետների հետ փոխգործակցություն կար, շատ դեպքերում բացասական եզրակացություն են տվել, քանի որ կանաչ գոտի է եղել, ցավոք, այդ գործառույթը երկար ժամանակ չի գործում»։

Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի Արաբկիր վարչական շրջանի ստորաբաժանման ղեկավար Հովսեփ Հովսեփյանն էլ 168.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ այգուց մի հատված սեփականաշնորհվել է դեռ 2014 թվականին։

«Չեմ հիշում անուն-ազգանունը, թե ում է պատկանում, բայց հայ չի։ Այգու ընդհանուր տարածքը մոտավորապես 1500-2000 քառակուսի մետր է, որից մոտավորապես 480 քառակուսի մետրը, ըստ սեփականության վկայականի՝ պատկանում է  այդ անձին»։

Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե այգում տեղադրված խաչքարն արդյոք ներառվա՞ծ է սեփականատիրոջ ներկայացրած փաստաթղթում, ինչին նա բացասական պատասխան տվեց։

Մինչև տարբեր գերատեսչություններ փորձում են հասկանալ խնդիրը, բնակիչներն ասում են, որ մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար, թույլ չեն տալու, որ այգին իրենցից խլեն։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս