Փաշինյանական խաղաղության լոզունգները, մի կետից ուղղորդվող ակցիաները՝ նախապատրաստող հող
Վերջին շրջանում Արցախում ծառայող զինվորների ընտանիքների հավաքները պարբերական բնույթ են կրում:
Առաջին հայացքից այն օբյեկտիվորեն կապված է 2020 թվականի աշնանային պատերազմի և դրա խայտառակ արդյունքների հետ, սակայն, երբ զուգահեռ հաշվի ես առնում Հայաստանից զորակոչի դադարեցումը դեպի Արցախ, հանրության շրջանում պետական մակարդակով իրականացվող հակաղարաբաղյան քարոզչությունը, ապա այս ամենը սպառնում է վերածվելու հակաարցախյան շարժման:
Ծնողների պահանջը՝ որքան էլ այն անկեղծ լինի, Արցախում ծառայող հայաստանցիների զորացրումն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համար:
Մյուս կողմից, սա խրախուսվում և տիրաժավորվում է իշխանական տարբեր շրջանակների կողմից, ինչն արդեն ենթադրելի է դարձնում վաղուց տարբեր մակարդակներում քննարկվող այն մտահոգությունը, որ Հայաստանը՝ Ադրբեջանի շանտաժին ենթարկվելով կամ այդ հարցի շուրջ գաղտնի պայմանավորվածություն ունենալով, աստիճանաբար դուրս է բերում զորքերն Արցախից:
Իշխանությունը ստեղծված պայմաններում խորամանկության է դիմում՝ այն, ինչ պետք է անի կամ պայմանավորվել է, փորձում է անել հայաստանցի-ղարաբաղցի վտանգավոր երևույթի ուռճացման և զինվորների ծնողների տարբեր բնույթի ակցիաների միջոցով: Շատերն են նկատել, որ բողոքի ակցիաներ կազմակերպող տարբեր խմբերի առանձին ներկայացուցիչների և իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների միջև որոշակի կապ կա: Ծնողներից շատերը իրենց պահանջը ներկայացնելիս կարող են չնկատել, որ այդ հավաքները մեծ մասամբ ուղղորդվում են մի կետից:
Ու այստեղ առանձնապես կարևոր էլ չէ, թե արդյո՞ք ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ և սփռում ապահովելով՝ հող է նախապատրաստում հայկական զինուժի Արցախից դուրսբերման և արցախցիների պաշտպանությունն ապահովող միակ կառույցի վերջնական ոչնչացման համար:
Իշխանությունը խաղաղության լոզունգների տակ քանդում է բանակն ու բոլոր այն կառույցները, որոնք ապահովում են հայ ժողովրդի անվտանգությունը:
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ