«Պուտինը Փաշինյանին զրկեց իր հաշվին ընտրությունից առաջ գերիների խնդիրը շահարկելու, ռեյտինգ հավաքելու շանսից». Վլադիմիր Մարտիրոսյան

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվում գերիներ։ Վարչապետի խոսնակի ասածից հետո «Էրեբունի» օդանավակայանում ուշ երեկոյան վայրէջք կատարեց ինքնաթիռ, որտեղ, սակայն, Ադրբեջանից վերադարձվող գերիներ չկային։

Անդրադառնալով հայ գերիների վերադարձի մասին վարչապետի խոսնակի հայտնած ապատեղեկատվությանը՝ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր, որպեսզի գերիներին ուղեկցեր Հայաստան. այս հայտարարությունից րոպեներ անց՝ Անդրանիկ Քոչարյանի պնդմանը հակադարձեց Մուրադովը. լրագրողի հարցին ի պատասխան՝ նա կարճ հակադարձեց. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նկարագրված երևույթներին, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը նկատեց, որ այս պատկերը խոսում է պետական կառավարման համակարգի տոտալ տապալման մասին, որովհետև որևէ խոսնակ, առանց որևէ տառ համաձայնեցնելու, որևէ հայտարարություն և հավաստում չէր անի, հետևաբար՝ պետք է ընդունել, որ գերիների վերադարձի մասին այդ հավաստումն արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ստեղծելով նման խառնաշփոթ։

Ինչ վերաբերում է այս խառնաշփոթին գեներալ Մուրադովի տված գնահատականին, ապա Վլադիմիր Մարտիրոսյանը նկատեց.

«Նախ Անդրանիկ Քոչարյանը թող լսի, թե անձամբ իրեն ի՞նչ գնահատական է տվել Արցախում ծառայություն իրականացնող գեներալ Մուրադովը. նա հատուկ շեշտեց «պրովոկացիա» բառը։ Այդպիսի բնութագրումը խոսում է այդպիսի գործողության հստակության մասին, որովհետև եթե հստակություն չլիներ, այդպիսի որակում զինվորականի կողմից չէր լինի, հետևաբար՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ թեև երկար մեկուսացման մեջ գտնված վարչապետը գնացել է ՌԴ նախագահի հետ հանդիպման՝ իհարկե, հազիվ արտաբերելով իր հուշաթերթիկի մեջ գրվածը, գնացել էր այլ ակնկալիքով, սակայն թե ինչպիսի՞ վերաբերմունք ստացավ, մենք տեսանք երեկ և այսօր»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա փոխացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում չելենջ արեց՝ խոսելով գերիների մասին և փորձելով գերիների վերադարձման բեռը դնել Պուտինի վրա։

«Երկու օր հետո մենք տեսանք, որ գերիների խնդիրը, որը ներքին և տարածաշրջանային խաղացողների համար օգտագործվում է՝ որպես քաղաքական շահարկման առարկա, Փաշինյանն է նաև այդ նպատակով օգտագործում։ Փաշինյանն ուզում է գերիների խնդիրն օգտագործել 100 տոկոսով իր նախընտրական պլանավորման համար՝ դրան հասնելու ձևը դնելով անմիջապես Ռուսաստանի վրա։ Եթե Պուտինը դա բավարարեր, ապա Փաշինյանին այն կբերեր ռեյտինգի բարձրացում, եթե չբավարարեր, ապա դա Փաշինյանի և նրա հովանավորների մոտ կբերի ռուսական ազդեցության դերի նվազման, ուստի դա հասկանալով՝ Ռուսաստանը՝ Պուտինը, իր սեփական քաղաքական շահի տեսանկյունից, իր հաշվին գերիների խնդիրը շահարկելու հնարավորությունից Փաշինյանին զրկեց, և այստեղից էլ կարող ենք հետևություն անել, թե առաջիկա ընտրությունների ժամանակ էլ ինչերից է զրկելու։ Այն, ինչին մենք ականատես եղանք, Փաշինյանին էր ուղղված»,- ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հետ քննարկեցինք նաև ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններ անել-չանելու հարցը։

Մարտիրոսյանը նախ ընդգծեց, որ Փաշինյանն ունի մեկ գերնպատակ՝ պահել իր ռեյտինգը, ուստի, որքան նրա ռեյտինգը նվազի, այնքան Փաշինյանն իրենից հեռու է վանելու արտահերթ խորհրդարանական ընտրություն անելու հարցը։

Ըստ Մարտիրոսյանի՝ հնարավոր ընտրություններ ասվածն ընդամենը խայծ է։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում, որ իր նշած խայծը կուլ տվեցին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ համաձայնելով մասնակցել Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, Վլադիմիր Մարտիրոսյանը պատասխանեց.

«Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հավաստիացնի, որ Փաշինյանի հետ պոտենցիալ կոնսոլիդացման չի գնալու և կոալիցիոն կառավարման մաս չի կազմելու»։

Իհարկե՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումը կարելի է գտնել ընտրություններով, սակայն բացառելով Փաշինյանի մասնակցությունն այդ ընտրական գործընթացներին։

Ինչ վերաբերում է իրենց կուսակցության դիրքորոշմանը, ապա Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց ընդհանուր դիրքորոշումը ճշգրտել են՝ ընտրությունների կմասնակցեն դաշինքով, բայց դեռ հստակեցված չէ, թե որ ուժերի հետ կկազմեն այդ դաշինքը։

«Դաշինքով մասնակցությունն անհաժեշտություն է, ուստի բոլոր այն կուսակցությունները, որոնք մտածում են, որ միայնակ պետք է մտնեն այս պայքարի մեջ՝ չանցնելով 5 տոկոսի շեմը, իրենք պետք է գիտակցեն, որ դրանով օգնելու են այս իշխանություններին՝ ամրապնդելու իրենց դիրքերը։ Հետևաբար՝ իշխանություններին չաջակցելու համար այս հնարավոր մրցապայքարը պետք է դիտարկել դաշինքային տրամաբանության մեջ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս