Այս ընտրությունների պարտադրանքը կա նաև արտաքին խաղացողների կողմից. Վիգեն Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում այնպես կանցկացվեն, որ դրանք բողոքարկելու առիթ չլինի:
Որքանո՞վ է սա իրատեսական՝ հաշվի առնելով երկրում առկա ակնհայտ գերլարված իրավիճակը, և ո՞ւմ էր ուղղված այս հավաստիացումը՝ 168.am-ը խնդրեց մեկնաբանել քաղաքագետ Վիգեն Հակոբյանին:
«Կարծում եմ՝ նման հայտարարություն արվեց հենց այն պատճառով, որ Հայաստանում կա իր ասածին հակառակ իրողություն»,- ի պատասխան՝ նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ, եթե այս ընտրությունները կայանան, ապա լինելու է մեր պատմության «ամենակեղտոտ» ընտրություններից մեկը:
Նա նաև հիշեցրեց հնարավոր ընտրությունների առնչությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը, թե «ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունները», ապա հավելեց՝ նման կանխատեսումների պատճառները տեսանելի են՝ երկրում առկա խիստ բևեռացումը, իշխանությունների կողմից ուժային կառույցների ոչ լիարժեք տիրապետումը.
«Անցած երեք տարիների ընթացքում ատելության աստիճանը հասարակական տարբեր խմբերի, ժողովրդի տարբեր խավերի միջև աննախադեպ է, և կապիտուլյացիայից հետո այդ մթնոլորտն է՛լ ավելի սրվեց, է՛լ ավելի արմատական դարձավ: Ըստ էության, հանրության հակադիր թևերն իրենց արմատական տրամադրություններում կարծես նույնիսկ պատրաստ են ծայրահեղությունների առջև չկանգնելու:
Երբ իշխանությունը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, երբ նույնիսկ իրավական համակարգը, ուժային կառույցներն իրականում ամբողջովին չեն ենթարկվում իշխանություններին, կարծում եմ՝ իրավիճակը վերահսկողության տակ պահել ի վիճակի չեն լինի. առանց այն էլ Հայաստանի պատմության մեջ շատ քիչ ընտրություններ են եղել, որոնք առանց ֆորս-մաժորների են եղել:
Թվացյալ է այն պատկերացումը, որ ուժայինների գոնե մի մասն անվերապահորեն ենթարկվում է կամ նվիրված է այսօրվա իշխանություններին:
Ամեն ինչ կախված է այդ օրվա իրավիճակից, դրան նախորդած իրավիճակից. Մենք տեսնում ենք, որ ազդեցիկ արտասահմանյան ալիքին տրված նույնիսկ մեկ հարցազրույցը երկրում որոշակի փոփոխություններ է մտցնում՝ անգամ էլեկտորալ տրամադրություններում (նկատի ունեմ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը)»:
«Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ այս ընտրություններին ինքը պարտադրված է գնում՝ պարտադրված՝ երկրում տիրող իրավիճակով»,- ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից երկու ամիս անց արդեն հասկացել էր, որ չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ չի կառավարում երկիրը:
Ըստ նրա՝ ընտրությունների գնալու այս որոշմանը նաև նպաստել են ընդդիմության ակտիվ գործողությունները. «Պրակտիկան ցույց տվեց՝ երբ չկա ճնշում, Նիկոլ Փաշինյանն իր որոշումներից շատ հեշտորեն հետ է քաշվում»:
«Եվ, կարծում եմ, ամեն դեպքում այս ընտրությունների պարտադրանքը կա նաև արտաքին խաղացողների կողմից, որոնց համար առավել նախընտրելի է ոչ թե հեղափոխական ճանապարհով, այլ էլեկտորալ եղանակով Հայաստանում իշխանության հարցի լուծումը:
Ինքը, ըստ էության, այդ հայտարարությամբ իր այցից առաջ ՌԴ ղեկավարությանը հավաստիացնում է, որ փորձում է ստանձնել պատասխանատվություն, որ, ամեն դեպքում, ես գնում եմ ընտրությունների, ու այն ընդդիմադիր շրջանակները, որոնք նույնպես օտար չեն, օրինակ, նույն Ռուսաստանի համար, որոշակի գարանտիաների հույս կարող են ունենալ, որ իշխանությունը կփորձի մաքուր խաղալ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: