Իշխանությունը գաղտագողի է Սյունիքի մարզ գնում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին՝ Փաշինյանի սյունիքյան այցի ձախողումից հետո, իշխանությունը չի համարձակվում բացեիբաց մարզ այցելել՝ գաղտագողի են գնում։ Ապրիլի 1-3-ը վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն ու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը գործուղվել են մարզ, հանդիպել կուսակտիվի հետ, քննարկել նախընտրական կազմակերպչական հարցեր։
Հանդիպումները կայացել են գիշերային ժամերին, որ խնդիրներ չծագեն: Որեւէ պաշտոնյայի, համայնքապետի հետ չեն հանդիպել․ այդ փաստը հաստատել է նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Հյուրընկալվել են «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանի տանը, ով չհերքեց թիմակիցների այցը, այցի նպատակների մասին ասաց, որ նրանցից ճշտենք։ «Հետո ես եւ պարոն Հարությունյանը եղել ենք Գորիսում, մեր ակտիվիստների հետ հանդիպում ենք ունեցել՝ ոչ աշխատանքային, իրենց խնդիրների մասին ենք լսել, ընդհանուր իրավիճակի մասին, այդքան բան»։ Փաստորեն, պետբյուջեի հաշվին գործուղվում են, որ լսեն կուսակիցների խնդիրների մասին։ Համբարձումյանն ասաց՝ հանդիպումները գիշերով չեն եղել»: