«Խստիվ արգելված է և՛ Սուրբ Ծննդյան, և՛ Սուրբ Հարության տոներին գերեզման գնալ». Տեր Զարեհ քահան Աշուրյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի հետ.

– Տեր Հայր, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այս տարի Սուրբ Հարության տոնը նշում է ապրիլի 4-ին. ո՞րն է տոնի խորհուրդը:

– Սուրբ Հարության տոնը քրիստոնյաներիս համար նոր կյանքի, հարուցյալ Քրիստոսով մեր հավիտենական կյանքի խորհուրդն ունի իր մեջ, որովհետև ի սկզբանե, երբ Աստված մարդուն ստեղծեց, ստեղծեց հավիտենապես ապրելու համար, իր հետ փառակից լինելու՝ Աստծո արքայության մեջ: Սակայն մարդը մեղքի պատճառով զրկվեց իր այդ հնարավորությունից, և Քրիստոսի հարությամբ է, որ մենք կարողացանք վերականգնվել այդ կարևորագույն շնորհի մեջ, որը հավիտենական կյանքն է:

Մենք մեզանով չէինք կարող, որովհետև մեղքը մարդկային բնության համար շատ հարազատ մի բան էր դարձել և այսօր էլ այդպես է, հետևաբար, մենք մեզանով չէինք կարող փրկվել, ուստի Աստված ինքը, որպեսզի մեզ փրկի, մարդեղացավ և մեր բոլորի փոխարեն մարդկային մեղքի ամբողջ նախատինքն իր վրա վերցնելով, խաչի վրա իր մահով՝ մեզ ազատեց մահվան գերությունից և իր հարությամբ մեզ անմահության ավետիսը տվեց: Ուստի, այն, ինչ մենք այսօր մահ ենք ասում, չպետք է ընկալել այնպես, ինչպես հեթանոսներն էին ընկալում. մեզ համար մահն էլ ժամանակավոր դարձավ Քրիստոսի հարության խորհրդով այնպես, ինչպես այս կյանքն է ժամանակավոր: Մեր հավատքի հիմքում հենց հարության հավատքը պետք է լինի՝ ըստ Պողոս առաքյալի, ով ասում է՝ եթե չեք հավատում մեռելների հարությանը, ուրեմն՝ չեք հավատում, որ Քրիստոս է հարություն առել, իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, ձեր հավատն ինքնախաբեություն է: Մեզ համար հարության խորհուրդը մեր աստվածային պատկերի, նմանության մեջ վերականգնվելու բացառիկ հնարավորություն էր, որ Տերը ընձեռեց:

– Պահքից դուրս եկողները ինչպե՞ս պետք է պատրաստվեն Ճրագալույցի Պատարագի ժամանակ հաղորդվելուն:

– Մինչև Պատարագը մենք Բուն բարեկենդանին հաջորդող չորեքշաբթի օրը եկեղեցիներում կատարում ենք ապաշխարության հրավերի կարգ, և ովքեր որ պահքով պետք է պատրաստվեն այս ընթացքը, պետք է մասնակցեին, այդ կարգով անցնեին, և Ավագ հինգշաբթի օրը առավոտյան մինչև Պատարագը սկսվելը՝ արձակման կարգն է տեղի ունենում, և դրանից հետո տեղի է ունենում Պատարագ, որից հետո հաղորդություն է տրվում: Դրանից հետո Պահքից ամբողջապես պետք է դուրս գալ Ճրագալույցի պատարագով՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան: Այս օրերին մեզ շատ են հարցնում՝ ինչպե՞ս դուրս գալ պահքից, երբեմն մարդիկ հարցնում են՝ պետք է արդյոք ծոմը պահել Ավագ ուրբաթ՝ երեկոյի՞ց, թե՞ Ավագ շաբաթ առավոտից. Դա կախված է նրանից, թե ով ինչ հնարավորություն ունի՝ կախված իր առողջականից, աշխատանքից, գրաֆիկից և այլնից: Եթե քեզ քո առողջությունը թույլ է տալիս ծոմը պահել ուրբաթ երեկոյից, որովհետև ըստ եկեղեցու օրացույցի՝ օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, ապա ավելի լավ, իսկ եթե խանգարող հանգամանքներ կան, կարելի է նաև շաբաթ առավոտից ծոմապահությամբ մոտենալ Պատարագի սրբազան խորհրդին:

– Շատերը, աշխատանքի բերումով, Ավագ շաբաթվա ընթացքում չեն կարողանում ներկա լինել եկեղեցում կատարվող արարողություններին, ի՞նչ անել այդ դեպքում:

– Ցավոք, ոչ միայն Ավագ շաբաթվա ընթացքի, այլ նաև Մեռելոց օրերի հիշատակության մասին մեր պետությունը և համապատասխան մարմինները, ովքեր պետք է կարգավորեն նմանատիպ հարցերը, անտարբերության, անուշադրության են մատնում այն հանգամանքը, որ մեր հասարակության մեծամասնությունը քրիստոնյա են և Հայ Առաքելական եկեղեցու զավակներ, և պետք է նրանց համար որոշակի արտոնյալ վիճակ ստեղծեն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հոգևոր կարիքները բավարարել:

Այսօր մենք ունենք լուրջ խնդիր, որովհետև մարդիկ մեծ ցավ են ապրում, երբ հնարավորություն չեն ունենում մասնակցելու եկեղեցու՝ Ավագ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող արարողակարգերին և նաև Մեռելոց հիշատակի օրվան՝ երկուշաբթի:

Գիտենք, որ խստիվ արգելված է և՛ Սուրբ Ծննդյան, և՛ Սուրբ Հարության տոներին գերեզման գնալ: Խորհրդային տարիներին որոշակի սխալ սովորություն կար՝ կիրակի օրը գերեզման էին գնում նոր հանգուցյալ ունեցողները՝ պայմանավորված նրանով, որ խորհրդային տարիներին երկուշաբթին ոչ աշխատանքային չէր կարող լինել, իսկ հիմա, որ մենք այլևս այդ խնդիրը չունենք, գոնե պետք է մեր իշխանություններն այդ հնարավորությունն ընձեռեն հավատացյալներին: Անգամ շատ մուսուլմանական երկրներում քրիստոնյաներիս նկատմամբ Ավագ շաբաթը ոչ աշխատանքային է, և եթե կարող է մուսուլմանական պետության առաջնորդը հարգել քրիստոնյաներիս հոգևոր սկզբունքները, քրիստոնեական պետությունում, առավել ևս՝ իրենց քրիստոնյա հռչակած առաջնորդները պետք է կարողանան հարգել իրենց ընտրողների, համերկրացիների կրոնական նախասիրությունները, կրոնական մոտեցումները՝ հոգևոր կյանքին:

– Այսինքն՝ եթե հավատացյալները Ավագ շաբաթվա ընթացքում չեն կարողացել մասնակցել եկեղեցու արարողություններին, գոնե շաբաթ օրը պետք է ծոմ պահել, հաղորդվել և դուրս գալ պահքից:

– Այո, գոնե պետք է շաբաթ օրը ծոմով գան, հաղորդվեն և պահքից դուրս գան: Լինում են դեպքեր, երբ մարդիկ հիվանդ են, այս ընթացքում նաև կորոնավիրուսով են հիվանդ, ոչ կարող են եկեղեցի գնալ, ոչ էլ տանը հաղորդվել, այդ դեպքում պահքից կարող են դուրս գալ, հետո, երբ առողջանան, նոր հաղորդություն կստանան:

– Իսկ առհասարակ, ինչպե՞ս պատրաստվել Զատկի տոնին, ի՞նչ պետք է մատուցվի զատկական սեղանին:

– Ճրագալույցի պատարագից հետո, երբ քրիստոնյա ընտանիքը ճրագը վերցնում է եկեղեցուց և տանում իր տուն, տանը սեղանի շուրջ են հավաքվում ընտանիքով և միասին աղթոքով ճաշակում: Ավանդական ուտեստներն են բանջարը, որը գարնան նոր կյանքի, թարմացնող խորհուրդն է իր մեջ ներառում, բրնձով և չամիչով փլավն է լինում, որի միջի քաղցր հատիկները քրիստոնյաներին է խորհրդանշում, իսկ բրնձի հատիկները՝ հեթանոս աշխարհը, և այնպես, ինչպես չամիչի մի քանի հատիկը կարող է ամբողջ բրնձով փլավի համը փոխել, այդպես էլ մի քանի քրիստոնյան կարող են մի ամբողջ հասարակության մեջ տրամադրություն ստեղծել: Նաև՝ կարմիր ներկված հավկիթը և ձուկը, որը քրիստոնյաներիս համար կարևոր նշանակություն ունի: Ձուն ունի տիեզերքի, արարչության խորհուրդը, կարմիր գույնն էլ Քրիստոսի հեղած արյունն է խորհրդանշում:

Այս առումով էլ որոշակի թյուրընկալումներ կան. Մարդիկ, որոնք նոր ննջեցյալներ են ունենում, ասում են՝ ձուն պետք է չներկվի, իսկ մենք բոլորին հորդորում ենք, որպեսզի ձուն ներկվի, քանի որ, եթե ձուն չենք ներկում, իր իմաստը այն կորցնում է: Այդ արյունը նաև իր ննջեցյալի հոգու փրկության համար է, որ Քրիստոս հեղել է, և անկախ ամեն ինչից, մեզ համար դա ուրախանալու առիթ է: Ճիշտ է՝ մեր մարմինը տխրում է, ինչպես Խավարման կարգի կտակում էինք կարդում, բայց մեր հոգին ուրախանում է, որովհետև մեր փրկությունն է դրանով պայմանավորված:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս