«Առկա են բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի Հայաստանը հարաբերությունները զարգացնի արաբական առանձին երկրների հետ մի շարք ձևաչափերում համագործակցելու առումով». Արաբագետ
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի և Կիպրոսի միջև համատեղ դաշինքի և այդ դաշինքում ներառված երկրների հետ առանձին հարաբերությունների համատեքստում վերջին շրջանում Հայաստանի կողմից նկատվում է ջանքերի, նախաձեռնողականության ակտիվացում։
«Մինչև Արցախի պատերազմը՝ սեպտեմբերին, տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարարի այցը Եգիպտոս, իսկ պատերազմի ընթացքում՝ Հունաստանի արտգործնախարարի այցը Հայաստան, պատերազմից հետո էլ՝ ՀՀ-ի կողմից ակտիվ քայլերն Արաբական Միացյալ Էմիությունների, Իրաքի հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այսինքն՝ նկատվում է ընդհանուր ակտիվացում տարբեր տարածաշրջանների այն երկրների հետ, որոնց հետ հնարավոր է ընդհանուր շահերի համադրում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի հարաբերություններին և այս հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարներին արաբական տարբեր երկրների հետ։
Ինչ վերաբերում է Հունաստանի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի և Կիպրոսի միջև ստեղծված դաշինքում Հայաստանի ներգրավվածությանը, Արմեն Պետրոսյանը նկատեց՝ դաշինքը հիմնականում ունի հակաթուրքական ուղղվածություն, այդուհանդերձ, դրա նեղ բնույթը հիմնված է Թուրքիայի հետ ծովային սահմանների հետ ունեցած խնդիրներին։ Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի ազգային բանակին աջակցող Միացյալ Էմիությունները վերջին շրջանում Թուրքիայի հետ ունեցել են լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված Արևելյան Միջերկրականում ծովային սահմաններով։
«Եթե այստեղ համատեքստում դիտարկենք Հայաստանի մասնակցությունը նման ձևաչափի, բովանդակային առումով այդքան էլ համահունչ չէ, քանի որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև եղած խնդիրները բովանդակային առումով այլ համատեքստում են։ Իսկ եթե առանձին երկրների հետ Հայաստանի հարաբերությունները դիտարկենք, ապա այդ երկրներից յուրաքանչյուրի հետ, նաև անվտանգային առումով, անշուշտ, կա հնարավորություն զարգացնելու հարաբերություններ։ Հայաստանի շահերի և ընդհանուր հետաքրքրությունների համադրման միջոցով հնարավոր է տարբեր տարածաշրջաններում համախոհ երկրների հետ հարաբերություններ զարգացնել»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի նկատմամբ արաբական աշխարհի ընկալումներին, Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս պահին դժվար է գնահատականներ տալ, քանի որ պատերազմին հաջորդած ժամանակաշրջանը բավականաչափ կարճ է։
«Չպետք է մոռանալ, որ պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես արաբական աշխարհը, այնպես էլ ամբողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսային համավարակի տարածման դեմ պայքարելու հիմնախնդրով, որն էլ իր ուղիղ ազդեցությունն ունի տնտեսական խնդիրների վրա։ Հետևաբար՝ այսօր էլ այդ խնդիրներն առկա են, և մեծ հաշվով իրավիճակային իրական փոփոխություններ չկան։
Արաբական երկրների հետ աշխատանքը բովանդակային առումով տարբերվում է այլ երկրների հետ հարաբերություններից և դրանց կառուցման ձևից, այսինքն՝ այդ հարաբերություններում մեծ դեր ու նշանակություն ունի հարաբերությունների միջանձնային բնույթը։ Այսինքն՝ եթե փորձ արվի օգտագործել Հայաստանի՝ ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ՝ սփյուռքի ներկայացուցիչների հնարավորությունները, մեծ է հավանականությունն առանձին ծրագրեր իրականացնելու»,- շեշտեց արաբագետը։
Արմեն Պետրոսյանը նաև ընդգծեց, որ նպատակային և հետևողական աշխատանքների պարագայում միանշանակ կան հնարավորություններ բոլոր հնարավոր հարթություններում արաբական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու առումով։ Մասնավորապես, այն դեպքում, երբ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններն ունեն ընդհանուր անվտանգային, տնտեսական, քաղաքական բավականաչափ ընդհանրություններ։
«Անվտանգության առումով արդեն նշեցի, որ Թուրքիայից եկող վտանգներն են՝ ուղղված մի շարք արաբական երկրների։ Անգամ Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ևս կարևոր ցուցիչ է, որովհետև այդ երկիրը շուրջ մեկ տասնամյակ բախվում է Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։ Առկա են բազմաթիվ հնարավորություններ շահերի համադրման սկզբունքով Հայաստանը հարաբերությունների զարգացման՝ ինչպես արաբական առանձին երկրների հետ, այնպես էլ՝ մի շարք ձևաչափերում համագործակցելու առումով»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։