«Վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելն իրավական անախրոնիզմ է». Արա Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի նախագծի մասին

Նախորդ շաբաթվա վերջին  հրապարակվեց  Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կոշտ հայտարարությունն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և երկու ընթերցմամբ ընդունված  վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը եռակի  բարձրացնելու  օրինագծի վերաբերյալ, այն բնորոշելով՝ որպես  մամուլի ու արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ ճնշման սպառնալիք: Հիմա ԱԺ նույն փոխնախագահը մեկ այլ նախաձեռնությամբ է հանդես եկել, Ալեն Սիմոնյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ համացանցում կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու, ինչպես նաև կեղծանուն աղբյուրով, կամ հանրությանն առավել հայտնի՝ ֆեյք էջով, կեղծ տեղեկություններ հրապարակելու համար:

ԱԺ փոխխոսնակն իր առաջարկն այսպես է հիմնավորել՝ «ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելու  բարձր հանրային վտանգավորություն ներկայացնելը և նշել, թե անձի պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականության միջոցով է»:

Իրավաբան, ոլորտի իրավական կարգավորումներին ու միջազգային փորձին քաջատեղյակ Արա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե հիմնավորումները չի կարդացել, դրա կարդալու կարիքը չկա, քանի որ միայն պաշտոնատար անձանց նկատմամբ զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելը հակասում է եվրոպական հասարակական կարգին:

«Դա հակադրվում է ամբողջ եվրոպական հասարակական կարգին: Պատկերացնո՞ւմ եք այդ խախտման մասշտաբայնությունը: Ոչ թե ինչ-որ սկզբունքի է հակասում, այլ ընդհանուր եվրոպական արդեն հաստատված հասարակական կարգին է հակասում, որ պաշտոնատար անձանց վիրավորանքը քրեականացվի, իսկ մյուսներինը՝ ոչ: Այսինքն՝ այդ տարբերակված մոտեցումը, արդեն մոտ 20 տարի է, Եվրոպայում դարձել է համընդհանուր ճանաչման սկզբունք, այսինքն՝ եվրոպական հասարակական կարգ: Դա կյանքի չի կոչվելու: Եթե ընդունեցինք, միանգամից Եվրոպան քննադատելու է Հայաստանին»,- ասաց Արա Ղազարյանը:

Անդրադառնալով նախագծում հիշատակված կեղծանուն կամ անոնիմ աղբյուրներին ու հիշյալ նախագծով դրանց դեմ պայքարի հնարավորությանը՝ Ղազարյանը տեղեկացրեց, որ շուտով հրապարակվելու է Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) որոշումն այդ հարցի վերաբերյալ, այդուհանդերձ, համառոտ ներկայացրեց իրենց դիրքորոշումը:

«Մենք դեմ ենք, որ օրենքում արգելք սահմանվի, որովհետև երբեմն կեղծանունից օգտվելը կամ անոնիմ աղբյուրից օգտվելը շատ օգտակար է, հանրային նշանակության ինֆորմացիա է տարածվում: Եվ դեռ 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարը դարձյալ զեկույց է հրապարակում, որում ինքը նշում է, որ այդ հնարավորությունը պետք է լրագրողներին, ցուցարարներին և իրավապաշտպաններին թողնել, որովհետև անոնիմ աղբյուրը շատ կարևոր է հանրային նշանակության ինֆորմացիա տարածելու համար: Ուստի սխալ է օրենքով արգելք սահմանելը,  պետք է արգելքը հանել, սկզբունքներ սահմանելով կոնկրետ  գործերով վեճը լուծելու: Այսինքն՝ անանուն աղբյուրից օգտվելը որպես արգելք օրենքով սահմանելը իրավաչափ չէ, կամ այլ կերպ ասեմ՝ անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում»,- նշեց իրավաբանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլորս էլ գիտենք, որ կեղծ աղբյուրը կարող է տարածել նաև վիրավորանք կամ կեղծ տեղեկություն, բայց կեղծանուն աղբյուրով հաճախ տարածվում է  նաև հանրային նշանակության ինֆորմացիա:

«Օրինակ, «Շուշին մերը չէ: Շուշին գրավել են». դա անանուն աղբյուրից ստացված ինֆորմացիա էր, որն արժեքավոր ինֆորմացիա էր: Բայց ընդունում ենք, այո, անանուն աղբյուրից կարող է գնալ նաև անօրինական խոսք, վիրավորանք, զրպարտություն, ատելության խոսք: Բայց դա չի նշանակում, որ պետք է մի իրավունքը զոհել մեկ այլ իրավունքը պաշտպանելու համար: Որ մենք արգելք ենք սահմանում, մենք հնարավորություն չենք տալիս, որպեսզի այդ աղբյուրներից ստացված խոսքը փորձեն իրավակիրառողները, այսինքն՝ դատավորները, փոխհավասարաչափել մյուս իրավունքների հետ: Ուրեմն արգելք սահմանելը համաչափ լուծում չէ խնդրին»,- նշեց մասնագետը:

Միջազգային իարվունքի մասնագետը նաև հայտնեց կեղծանուն աղբյուրների վերաբերյալ ՄԻԵԴ դիրքորոշումը, ըստ որի՝ Եվրոպական դատարանը կողմ է, որ չարգելվի այդ աղբյուրներից ստացված ինֆորմացիան:

«Ճիշտ է՝ անոնիմ լինելը իրավունք չի ճանաչվել դեռ, դժվար ճանաչվի, բայց ճանաչվում է  արտահայտվելու և գաղափարներ, տեղեկություններ տարածելու իրավունքի բաղկացուցիչ մաս»,- ասաց Ղազարյանը:

Հարցին, թե իրավաբանը վստահությո՞ւն ունի, որ սա կյանքի չի կոչվելու, արձագանքեց.

«Եթե դրանք կյանքի էլ կոչվեն, շատ կարճ կյանք կունենան դրանք: Կա՛մ հակասահմանադրական կճանաչվեն, կա՛մ Եվրոպական դատարանը կճանաչի հակակոնվենցիոն, կա՛մ էլ քաղաքական պատուհանով ԵԽ-ն որոշում կկայացնի, որ պետք է այդ նորմերից ձերբազատվել՝ հատկապես վիրավորանքի ու զրպարտության քրեականացման մասով: Երկրորդը դեռ վիճելի է, բայց առաջինն արդեն հաստատված հասարակական կարգ է:

Չգրված օրենք է, որ Եվրոպական երկրներում պաշտոնական անձանց դեֆամացիայի վերաբերյալ քրեական նորմեր չպետք է լինեն: Վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելն իրավական անախրոնիզմ է: Այսինքն՝ երբ մենք խառնում ենք ժամանակաշրջանները, մենք հետ ենք գնում: Մենք ուզում ենք անել մի բան, որից եվրոպական երկրները ոչ թե հրաժարվում են, այլ արդեն հրաժարվել են: Իսկապես անախրոնիզմ է դա»:

Տեսանյութեր

Լրահոս