«Չի կարելի այս պրոցեսը ներկայացնել՝ գելեր և գելխեղդներ, մենք գազանանոցում չենք». Արմեն Եղիազարյան
«Սկսվել է իրենց քարոզարշավը, բայց դա չի օգնելու իրենց: Ես կարծում եմ նաև, որ իրենց քարոզարշավներից հետո իրենք հանգեցին նրան, որ պետք է ռեյտինգայինը վերացնեն և գնան փակ ցուցակներով, քանի որ հասկացան, որ այլևս չունեն այն ռեյտինգը, այլևս վստահություն չկա համայնքներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին:
Նրա խոսքով՝ եթե իշխանությունները վստահ լինեին, որ բարձր ռեյտինգ ունեն, չէին փորձի հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից. «Փաստացի ստացվում է, որ մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ իրականում պետք է պառլամենտն ընտրվեր, այսինքն՝ պատգամավորներ, որոնք պետք է ընտրեին վարչապետ, բայց այս պարագայում ստացվում է, որ համար 1-ը կազմակերպում է ընտրություններ, և եթե հաղթում է, նշանակում է՝ պառլամենտ, պառլամենտն էլ աշխատում է իր համար: Այս փակ ցուցակներով ընտրակարգը մեծ խնդիր է առաջացնելու՝ նաև տարածքային համաչափ զարգացման հետ կապված, չի բացառվում, որ պառլամենտում հավաքվեն հիմնականում երևանաբնակ քաղաքական գործիչներ, և մարզերից ռեյտինգային կարգով ընտրվող պատգամավորները չկարողանան հայտնվել խորհրդարանում»:
Պատգամավորն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքում գործող իշխանությունները որոշակի ձայներ կհավաքեն, կլինեն ԱԺ-ում, բայց ըստ նրա՝ դա չի նշանակում, թե նրանք կլինեն մեծամասնություն և կառավարություն կձևավորեն:
«Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում սպասվում է ճգնաժամի խորացում, դրանից բխող այլ հետևանքներ»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենց խնդիրն է՝ առաջիկա ընտրություններին գնալ և մերժել գելերին, և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին, Արմեն Եղիազարյանն ասաց.
«Նախ՝ չի կարելի այս պրոցեսը ներկայացնել՝ գելեր և գելխեղդներ, մենք գազանանոցում չենք: Ժողովուրդը հոգնել է նախկիններից, ինչի դեմ պայքարում է հենց Փաշինյանը՝ նախկիններին դիվային տարրեր սարքելով և պայքարելով դրա դեմ, և ժողովուրդը հոգնել է նաև նորերից: Բավականին մեծ հատված կա քաղաքացիների, որոնք և՛ հինը չեն ուզում, և՛ նորը չեն ուզում. Մենք այս պարագայում չենք կենտրոնանում թե՛ հների, թե՛ Փաշինյանի քարոզարշավի վրա, մենք կենտրոնանում ենք այդ միջին հատվածի վրա, քանի որ մենք ոչ հինն ենք, ոչ նորն ենք, մենք այն այլընտրանքն ենք, որը կարող է երկիրը դուրս բերել այն ճգնաժամային իրավիճակից, կոնսոլիդացնել բոլորին մեր շուրջ, և մենք այս ընտրություններին գնում ենք հաղթելու նպատակով»:
Հարցին՝ ԼՀԿ-ն իր մեղքի բաժինը չի՞ տեսնում երկրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ եղել են Փաշինյանի հետ մի դաշինքում, աջակցել են Փաշինյանին, բոլորի հիշողություններում վառ է 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածը, երբ Էդմոն Մարուքյանը սատարում էր Փաշինյանին, և այլն, նա այսպես պատասխանեց.
«Ոչ, մեղքի բաժին ասելով՝ այդ ժամանակ մենք պայքարում էինք ռեժիմի դեմ, և հստակ կարող եմ ասել, որ նախկին ռեժիմը նույնպես ունեցել է թերություններ, այնպես չի եղել, որ նրանք սուրբ են եղել, և իդեալական երկիր ենք ունեցել: Այս պարագայում մենք ուղղակի կոնսոլիդացված ենք եղել՝ այդ արժեքները փոխելու»:
Հետաքրքրվեցինք՝ փոխվեցի՞ն այդ արժեքները:
«Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես այլ քաղաքականություն սկսեց վարել, և նույնիսկ երբ տարբեր հարցերում փորձել ենք խորհուրդ տալ, միասին ինչ-որ խնդիրներ լուծել, իրենք չեն ընդունել, և մենք հասկացել ենք, որ այդ մարդը ինքնուրույն որոշումներ է կայացնում՝ միայն իրենց թիմով, և ամբողջ պատասխանատվությունը կրում է ինքը՝ իր քաղաքական թիմի հետ միասին»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ երկրի անվտանգությունը փլուզվեց, և այդ ընթացքում ոչ ոքի հետ քննարկում չեղավ:
Նկատեցինք՝ ԼՀԿ-ն Արցախի հարցի վերաբերյալ սուրճի սեղանի շուրջ քննարկում ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո Էդմոն Մարուքյանն ասել է, թե որևէ խնդիր չի տեսնում, ավելին՝ հենց այդ օրն էլ հայտարարեց, որ հաջորդ իշխանությունը լինելու է ԼՀԿ-ն, ինչն էլ տարբեր ենթադրությունների առիթ դարձավ:
«Իհարկե, բայց մենք գիտենք, որ շատ դեպքերում մեզ սխալ տեղեկատվություն է ներկայացվել, և մենք հիմնվել ենք նրա վրա, որ մեզ տրվում է իրական տեղեկատվություն, սկսած՝ անվտանգության մարմինների հետ հանդիպումից, երբ մեզ նույնպես «ՍՈՒ»-երի մասով Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ սխալ տեղեկատվություն տրվեց, այսինքն՝ շատ է եղել, ուղղակի չենք պատկերացրել, որ մարդիկ կարող են մեզ թյուր տեղեկատվություն տրամադրել»,- արձագանքեց նա:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ ԼՀԿ-ին է՞լ են խաբել, նա պատասխանեց. «Իհարկե»:
Դիտարկմանը՝ ԼՀԿ-ն նրանց հետ ճանապարհ է անցել, չի՞ ճանաչել Փաշինյանին, նրա թիմի անդամներին, նա արձագանքեց. «Ճանաչել ենք, բայց կյանքը շարունակվում է, և ընթացքում անընդհատ փոփոխություններ են լինում, և մենք նորովի ճանաչեցինք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում