«ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը». Արա Այվազյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ Արցախի պատերազմից և նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով շրջան։ Հետևաբար՝ այդ ամենն ավելի հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունությամբ, անվտանգությամբ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։
«Միաժամանակ այդ զարգացումներն ի ցույց դրեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների ու տարրերի հիման վրա»,- ասաց Արա Այվազյանը։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում էր Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
Ըստ նախարարի՝ Արցախի պատերազմից հետո Արտգործնախարարությունը ձեռնամուխ եղավ ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացվեցին դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում։
«Այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց բնակավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանություն»,- հավելեց ՀՀ արտգործնախարարը։
Նա նաև շեշտեց, որ հայկական կողմի առաջնահերթություններից ու անհապաղ լուծում պահանջող հարցերի շարքում է Ադրբեջանի կողմից պատանդառված հայ գերիների անհապաղ ու անվտանգ հայրենադարձը։
«ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։ Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ։ Այս առումով կարևոր ձեռքբերում կարելի է համարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից՝ Հայաստանի հեղինակած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի կոնսենսուսային ընդունումը»,- ընդգծեց Արա Այվազյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում