Բաժիններ՝

Ուսուցման կորուստները հաշվելու ժամանակն է

Աշխարհն արդեն մտածում է համավարակով պայմանավորված ուսուցման կորուստները վերականգնելու մասին։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանը ևս սկսի մտածել այս հարցի մասին։ Տևական ժամանակ  Հայաստանի դպրոցներն աշխատեցին հեռավար կարգով։ Դեկտեմբերից սկսած մեծ թվով աշակերտներ 5 օրվա փոխարեն՝ դպրոց են գնում շաբաթական 3 օր։ Որոշ դպրոցներ և դասարաններ համավարակի բռնկումով պայմանավորված՝  2-3 շաբաթով անցնում են հեռավար կրթության։ Հիմա էլ Հայաստանում համաճարակի ցուցանիշները շատ բարձր են, և չի բացառվում, որ Առողջապահության նախարարությունը սահմանափակումներ մտցնի առկա ուսուցման համար։

Մի բան պարզ է։ Հայաստանի դպրոցականները, հատկապես՝ կրտսեր դպրոցում սովորողները, ուսուցման հսկայական կորուստներ են ունեցել։ Դպրոցական մեր ծրագիրը ծանրաբեռնված է նույնիսկ 5-օրյա ուսուցման պարագայում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում, երբ երեխաները 3 օր են գնում։ Այստեղ դրականն այն է, որ ուսուցիչներն աշխատում են աշակերտների ավելի փոքր խմբի հետ։ Բայց եռօրյա ուսումնական գործընթացի դեպքում աշակերտներից պահանջվում է ինքնուրույն սովորելու բարձր մշակույթ, որը նրանց մեծ մասը չունի։ Բացի այդ, կիսված դասարանների դեպքում ուսուցիչները հոգնում են նույն թեմայով 4-6 դաս անել մեկ շաբաթվա մեջ։ Համենայնդեպս, նախարարությունը պետք է սկսի ուսումնասիրություններ անցկացնել առկա իրավիճակն ավելի ճշգրիտ չափելու ուղղությամբ։

Գնահատման և թեստավորման կենտրոնը պետք է փորձի ուսումնասիրել իրավիճակը՝  ուսուցման առկա կորուստները ֆիքսելու նպատակով։ Անհրաժեշտ է հասկանալ՝ կրթության որ աստիճանը, որ առարկայի ուսուցումն ինչ չափով են տուժել։ Եթե մենք ուսուցման կորուստները չչափենք և համապատասխան միջամտություններ չանենք, ապա մեր կրթական համակարգն էլ ավելի հետ է շպրտվելու։ Մեզ պետք է հասկանալ՝ աշակերտների որ մասն է տուժել այս ճգնաժամից, ինչ չափով։ Սա նախարարության թիվ 1 խնդիրը պիտի լինի այսօր։ Եթե մենք չչափենք կորուստները, ապա հնարավոր է, որ մի ամբողջ սերնդի կրթություն դնենք մեծ հարվածի տակ։ Դեռ պիտի նկատի ունենանք, որ Հայաստանում չկա որոշակի պատկերացում, թե երբ համակարգը կանցնի լիարժեք աշխատակարգի։ Որոշ երկրներ արդեն պատվաստել են ուսուցիչներին և վերականգնել են լիարժեք ուսուցումը։ Մեր պարագայում դեռ պարզ չէ, թե երբ կվերականգնվի լիարժեք ուսումնական շաբաթը։

Կորուստների չափն արձանագրելուց հետո շատ կարևոր է, որ նախարարությունը քննարկումներ սկսի այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է վերականգնվեն ուսուցման կորուստները։ Ակնհայտ է, որ պետք է առաջարկվեն միջամտության տարբեր մոդելներ։ Նախ՝ մենք պետք է շատ ուժեղացնենք հեռավար և խառը ուսուցում կազմակերպելու մեր կարողությունները։ Չի բացառվում, որ առաջիկայում նորից լինի հեռավար ուսուցման անցնելու անհրաժեշտություն։ Եվ մենք պետք է շատ ավելի լավ որակով այն իրականացնենք։ Այս ընթացքում պետք է լրջորեն ուսումնասիրել դպրոցից դուրս մնացած երեխաների հարցը։ Հնարավոր է, որ նման երեխաների թիվն այս ընթացքում ավելացել է։  Շաբաթական 3 օր դպրոց գնալը  որոշ բարձր տարիքի դպրոցականների կարող է մղել աշխատելու։

Ամառային ճամբարները, երկարօրյա պարապմունքները կարող են օգտակար լինել աշակերտների որոշ խմբի համար։ Դրանք այն երեխաներն են, որոնք որոշակի բացթողումներ ունեն, և կարելի է նման միջամտություններով իրավիճակը շտկել։ Բայց կարծում եմ, որ մենք պետք է մտածենք միջամտության ավելի խորքային ձևերի մասին։ Օրինակ՝ ուսումնական ծրագրերի վերանայում և բեռնաթափում առաջիկա 2-3 տարվա համար։ Կորսվածը վերականգնելու համար մեզ պետք է ուսումնական ծրագրերից հանել ոչ կարևոր թեմաները և դրանց փոխարեն ավելացնել նախորդ տարիների կարևոր թեմաների ամրապնդումը։ Բացատրեմ օրինակով։

Ենթադրենք՝ աշակերտները «Քիմիա» առարկայի 7-8-րդ դասարանների ծրագիրն ուսումնասիրել են COVID-ի պայմաններում և ունեցել են ուսուցման լուրջ կորուստներ, քանի որ դասերի մի մասը հեռավար են արել, մյուս մասը՝ 3-օրյա ուսումնական շաբաթի պայմաններում։  Մենք պետք է այս աշակերտների համար «Քիմիա» առարկայի 9-11-րդ դասարանների ծրագրից հանենք այն թեմաները, որոնք կարևոր չեն, և դրա փոխարեն ավելացնենք 7-8-րդ դասարանի այն թեմաները, որոնք կարևոր են, և հնարավոր է՝ աշակերտները դրանք լավ չեն յուրացրել։ Իմ կարծիքով՝ սա կլինի լավագույն լուծումն ուսուցման կորուստները հնարավորինս վերականգնելու հարցում։

COVID-ը շատ մեծ հարված էր կրթական համակարգին, որն առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակում էր։ Հիմա պետք է փորձենք գույքագրել մեր կորուստները և մտածել նաև նոր հնարավորությունների մասին։ Օրինակ՝ հնարավոր է, որ կարողանանք հաղթահարել մասնագիտական էգոիզմը և ծրագրերի, դասագրքերի հեղինակներին համոզենք բեռնաթափել իրենց առարկաների բովանդակությունը՝ դրանցում թողնելով ամենակարևոր բաները։

Մյուս հնարավորությունն այն կլինի, որ օգտագործենք տարբեր թվային գործիքներ՝ ուսուցումն ավելի հետաքրքիր ու խաղային դարձնելու համար։ Բայց ամենակարևոր բանը, որի մասին պետք է մտածենք այս իրավիճակում, աշակերտների ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացումն է։ Առանց ինքնուրույն սովորելու հմտությունների՝ մենք չենք կարող առաջ գնալ։ Սա մի բան է, որն անհրաժեշտ է ոչ միայն համավարակային, այլև բոլոր իրավիճակներում։ Կան ինքնուրույն սովորելու բազմաթիվ հմտություններ, որոնց երեխաները ոչ մի տեղ չեն ծանոթանում։ Կարդալ-պատմել, անգիր սովորել, խնդիր լուծել, copy-paste անել։ Ահա այն աղքատիկ հմտությունների ցանկը, որոնք ձեռք են բերում մեր երեխաները սովորելու ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս