Բաժիններ՝

Մի գիշերվա մեջ բոլոր տեղերից չի կարող ձուն վերանալ. կարծում եմ՝ կազմակերպված է, ու գինն արհեստական է բարձրանում. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ

Հավկիթի գինը, որը բարձրացել է վերջին օրերին, շարունակում է տատանվել 75-85 դրամի սահմաններում:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի կարծիքով, ձվի գնի արհեստական բարձրացման հիմնական մեղավորներն առաքիչներն են, որոնք փոքր խմբերով մտնում են սուպերմարկետներ կամ խոշոր առևտրի կենտրոններ, մեծ քանակությամբ ձու գնում, այնուհետև գնվածն իրացնում փոքր խանութներում։

«Ես Տնտեսական մրցակցության հանձնաժողովին ասել եմ, որ ամեն օրվա բացթողնման հաշիվ-ապրանքագրերը ձեզ մոտ են, նայեք, եթե 58-63 դրամի սահմաններում ձուն բաց է թողնվում, խանութում ո՞նց է դառնում այդքան: Շուկա կա, պետք է վերահսկեն, մենք չենք կարող դա անել, հազիվ արտադրում ենք: Մենք ամենակարևոր բանն ենք արել՝ առաքիչներին քչացրել ենք, ու ձուն ուղղակի ցանցեր ենք ուղարկում: Նրանք, ովքեր փոքր խանութներին են մատակարարել և հիմա հնարավորություն չունեն դա անել, 4-5 հոգով մտնում, մեծ քանակությամբ գնում են, տանում փոքր խանութներին են տալիս, ու այդպես գինը բարձրանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ պնդելով, որ այս թանկացումն արհեստական է սարքվել, որ գին բարձրացնեն:

«Ես ամեն օր շուկաները նայում եմ. մի գիշերվա մեջ բոլոր տեղերից չի կարող ձուն վերանալ: Կարծում եմ, որ կազմակերպված է, ու գինն արհեստական է բարձրանում: Առնում, տանում են տանը պահում ու հետո թանկ վաճառում են:

Օրը 800.000 ձու ենք արտադրում: Անցած տարի որ 15 դրամով ձու էինք ծախում, մեկը չասաց, թե այս ի՞նչ է կատարվում: Մարտից մինչև նոյեմբեր ոչ մի ճուտ չենք ներկրել, որ սերնդափոխություն անենք: Նոյեմբերի 20-ին, երբ ճանապարհը բացվեց՝ առաջինը մենք ենք ինքնաթիռներով ճուտ ներկրել՝ Գերմանիայից, Նիդեռլանդներից: 4-5 օրվա ընթացքում արդեն ամեն օր 150.000-ով ավելի ձու է դուրս գալու շուկա: Կկարգավորվի, կանցնի»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:

Հավելենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք: Հանդիպման մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առևտրային ցանցերում իրականացվել և շարունակում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, և ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս