Մինչև հիմա տեսե՞լ եք, որ ինչ-որ մեկը մեր անվտանգության մասին մտածի. Վահագն Սահակյանը՝ տաքսու վարորդների՝ առանց հանգստի աշխատելու մասին
ՀՀ կառավարությունը, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի, հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ:
Նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ:
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ թվային տախոգրաֆը միջազգային փոխադրողների համար է, Եվրոպայում վաղուց կիրառվում է, Ռուսաստանում՝ ևս:
«Իսկ Հայաստանը մինչ օրս չի կիրառել որոշ մարդկանց ամբիցիաների պատճառով, որովհետև տախոգրաֆներից որոշել էին միլիոններ աշխատել՝ կոպեկներով բերել ու շատ թանկ գնով վաճառել մարդկանց: Այսինքն, եթե այս երկրում օրենք են մտածում, անպայման նպատակը դրանից մեկ կամ երկու հոգու կողմից մեծ փողեր վաստակելն է: Ժամանակին այդպես ստեղծեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ պաշտոնյաներից մեկի ընկերուհու համար, հետո դա դարձավ լուրջ բիզնես՝ «Գազպրոմի», ՀԷՑ-ի անօրինականությունները լեգիտիմացնող հիմնարկ, ու նրանց փողով էլ ապրում է: Նույնը տախոգրաֆների դեպքում կլինի: Դա նորմալ բան է, աշխարհում անվտանգությունից ելնելով են կիրառում, իսկ Հայաստանը չգնաց դրան, որովհետև այդ պահին չէին կարողացել սարքերը բերել ու ծախել: Տարիներ առաջ տախոգրաֆ արտադրելու փորձ արեցի, շատ լավ նախագիծ ստացվեց, բավականին մեծ գումարներ ծախսեցի, հետո մոռացան այդ նախագծի մասին, քանի որ պաշտոնյաներից մեկն էր ուզում դրսից բերել ու վաճառել: Հիմա էլ ուրիշ տեղից կբերեն, բայց եթե ժամանակ տան, մենք և գուցե ուրիշները կպատրաստեն այդ սարքերից»,- ասաց Վահագն Սահակյանը:
Նրա փոխանցմամբ՝ թվային տախոգրաֆ արտադրելն ավելի շատ ծախսատար է, ոչ թե ժամանակատար: Միայն 5-6 ծրագրավողի աշխատավարձն ահագին գումար է կազմում: Սակայն, անշուշտ, մեզ ձեռնտու է տեղականը:
Խոսելով տաքսու վարորդների մասին, որոնց մեծ մասը, կարելի է ասել՝ 24 ժամ է աշխատում, Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը նկատեց.
«Ես այդ հարցը լուծել էի, ունեինք տաքսիների նոր տիպի հաշվիչներ, որոնք հետևում էին ամեն վարորդի աշխատած և հանգստացած ժամերին, անցած ամբողջ ճանապարհին, և հնարավոր էր անգամ իդենտիֆիկացնել, թե որ վարորդն է վարել: Դա ընկերություններին էր վերաբերում, իսկ մասնավորի դեպքում էլ կրկին երևալու էր, որ այս մարդն այսքան աշխատել ու այսքան էլ հանգստացել է: Հիմա տաքսի չկա, այդ օնլայն համակարգն է, ինչքան որ մտքներով անցնի, այնքան էլ աշխատում են: Մինչև հիմա տեսե՞լ եք, որ ինչ-որ մեկը մեր անվտանգության մասին մտածի: Պատկան մարմիններում անվտանգության մասին եմ խոսում, իրենք այդ մասը չեն էլ լսում, որովհետև իրենց համար զավեշտ է. մարդը փող է աշխատում, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»:
Խոսելով տաքսու հաշվիչների մասին՝ Վահագն Սահակյանն ասաց, որ ժամանակին 6 երկրից էին ներմուծում:
«6 տարբեր սարքեր էին ներմուծում տարբեր երկրներից, որոնցից մեկը՝ դե յուրե, իսկ երկուսը դե ֆակտո թուրքական արտադրանք էր: Բուլղարականն էլ որ ներկրում էին Հայաստան, դրա տերը թուրք էր: Ստացվում էր, որ այդ փողերն էլ էինք թուրքին տալիս: Ես տաքսի ընկերություն բացեցի ու ինժեներ լինելով՝ հասկացա, որ ապուշություն են ներկրում Հայաստան ու մեծ փողեր են առնում, սկսեցի շատ արագ արտադրել հաշվիչներ: Տեսան, այդտեղ չկարողացան իրենց «ես»-ն առաջ տանել՝ սկսեցին տաքսին փչացնել: Օրենքը օրենքի հետևից փոխելով՝ 10 տարվա սահմանափակումները հանեցին, դեղին համարները հանեցին, բուժզննումը՝ ևս, իսկ վերջում էլ լիցենզավորման օրենքը ծալեցին, դրեցին մի կողմ: Ու այսօր օրենքը կա, բայց չի աշխատում, ոչ մեկը լիցենզիա չունի: Մինչև 2012 թիվը 18.000 լիցենզիա էր բաժանվել: Միակ ոլորտն էր, որ մոնոպոլիա չկար»,- եզրափակեց Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը: