«Ալիևը մեզ զինաթափում է, որպեսզի հաջորդ պատերազմին շատ ավելի հեշտ և արագ կարողանա վերցնել մնացած հատվածը». Ալվինա Աղաբաբյան
«Ալիևը մեզ խորհուրդ է տալիս մերկանալ, զինաթափվել, բանակ չունենալ, սահման չպահել, բայց ինքը մինչև ատամների ծայրը զինվում է, ինչի՞ համար: Եթե դու պատերազմի չես պատրաստվում, ինչո՞ւ ես այդպես զինվում, ինչո՞ւ ես քո ռազմական բյուջեն ավելացնում: Ստացվում է, որ Ալիևը մեզ զինաթափում է, որպեսզի հաջորդ պատերազմին շատ ավելի հեշտ և արագ կարողանա վերցնել մնացած հատվածն էլ: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:
«Այն ավերածությունները, որոնք մեզ հասցվել են այս 3 տարվա ընթացքում՝ անխտիր բոլոր ոլորտներում, այդ ավերածությունների, այդ աղետի հետևանքները վերացնելը, վերականգնելը՝ գոնե նախնական վիճակին, մեզանից հսկայական ֆինանսական, մարդկային, գիտական և այլ ռեսուրսներ են պահանջելու:
Ես անգամ չգիտեմ՝ մենք այդ ռեսուրսն իրականում ունե՞նք, թե՞ ոչ, եթե անգամ այդ ռեսուրսն ունենք, դրա ժամանակը ունե՞նք, որովհետև այդ պատերազմը, հնարավոր է, մեկ տարի հետո սկսվի կամ մի քանի ամսից: Արդյո՞ք ունենք մենք այդ ժամանակացույցը, որով պետք է քայլենք, ուղղենք այդ իրավիճակը: Ըստ էության, չունենք:
Այս իշխանությունների օրոք, բնականաբար, ոչինչ չի արվելու, որովհետև իրենք են հասցրել այս վիճակին: Մի հրաշքով նրանք չեն փոխվելու և դառնան այլ արժեքների կրող, հայրենասեր և հայրենիքին նվիրված անձինք, այդպիսի հրաշք չի լինելու: Մեր միակ շանսը՝ ուղղվելու, այս իրավիճակից դուրս գալու, այն է, որ նրանք հեռացվեն իշխանությունից, հեռացվեն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ անձը, այլ իրենց թիմը, այդ վարչախումբը՝ ամբողջությամբ: Ամբողջը հեռացվի, գան առողջ ուժեր, հայրենիքին նվիրված, կարող ուժեր, որոնք կկարողանան իրավիճակը շտկել, ծնկի եկած վիճակից բարձրանալ և ինչ-որ քայլեր անել»,- ընդգծեց նա:
Ալվինա Աղաբաբյանի խոսքով՝ այսօր հասարակության մի հատվածը ստամոքսն ավելի է կարևորում, քան հայրենիքը.
«Այսինքն՝ «տանք՝ հանգիստ ապրենք» մտայնությամբ մեր հասարակության մի բավականին մեծ հատված առաջ է գնում: Այսինքն՝ իր համար իր ստամոքսն ավելի կարևոր է, քան հայրենիքը: Այդ ուժերը պետք է կարողանան նաև հասարակության մեջ դա փոխել, որպեսզի հասարակությունը, երբ կողքից հանկարծ լսի, որ մեկն ասի՝ Շուշին մերը չէ, դժգույն և դժբախտ քաղաք է, կամ սա մերը չէ, նա մերը չէ, հասարակությունն այդ մարդուն ասի՝ դու սխալ ես, և նրան մեկուսացնի, իսկ այսօր այդպիսի հակազդեցություն չկա»:
Անդրադառնալով ԱԱԾ նախագծին, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները, Ալվինա Աղաբաբյանը հետևյալն ասաց.
«Ցանկացած տառաճանաչ մարդ, որ այդ տեքստը կարդա, միանգամից հասկանում է, որ այդտեղ որևէ հայկական շահ չի պաշտպանվում: Այն, որ Ադրբեջանն ամրաշինական աշխատանքներ կատարում է ամբողջ երկայնքով, դա հենց առաջին օրվանից էլ պարզ էր, այդ մասին բազմաթիվ տեսանյութեր կան:
Վերջերս էլ իմացանք, որ նույն Խնձորեսկի հատվածում մի քանի մետր նորից առաջ են եկել, որևէ արձագանք մեզ մոտից չկա, միայն փորձագետների շուրթերով ահազանգ է հնչեցվում: Միևնույն ժամանակ, շատ են տեսանյութերը, երբ ադրբեջանցիները նկարահանում են մեր ճանապարհներին՝ և՛ արցախյան հատվածում, և՛ Սյունիքի հատվածում:
Ստացվում է՝ թշնամին կարող է ազատ իմ ճանապարհներով երթևեկել, նկարահանել, իսկ ես իմ երկրի ներսում իրավունք չունեմ նկարելու իմ սահմա՞նը: Ուրիշ բան, եթե ինձ արգելեն նկարել մեր զորանոցները, մեր զինտեխնիկայի տեղաբաշխվածությունը, դիրքերը և այլն, բայց այստեղ դրա մասին չի խոսվում, ասվում է՝ չի կարելի նկարել հակառակ կողմը, որովհետև այնտեղից բողոքում են:
Այսինքն՝ ստացվում է՝ մենք մեր քաղաքացուն, մեր լրատվամիջոցին սահմանափակում ենք սեփական երկրում, որովհետև այդպես ուզում է Ադրբեջա՞նը: Ստացվում է՝ այո: Ստացվում է, որ ԱԱԾ-ն, որը ներկայացրել է այդ նախագիծը, կատարում է հակառակորդ երկրի պահանջները: ԱԱԾ-ն ինքը պետք է խրախուսեր, որ մեր քաղաքացիները, երբ անցնում են, եթե չեն զլանում, թող նկարեն և այդ ինֆորմացիան տրամադրեն իրենց, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ընդհակառակը, ասում է՝ հանկարծ չնկարեք, որ նրանց չանհանգստացնենք»:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ Արցախի՝ իրենց տիրապետության տակ անցած հատվածներից մաքրելու են հայկական հետքը.
«Այն մեծ հուշարձանները, որ մի քիչ կվախենան ավերել, կթողնեն, բայց կպղծեն, կդարձնեն մզկիթներ և այլն, իսկ մանր հուշարձանները վերացնելու են, հատկապես հիմա, երբ իրենց մոտ այդ հաղթողի սինդրոմը կա, անպատժելիության զգացողությունը կա:
Իրենք սրբելու են, տանելու են այդտեղի ամբողջ հայկական հետքը: Միայն Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում ավելի քան 130 բնակավայր ենք ունեցել, ես դեռ չեմ խոսում Քաշաթաղի հարավից, Հադրութի հարավից, Քարվաճառից և այլն, դրանք մենք կորցնելու ենք, մեր հետքն իրենք այդտեղից ջնջելու են, մեր պատմությունն իրենք նորից են գրելու՝ արդեն առանց մեզ: Քանի՞ անգամ եք տեսել, որ նույն մեր ԱԳՆ-ն այդ մասին խոսի, քանի՞ անգամ եք տեսել, որ մեր ԿԳՄՍՆ-ն բարձրաձայնի դրա մասին, 0 անգամ:
Դրա մասին մի քանի անգամ ՄԻՊ գրասենյակն է խոսել, իսկ մինչդեռ այդ մասին աղմուկը միջազգային բոլոր կառույցներում և ատյաններում պետք է հնչեցնեին, որ գոնե ինչ-որ կերպ կարողանայինք խոշոր հուշարձանների ավերումը կանգնեցնեինք:
Ոչ մի բան չի արվում: Այսօր, հասկանալիորեն, կռիվ ենք տալիս Սյունիքի համար, Տավուշի համար, Արցախի փոքր կտորի համար, բայց չէ՞ որ նա էլ է մերը, մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ենք այն կորցրել, մենք նրա համար էլ պետք է կռիվ տանք, որպեսզի կլինի մի քանի ամիս, թե մի քանի տարի հետո, բայց նորից մերը լինի: Իսկ այսպես, ստացվում է, որ մեր պատմության ընթացքը շեղվեց ընդամենը 30 տարով՝ 90-ականներից մինչև 2020-ը, երբ մենք դարերի կորուստից հետո ձեռքբերում ունեցանք, բայց հիմա կրկին վերադարձանք մեր կորուստների ուղեգծին: Հիմա էլ ի՞նչն ենք տալու: Երբ դու քո երեխային այդպես տալիս ես ու տեր չես կանգնում, արդյո՞ք քո մյուս երեխաները կմնան քո հետ: Այս իրավիճակը փոխելու համար քայլեր են պետք, ուրիշ ոչինչ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում