«Ձեր նպատակը ռեկտորներին սանձահարելն ու գալիք ընտրություններում կամակատար դարձնելն է»․ Գևորգ Պետրոսյան
«Այս նախագիծը հիմնականում կոչված է բուհերի ռեկտորներին սանձահարելու և բուհերի ինքնավարությունը կառավարության գիլյոտինի տակ դնելու»,- Ազգային ժողովում անդրադառնալով կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություն կատարելուն՝ ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովում տվյալ փոփոխության վերաբերյալ կարծիքները հեքիաթ հիշեցնող պատմություններ են։ Պետրոսյանն ԱԺ ամբիոնից դիմեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին․
«Պարո՛ն նախարար, ես կուզենամ՝ դուք ավելի կարևոր ուղղություններով ձեր ուշադրությունը բևեռեք և ինչ-որ հարցեր լուծեք։ Այսօր խի՞ չեք խոսում այն մասին, որ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունն ավելացել է, աշխատավարձը պակասել է։ Որպես նախարար՝ այսօր խի՞ չեք խոսում այն մասին, որ կրթության ոլորտի սպասարկման գործառույթները նվազել են, «ZOOM»–ով լեկցիա են կարդում, դասախոսը չի մտնում լսարան, չի՛ տալիս ըստ ամենայնի գիտելիք, ուսանողը չի ընկալում դա, բայց ուսման վարձ եք բարձրացնում, դրա մասին մտածե՞լ եք։ Դուք՝ որպես նախարար, պրոֆեսորադասախոսական անձնակազմի կյանքի որակի մասին մտածո՞ւմ եք։ Ի՞նչ ռեկտորի նշանակում, ի՞նչ բան, սա մի հարց է, ընդամենը մի փոքր խնդիր է, դուք շատ ավելի կարևոր գործառույթներ ունեք, այսօր պետք չէ շեղել հասարակության ուշադրությունը։ Ինչո՞ւ պատշաճ չարձագանքեցիք այն փաստին, որ դպրոցականները ներգրավվում են քաղաքական ակցիաների մեջ, ո՞վ է սրա պատասխանատուն, եթե ոչ՝ դուք։ Դրա համար ես հորդորում եմ՝ ձեր ուշադրությունն ավելի կարևոր ուղղություններով բևեռել, գործադրել և լուծել կյանքի ավելի կարևոր հարցեր, քան այսօրվա այստեղ քննարկվող խնդիրն է։ Այսօր պրոֆեսորադասախոսական անձնակազմը աղքատության ճիրաններում խարխափում է, ո՞վ է դրա պատասխանատուն, դո՛ւք եք, ես նաև որպես համալսարանական եմ ասում՝ դո՛ւք եք, դրա մասին մտածեք»։
Գևորգ Պետրոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ առաջարկվող փփոփոխությունը ռեկտորներին սանձահարելն ու գալիք ընտրություններում կամակատար դարձնելն է․
«Եթե այստեղ որևէ մեկը կգա ուրիշ հեքիաթ կպատմի, թող գնա հեքիաթ պատմելու տեղը խոսա, Ազգային ժողովի գլխավոր ամբիոնը հեքիաթ պատմելու տեղ չի»։
Նշենք, որ բազմաթիվ մասնագետներ ահազանգում են, որ օրենքի այս փոփոխությամբ ռեկտորներին ընտրում են բուհական խորհուրդները, որոնց կազմը ձևավորվելու է Կառավարության՝ 5, իսկ բուհի՝ 4 ներկայացուցիչներից: Այսինքն՝ բուհն ինքն իր համար որոշում կայացնելու ավելի քիչ լիազորություն ունի, ըստ էության, կառավարության ներկայացուցիչները՝ որպես մեծամասնություն, իրենք են որոշելու, ասել է թե՝ ամեն բան որոշվելու է կառավարությունում: