Ցեղասպանության ճանաչման թեման՝ գործիք թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում
Ապրիլի 24-ին ընդառաջ ամերիկյան քաղաքական, փորձագիտական, լրագրողական որոշ շրջանակներ ավելի ու ավելի ակտիվ են սկսում անդրադառնալ Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցին:
Ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան, Eurasia Group-ի հիմնադիր ու նախագահ Յան Բրեմմերն օրերս հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարի մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Սպիտակ տան աղբյուրները Բրեմմերին հայտնել են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Բրեմմերը պատմել էր իր հաղորդման ընթացքում, որը հրապարակվել է նրա թվիթերյան միկրոբլոգում։ Բրեմմերը նշել էր, որ Թուրքիայի համար բավական բարդ շրջան է, և Էրդողանը ևս մեկ դիվանագիտական մարտահրավերի է բախվելու ԱՄՆ-ի հետ։
«Բայդենն իր քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ ընտրվելու դեպքում կանի դա։ Փոխնախագահ Քամալա Հարիսը Կալիֆոռնիայից է, 2019թ․ Սենատի բանաձևի ճանաչման հովանավորներից էր, և Էնթոնի Բլինքենը, որը հիմա պետքարտուղարն է։ Մարդու իրավունքներն ավելի բարձր են Բայդենի արտաքին քաղաքականության մեջ, քան Օբամայի և ակնհայտորեն՝ Թրամփի օրոք»,- ասել էր Բրեմմերը։
Վերլուծաբանի խոսքով՝ Բայդենին այդքան էլ չի հետաքրքրում թուրքական կառավարության արձագանքը, նա դեռ Էրդողանի հետ չի էլ խոսել։ Բացի այդ, ըստ Բրեմմերի, տրամադրություններն ավելի մթագնել են։ Նա Սպիտակ տնից ու Պետքարտուղարության աղբյուրներից լսել է, որ Բայդենը բարկացած է, որ Պուտինին ուղղված իր մեկնաբանություններն Էրդողանն անընդունելի է համարել։ «Ես լսել եմ նաև Սպիտակ տան երկրորդ պաշտոնյայից՝ ապրիլի 24-ի ուղերձի հետ կապված, որը Ցեղասպանության հիշատակի օրն է։ Նա ասաց՝ «Բայդենն իր խոսքի տեր մարդ է»։ Եվ այս պահին դա շատ պարզ է։ Նա կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի։ Էրդողանը շատ կբարկանա։ Բայց այս պահին նա շատ սահմանափակ հնարավորություններ ունի ԱՄՆ-ի ներսում»,- պատմել էր Բրեմմերը։
Սակայն լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ Սպիտակ տունը չունի որևէ նորություն այս հարցում իր քաղաքականության կապակցությամբ:
Վերջին ամիսների ընթացքում ուշագրավ է ամերիկյան մամուլի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ և ամենաուշագրավներից էին հրապարակումները The Hill պարբերականում և Ahval պորտալում: «Մի շարք պատճառներ կան կարծելու, որ 2021 թվականը կլինի տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահը պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ հայերի հետ 1915 թվականին»,- գրում է Ahval պորտալը՝ զուգահեռաբար նշելով, որ Էրդողանի հարաբերություններն ԱՄՆ կառավարության հետ գտնվում են պատմական ցածր մակարդակի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով ԱՄՆ նախագահն այժմ պատճառ չունի իր թուրք դաշնակցի հետ կապերը չխզելու համար:
The Hill պարբերականը մարտի 21-ին հաղորդեց այս հարցի վերաբերյալ Սպիտակ տան բարձրաստիճան անանուն աղբյուրի մեկնաբանությունը: Աղբյուրը, ըստ պարբերականի, հիշեցրել էր Բայդենի՝ նախընտրական շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունը՝ ավելացնելով, որ վերջինս այն ժամանակ ասել է, որ «մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրողության մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի ցուցաբերած հաստատակամությունն այս մեծ ողբերգությունը վերապրելուց հետո»:
Հիշեցնենք նաև, որ մարտի 19-ին հրապարակվեց ԱՄՆ Սենատի 38 անդամների նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում սենատորները կոչ են անում Բայդենին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իր ապրիլի 24-ի առաջիկա հնարավոր հայտարարության մեջ՝ Հիշատակի օրվա կապակցությամբ: Սենատորները պահանջել էին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հիշեցնելով, որ նախագահ Բայդենը նախկինում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ներառյալ՝ անցած տարվա նախընտրական ընտրարշավի ժամանակ։ Սենատորները կոչ էին արել նաև նախագահին՝ նույն կերպ վարվել արդեն երկրի ղեկավարի պաշտոնում։
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին մշտապես աշխատում է ԱՄՆ իշխանությունների հետ ճանաչման ուղղությամբ բոլոր հնարավոր մակարդակներում, և նման ակտիվությունը, որն առաջանում է մեդիա դաշտում նաև կոնգրեսականների տարատեսակ նախաձեռնությունների առիթով, ամեն տարի նկատվող երևույթ է: Սակայն նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ լոբբիի ջանքերը սկսել են արդյունք տալ անցյալ տարվանից։ Բայդենի աշխատակազմի դեպքում, նրա խոսքով, դեր ունեն ավանդական կապերը հայկական լոբբիի հետ և նախընտրական խոստումներն այն մասին, որ կլինի ճանաչում:
«Սակայն ցանկանում եմ հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ անցյալ տարի Սենատում և Ներկայացուցիչների պալատում, որոնք բանաձևով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Ցանկանում եմ զուգահեռ հիշեցնել, թե ինչ փուլ էր դա թուրք-ամերիկյան հարաբերություններում՝ բավականին լարված՝ Ռուսաստանից C-400 համակարգեր ձեռք բերելու և մի շարք այլ երկկողմ խնդիրների պատճառով, ու եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա Թուրքիայի՝ ավելի անկախ քաղաքականության ձգտելու պատճառով, շատ մեծ էին հակասություններն ԱՄՆ-ում այդ փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կապակցությամբ, և այս հարցն օգտագործվեց՝ որպես ճնշման լծակ»,- նման կարծիք հայտնեց փորձագետը:
Ներկայումս, նրա գնահատմամբ, կարծես ավելի լարված է իրավիճակը թուրք-ամերիկյան հարաբերություններում:
«Անկարան ցույց չի տալիս, բայց որոշակիորեն նյարդայնացած է, որ դեռ տեղի չի ունեցել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույց, միևնույն ժամանակ՝ դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից, ինչն Արևմուտքը բավականին ծանր է ընդունում, ներկայումս քիչ թե շատ կարգավորվում են ռուս-թուրքական հարաբերությունները, դրանց մոտենալու միտումներ կան Իրանի կողմից, այս եռակողմ համագործակցությունը, որը կարող է դիտարկվել հակաարևմտյան, չի կարող չմտահոգել Վաշինգտոնին և Բրյուսելին:
ԱՄՆ-ը այս օրերին դեսպանի մակարդակով սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով կրկին C-400 երկրորդ խմբաքանակի պատճառով: Այս հարցում Թուրքիան ՆԱՏՕ-ի միջամտությամբ չի կարողանում համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ: Եվ ստացվում է, որ Աստանայի ձևաչափի երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, ամերիկյան պատժամիջոցների տակ են, և մի շարք հրապարակումներ կան այն մասին, որ ԱՄՆ քաղաքականությունն այս երկրների դեմ ամրապնդելու է այս ձևաչափը և մղելու եռյակին ավելի շատ համագործակցել, այդ թվում՝ սիրիական հակամարտության սահմաններից դուրս հատկապես, երբ սիրիական շրջանակում համագործակցության որոշակի դրական փորձ կա»,- ասաց վերլուծաբանը՝ ասելով, որ այս ձևաչափի ավելի ընդլայնված համագործակցության հնարավորություն կա հենց ԱՄՆ քայլերի հետևանքով:
Նրա խոսքով՝ թուրք-ամերիկյան նմանօրինակ լարված հարաբերությունների ֆոնին պատահական չէ Ցեղասպանության հարցի նման ակտիվ արծարծումը մեդիա դաշտում:
«Ոչինչ չենք կարող բացառել և չի բացառվում, որ այդ աղբյուրները չեն սխալվում, որ Վաշինգտոնը, որպես լծակ, այս հարցը ևս դիտարկում է Թուրքիայի դեմ, քանի որ հարաբերությունները մեծ ճգնաժամի շեմին են: Այսինքն՝ թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունները լուրջ գործոն են այս հարցում, ինչի ականատեսը եղանք նաև անցյալ տարի: Չէ՞ որ նման բանաձևեր ընդունելու փորձեր եղել են նախկինում ևս, սակայն չեն հաջողվել թուրք-ամերիկյան սերտ հարաբերությունների, թուրքական լոբբիի ջանքերի արդյունքում, իսկ անցյալ տարի նման բանաձևեր, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ենթադրող բանաձևերը հաստատվեցին, և դա պատահական չէր»,- ասաց նա: