ՌԴ-ԱՄՆ նոր առճակատումը՝ հավելյալ ռիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համար
Արցախյան երկրորդ ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտության մասին ամիսներ շարունակվող խոսակցությունների և թվացյալ նախապատրաստական աշխատանքների ֆոնին՝ Բայդեն-Պուտին հեռավար «փոխհրաձգությամբ» Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը նոր փուլ է թևակոխում:
Վերջին 4 ամիսների ընթացքում թե եվրոպական, թե ռուսական բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով տեղեկատվություն էր տարածվում, որ նախապատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց, հանդիպում կողմերի հետ, սակայն ԵԱՀԿ ՄԽ հրապարակային որևէ աշխատանք տեսանելի չէ, այդ աշխատանքը չի հաջողվում: Հայտնի է, որ պատերազմից հետո համանախագահները որոշ ջանքեր ներդրել են իրենց դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում վերականգնելու կամ վերագտնելու նպատակով, սակայն ապարդյուն՝ Ադրբեջանի դիմադրության, տարածաշրջանում ձևավորված ուժային նոր բալանսի և նոր իրավիճակի պատճառով:
Թերևս, պատահական չէր օրերս Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ ասուլիսում ԱԳ նախարար Արա Այվազյանի պնդումը, որ կարիք ունենք ԵԱՀԿ ՄԽ ուժեղ համանախագահության: «Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում: Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում մենք կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»,- նշել էր Արա Այվազյանը: Եվ այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի համար հավելյալ խոչընդոտ է դառնում ԱՄՆ-ՌԴ նոր առճակատումը՝ նոր և սպասվելիք պատժամիջոցները:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության օգտին չէ: Ըստ նրա՝ ՌԴ-ԱՄՆ խնդիրները եղել են մշտական, իսկ ներկայիս փուլում աշխարհակարգի ավանդական մեխանիզմներն այլևս չեն գործում, և մենք անցումային փուլում ենք, որին նպաստեց նաև պատերազմը՝ նոր իրավիճակ ստեղծելով: Վերլուծաբանի խոսքով, նոր իրավիճակը նախկին մեխանիզմների համար մարտահրավեր է, և դա դեռ չի հաղթահարվում, քանի որ չկան շատ հարցերի պատասխաններ:
Այսինքն՝ Մինսկի խմբի գործունեության ողջ ընթացքում, նրա փոխանցմամբ, եղել է Ռուսաստան-Արևմուտք պայքար, մրցակցություն, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում, սակայն որպես այդպիսին՝ մեծ դադարներ այդ գործունեությունում չեն եղել. և, ընդհանուր առմամբ, թեթև ճգնաժամերը հաջողվել է անտեսել, քանի որ ստատուս-քվոն ձեռնտու է եղել համանախագահներին, իսկ ներկայումս ձևավորված ստատուս-քվոն էլ իր հերթին՝ ձեռնտու է որոշ խաղացողների և որոշների էլ՝ ձեռնտու չէ, և կրկին պայքարն այդ հարթությունում է:
«Ներկայումս, որքան հասկանում ենք, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը նպաստող գործոններ չկան, դիվանագետները կարող են հանդիպել, ինչ-որ հարցեր քննարկել, սակայն իրական աշխատանք իրականացնել չի կարողանում, քանի որ կարգավորման հարցերի շրջանակը կիսվել է, շահերը կիսվել են, որոշները քննարկվում են արդեն եռակողմ ձևաչափում, իսկ հակամարտության կարգավորման մնացած հարցերը կարող են քննարկվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, որին դեմ է ադրբեջանական կողմը՝ հասկանալի պատճառով, քանի որ խոսք է գնում կարգավիճակի հարցի մասին, բայց այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ, քանի որ կարգավիճակի հարցն առաջիկա 5 տարիների համար կարծես հստակեցված է, խաղաղապահ առաքելությունն անում է իր գործը, կան բազմաթիվ հումանիտար խնդիրներ, քննարկվում են հնարավոր ճանապարհներ տարածաշրջանում բացելու հարցեր, և ընդհանրապես պատերազմից առաջ ու դրա ընթացքում ՄԽ-ն չկարողացավ դեր ստանձնել»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ ներկայիս «լռությունն» ինչ-որ տեղ հասկանալի է: «Թե երբ ու ինչ պահից կսկսեն գործել՝ անկանխատեսելի է: Եվ այո՛, կարծում եմ՝ ներկայիս ճգնաժամն իր հերթին՝ կանդրադառնա այլ գոտիներում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների վրա, և ԵԱՀԿ գործունեության վերսկսման համար մեծ ռիսկ է հատկապես, երբ ներկայումս ավելի դրական են ռուս-թուրքական հարաբերությունները»,- ասաց Նադեին-Ռաևսկին:
Իր հերթին՝ լեհ վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ պատերազմից հետո ստեղծված այս իրավիճակն ինչ-որ առումով բնական է: Նա նշեց, որ, դատելով ԵԱՀԿ գործող նախագահի այցից տարածաշրջան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կարևորվում է, և էական ջանքեր են ներդրվում: Նրա խոսքով՝ կա մեծ կոնսենսուս, որ հակամարտությունը կարգավորված չէ, և կան դեռ մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկվեն:
«Ներկայումս պարզապես այդ հարցերի քննարկումը կարող է հետաձգվել միայն, իմ համոզմամբ: Պատերազմը շոկ էր բոլորի համար, և պետք է ընդունել, որ հետպատերազմյան իրողությունը եռակողմ հայտարարություններն են և դրանց իրագործումը: Դրանից դուրս քայլերն արդեն բարդանում են»,- ասաց վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հակամարտության ինչ-որ փուլում վերականգնվելու է: «Սակայն այդ ձևաչափն արմատական փոփոխությունների կարիք ունի իր գործելաոճում, թե ինչպես դա կարվի, բարդ է ասելը, բայց մասնակցությունը, ներգրավվածությունը պետք է ավելի մեծ լինի, ավելի մեծ աշխատանք պետք է կատարվի, այդ թվում՝ բարձրաստիճան մակարդակում, սակայն տեսնում ենք, որ բարձրաստիճան աշխատանքը պակաս է, քանի որ միջազգային հարաբերություններում խնդիրները չափազանց հագեցած են և ավելի գլոբալացված, որոնցում ավելի փոքր համարվող խնդիրները տուժում են»,- ասաց մասնագետը: