Չեմ բացառում, որ նման միտումների շարունակվելու դեպքում՝ 2025 թվականից ի վեր Հայաստանը սկսի էլեկտրաէներգիա ներկրել նաև Թուրքիայից. Փորձագետ

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն օրերս հակիրճ գրառմամբ ներկայացրել էր տարածաշրջանային էներգետիկ հեռանկարները՝ անգամ առաջ քաշելով վարկած, որ Հայաստանը, հնարավոր է՝ ներկրի թուրքական էլեկտրաէներգիա:

Թե որքանո՞վ է սա հավանական սցենար և ի՞նչ նոր մարտահրավերների առաջ է կանգնած ՀՀ էներգետիկ համակարգը՝ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահը մանրամասնեց 168.am-ի հետ զրույցում: Փորձագետը շեշտեց՝ խոսում է մի սցենարի մասին, որը կառուցված չէ բաժակաճառերի կամ ընդհանուր տեսական դրույթների վրա, այլ սեփական վերլուծությունների:

«Սա մի սցենար է, որի հավանականությունը շատ բարձր եմ գնահատում,- նշեց Վահե Դավթյանը՝ պարզաբանելով,- Թուրքիայում ակտիվորեն զարգանում է միջուկային էներգետիկան: Որպես կանոն՝ միջուկային էներգետիկան զարգացնող երկրներն իրենց էներգետիկ զարգացման հայեցակարգի հիմքում դնում են նաև էլեկտրաէներգիայի ակտիվ արտահանման փորձը:

Ինչո՞ւ, որովհետև խոսքը մեծ հզորությունների՝ «Աքքույու» ատոմակայանի մասին է (4800 ՄՎտ), որը մի կողմից նվազեցնելու է Թուրքիայում առկա էներգետիկ պակասորդը, մյուս կողմից՝ նպաստելու է նաև 2023-ից ի վեր, իսկ ավելի կոնկրետ՝ 2025-ին արտահանման ռազմավարության իրականացմանը:  Դրա հետ մեկտեղ՝ Թուրքիան իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ նոր կայանների կառուցմանն ուղղված. բացի վերոնշյալ կայանից, որի երրորդ բլոկի հիմնարկեքը տրվեց  Պուտինի ու Էրդողանի մասնակցությամբ, կառուցում են ևս երկու հզորագույն ատոմակայաններ Սինոպում ու Ֆրակիայում, արդեն երկու տարվա ընթացքում վերակառուցվել են շուրջ 600 հէկ-եր, և այլն:

Սրա նպատակն ինչո՞ւմն է՝ 2023 թ. հաղթահարել էլեկտրաէներգետիկ պակասորդը, որն այսօր Թուրքիայում գնահատվում է շուրջ 80 մլրդ կՎտժ, իսկ 2025 թ.-ից՝ դիրքավորվել՝ որպես տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող լուրջ դերակատար»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ թուրքական էլեկտրաէներգետիկ ռազմավարության շրջանակներում առանցքային տեղ են զբաղեցնում վրացական ու ադրբեջանական շուկաները, որոնք իրար հետ արդեն կապված են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրաէներգետիկ կամուրջով, իսկ բացի այս կամուրջից՝ վրացական էներգետիկ շուկայում տարեցտարի աճում է թուրքական կապիտալի ազդեցության աճը:

Այս զարգացումների կոնտեքստում անդրադառնալով Հայաստանում առկա վիճակին՝ նա տեղեկացրեց. «Հայաստանում գործում է USAID առաքելությունը, որը ներկայումս մշակում է հայ-վրացական էլեկտրաէներգետիկ առևտրի խթանման մեխանիզմներ, իսկ 2019թ. ներկայացրեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թթ. զարգացման պլանը:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումը հայտնվել է մեծ հարցականի տակ, որ Հայաստանում այսօր չկա գեթ մեկ ծրագիր, որն ուղղված է մեծ էներգետիկայի զարգացմանը, ես չեմ բացառում, որ նման միտումների շարունակվելու դեպքում՝ 2025թ.-ից ի վեր Հայաստանը սկսի էլեկտրաէներգիա ներկրել նաև Թուրքիայից՝ ոչ թե ուղղակի, այլ՝ Վրաստանի տարածքով»:

Փորձագետը վստահեցրեց՝ հենց USAID-ի կողմից մշակված պլանն է հիմք ծառայել կառավարության կողմից վերջերս հաստատված 2020-2040 էներգետիկ պլանի համար:

«Ներկայումս իրականացվում է ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը, և այդ ազատականացման ծրագրի շրջանակներում առավել քան կանխատեսելի է, որ ՀՀ-ում գործող էլեկտրաէներգետիկ օպերատորը սկսելու է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից, որն ավելի էժան է լինելու: Հայաստանում էլեկտրաէներգիայի արժեքն աճում է. այս իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի այդ ինքնարժեքը նվազեցնեն և փորձեն դիրքավորվել արտաքին շուկաներում՝ որպես խաղացող:

Սա ուղղակի հարված է Հայաստանի էներգետիկ, իսկ խոշոր հաշվով՝ նաև ազգային անվտանգությանը»,- վերահաստատեց Վահե Դավթյանը՝ կանխատեսելով թուրքական էքսպանսիա՝ վրացական ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս