Իշխանությունները հիմնովին տապալել են համավարակի դեմ պայքարը
Անկախության առաջին տարիների բոլոր խմբագիրները կհիշեն, որ ցանկացած նյութի խմբագրում սկսում էին՝ առաջին բառակապակցությունը ջնջելով: Որովհետև համարյա բոլոր հոդվածները սկսվում էին «1988թ. ազգային զարթոնքից հետո» արտահայտությամբ:
Մեր օրերի խմբագիրները հիմա հավանաբար ջնջում են «պատերազմում խայտառակ պարտությունից հետո» արտահայտությունը: Որովհետև չի կարելի թույլ տալ, որ լրատվամիջոցի բոլոր նյութերը՝ հոդվածներն ու հաղորդումները, սկսվեն նույն բառակապակցությամբ: Բայց իսկապես պատերազմում խայտառակ պարտությունից հետո հասարակական ու սոցիալական բոլոր խնդիրները դարձել են անէական: Հասարակությունը ո՛չ գնաճ է նկատում, ո՛չ, ասենք, համավարակ: Սակայն չի կարելի հակառակը պնդել: Համավարակը շարունակում է նկատել հասարակությանը: Համենայն դեպս, այդ մասին է արձանագրում վարակի վիճակագրությունը: Այսօր եվրոպական (և ամերիկյան) իշխանությունները խոսում են covid-19-ի երրորդ ալիքի մասին:
Տեսնենք, թե համապատասխան վիճակագրություն վարող միջազգային կառույցի տվյալներով՝ ինչ ցուցանիշներով ենք մենք «դիմավորում» համավարակի երրորդ ալիքը: Մեր երկիրը բնակչության քանակով (պաշտոնապես հայտարարվող քանակով)` 2մլն 967 հազար 161 բնակիչ, աշխարհի 136-րդ երկիրն է: Բայց վարակվածների ընդհանուր քանակով կրկնակի առաջ է և «զբաղեցնում է» 69-րդ տեղը: Covid-19-ով արձանագրված մահերի քանակով՝ 3 282 դեպք, մեր երկիրը 63-րդն է:
Համեմատության համար կարելի է բերել այն օրինակը, որ մեր երկրից 3.4 անգամ ավելի՝ 10.2 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանում համարյա նույնքան մահ է գրանցվել՝ 3298 դեպք: Այս պահին ակտիվ հիվանդների քանակով Հայաստանը 77-րդ երկիրն է: Վիճակագրությունը տարբեր երկրների տվյալները համադրելի դարձնելու նպատակով հաշվարկներ է կատարում նաև 1 մլն բնակչի հաշվարկով: Մեր տարածաշրջանում 1 մլն բնակչի հաշվարկով ամենաշատ վարակվածները Վրաստանում են՝ 69 հազար 936 մարդ (18-րդն աշխարհում): Հաջորդը Հայաստանն է՝ 60 հազար 712 մարդ (33-րդն աշխարհում): Ադրբեջանը 81-րդ երկիրն է՝ 23 հազար 683 հիվանդացածների հաշվարկով: Բայց այս երկրների մեջ 1 մլն բնակչի հաշվարկով գրանցված մահերի քանակով մենք ամենավատ ցուցանիշն ունենք:
Վրաստանում 1 մլն հաշվարկով գրանցվել է 920 մահ (40-րդ ցուցանիշ): Ադրբեջանում՝ 323 մահ (40-րդ ցուցանիշ): Հայաստանում 1 մլն բնակչի հաշվարկով մահացել է 1 106 մարդ: Սա համավարակի համաշխարհային վիճակագրության 33-րդ ցուցանիշն է: Կարելի է նաև դիտարկել ընդհանուր թեստավորման քանակը: Այս ցուցանիշով Վրաստանն առաջատար է՝ 57-րդ երկիրը: 59-րդն Ադրբեջանն է: Իսկ Հայաստանը թեստավորման ընդհանուր քանակով 103-րդն է: Համավարակի առաջին ալիքի ժամանակ Վրաստանը կոշտ մեթոդներով փակեց սահմանները:
Մեր վարակաբաններն ու հարակից մասնագետները որևէ տրամաբանական բացատրություն չէին գտնում վարակվածության իրարից այդքան տարբեր ցուցանիշների համար: Հետո՝ համավարակի երկրորդ փուլում, առաջին հերթին սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով՝ վրաց իշխանությունները հրաժարվեցին սահմանները փակելու կոշտ մեթոդներից, արդյունքում՝ հակառակ պատկերն արձանագրվեց: Վրաստանում վարակվողների քանակը տարածաշրջանում ամենամեծն էր: Մեր փորձագետները հանգիստ «շունչ քաշեցին»: Մասնագիտական անհրաժեշտ վերլուծությունների փոխարեն մենք՝ իշխանավորներից մինչև մասնագետ, չտեսնելու տվեցինք. Վրաստանը կտրուկ ավելացրել է թեստավորումների քանակը: 1 մլն բնակչի հաշվարկով Վրաստանում կատարվել է 768 հազար 946 թեստ:
Մեր հարևանն այս ցուցանիշով 36-րդ երկիրն է: Եվ այս ցուցանիշով Վրաստանն առաջին երկիրն է մեր տարածաշրջանում: Թեստերի քանակով՝ 267 հազար 206, յուրաքանչյուր մեկ մլն բնակչից Ադրբեջանը 90-րդ երկիրն է աշխարհում: Մենք այս անգամ էլ անմիջական հարևան ենք: Զբաղեցնում ենք 91-րդ տեղն աշխարհում: Թեստավորումների քանակով: Միայն այս փաստը հիմք է տալիս ասելու, որ մեր իշխանությունները հիմնովին տապալել են համավարակի դեմ պայքարը:
Իհարկե, իշխանությունները կգերադասեն մեղքը բարդել հասարակության վրա, որ «մոռացել է» դիմակ-ալկոգել կանխարգելիչ կանոնները: Ճիշտ այնպես, ինչպես իշխանություններն են մոռացել հետևել, որ հասարակությունը պահպանի այդ կանոնները: Սեփական անգործությունն ուրիշի վրա բարդելն ավելի հեշտ է: