Ի՞նչ կապ ունի Ալիևի որոշումը՝ Հայաստանում անցկացվելիք ընտրությունների հետ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի բացառում, որ, ինչպես կորոնավիրուսը օղիով և պինցետով ախտահանելու վերաբերյալ հայտարարությունից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց, այդպես էլ հիմա հայտարարի, որ, այո՛, ասել է, որ հունիսի 20-ին են տեղի ունենալու արտահերթ ընտրություններ, բայց չի նշել, որ այն տեղի է ունենալու 2020 թվականի հունիսի 20-ին:

«Իշխանությունները չգիտեն օրենքներ և Սահմանադրություն, և բազմիցս իրենց քայլերով ապացուցել են դա: Երկրորդ՝ այո, մի քանի անգամ Ֆեյսբուքի մակարդակով կամ ԳԱԱ դիմաց կադրային քաղաքականություն որոշելով՝ ցույց են տալիս, որ մեր երկրում պետական ինստիտուտներ այլևս չկան և ամեն ինչ որոշվում է փողոցում: Եվ քանի հանրությունը և ընդդիմությունը թույլ են տալիս այդ գործողությունների տևականությունը, կարծում եմ՝ իշխանությունն օգտվում է այդ հանգամանքից և այս փաստից»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նաև չի բացառում, որ իշխանությունները կարող են կեղծել հնարավոր ընտրությունները. «2018թ. ընտրությունները, բնականաբար, ընտրակեղծիքներով են տեղի ունեցել, և այս դեպքում ես նույնպես չեմ բացառում, որ ընտրակեղծիքներ լինեն. Դրա վառ առհավատչյան մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն էր, երբ բազմաթիվ անհերքելի փաստեր և հրապարակումներ եղան՝ վարչական ռեսուրսի օգտագործման և գործադրման վերաբերյալ: Հիմա ինչո՞վ համոզված լինենք, որ այդ վարչական ռեսուրսը չի օգտագործվելու, և ինչո՞վ համոզված լինենք, որ այս օրհասական պահին արտահերթ ընտրությունները դարձնելով առաջնային քաղաքական օրակարգ՝ որևէ բան չեն փորձում թաքցնել այս իշխանությունները»:

Իրավաբանի խոսքով՝ գերիների վերադարձի հարցը ևս կարող է դառնալ քաղաքական առևտրի առարկա.

«Ես ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Իլհամ Ալիևն այս պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ համաներման հրամանագիր է ստորագրում, և եթե անգամ ընդունելու լինենք Ադրբեջանի կողմից արված հայտարարությունը, թե այնտեղ մնացած անձինք ռազմագերիներ չեն, այլ ռազմական հանցագործներ, ապա այս համաներման արդյունքում 60 օրվա ընթացքում նրանք համաներման հիմքով պետք է վերադարձվեն Հայաստանին:

Եթե Ալիևն այս հրամանագիրը ստորագրել է իր եղբայր Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցույց տալու համար, որ գոնե նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ գերիները կարողանան վերադառնալ, որովհետև 60 օրը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, և այդ գերիներին նույնպես դարձնեն դրոշակ, ապա սա հարցի մյուս կողմն է: Ցավով եմ անում այս կանխատեսումը, բայց այդ մարդիկ, որոնք այսօր գերության մեջ են, եթե անգամ վերադառնալու են Իլհամ Ալիևի հրամանագրի շնորհիվ, դա դարձնելու են քաղաքական դիվիդենտ: Ես այս զգուշացումը հիմա եմ անում, որ հետագայում ինչ-որ քաղաքական օպոնենտության հարթության մեջ սա չդիտարկվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս