«Արցախն ուշադրությունից դուրս է 2018 թվականից սկսած, երբ այդ դավաճան տականքը եկավ իշխանության». Բելլա Լալայան

Արցախում 44 օր տևած պատերազմից ու Արցախի մեծ մասի կորստից ու կապիտուլյացիայից  հետո, ՀՀ իշխանությունները որոշել են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Այսպիսով՝ մինչ թշնամին շարունակում է  հարմար տեղավորվել Սյունիքում, Արցախի գրավված տարածքներում իր դիրքերն ամրացնել ու վերացնել հայկական հետքերը, հայաստանյան իշխանությունը լծվել է ընտրություններին նախապատրաստվելու գործին։

Հիշեցնենք, որ Արցախի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ Արցախ չի գնացել, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի ղեկավար, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոտք չի դրել Արցախ։ Ավելին՝ Սյունիք չի գնացել, մարզ նրա կատարած այցը սահմանափակվել է միայն Սիսիանով։

Արդյո՞ք սա լավագույն ժամանակաշրջանն էր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ բոլոր ռեսուրսներն այս պահին պետք է ուղղվեին Սյունիքի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը,  և արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախն առհասարակ դուրս է մնում ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնից։

168.amի հետ զրույցում հասարակական, քաղաքական գործիչ Բելլա Լալայանն անդրադառնալով այս հարցերին, նշեց՝ պատերազմում պարտված ղեկավարը պետք է անմիջապես հրաժարական ներկայացներ, իսկ այս պահին նրա հետ ընտրությունների գնալը պարզապես անհեթեթություն է, ավելին՝ լինելով արժանապատիվ ժողովուրդ, ինչպե՞ս են մարդիկ Նիկոլ Փաշինյանին այսքան ժամանակ հանդուրժում։

«Ինձ համար այս ամենը որևէ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում։ Ընտրությունների գնալ մեկի հետ, ով արդեն պատերազմից առաջ, պատերազմում և դրանից հետո ցույց է տվել, թե որքան շատ է օգտագործում պետական ռեսուրսը։ Պատմության մեջ որևէ իշխանություն այդքան ռեսուրս չի օգտագործել։ Պատերազմից հետո բոլորս էլ տեսանք, որ նա պետական ռեսուրսը շատ լկտի ձևով է օգտագործում՝ իր կուսակցության ու քաղաքական թիմի օգտին։ Այնպես որ՝ նման հանգամանքներում գնալ ընտրության մի դավաճանի հետ, դա ինձ համար անհեթեթություն է։ Միևնույն ժամանակ՝ ընդդիմություն էլ ճիշտ պայքար չի տանում։ Ինչ վերաբերում է Արցախին ուշադրությունից դուրս թողնելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը, Արցախն ուշադրությունից դուրս է 2018 թվականից սկսած, երբ այդ դավաճան տականքը եկավ իշխանության»,- նշեց Բելլա Լալայանը։

Նա ընդգծեց, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, դրանից հետո Արցախը Հայաստանից օտարվեց։ Ավելին՝ հրապարակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախի հարցի լուծողն ինքը չէ, այլ ժողովուրդը, քանի որ արցախցին չէ իրեն ընտրել։ Իսկ այն հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է, և վերջ,  որը Նիկոլ Փաշինյանն արեց 2019 թվականին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Բելլա Լալայանի բնորոշմամբ, արվել էր ուրիշ նպատակներով, որը բոլորին էլ հայտնի է։

«Մենք ավելի ողբերգական իրավիճակում ենք հայտնվելու, քանի որ Հայաստանում կա մի կատեգորիա, որը հարմարվեց Արցախը կորցնելու հետ։ Այսինքն՝ երբ Արցախի կորուստը նորմալ համարեցին, կկորցնեն Սյունիքը, հետո՝ մնացյալը։ Մենք ստեղծված իրավիճակում կարող ենք կտրուկ շրջադարձ անել միայն այն դեպքում, երբ պարտված ղեկավարն իշխանության ղեկին չլինի։

Տեսեք, թե Ալիևն ինչպիսի լկտիությամբ է վերաբերվում մեր երկրի ղեկավարին, այդպես էլ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Ալիևին պարտվածը կամ նրա խամաճիկը ՀՀ-ում իշխանության չլինի։ Նրան ամբողջ աշխարհի հայությունը պետք է պատժի, որովհետև նա մեզանից խլեց հայրենիք, արժանապատվություն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում մտածում են, որ միայն Արցախն է վտանգի տակ, ինչն աբսուրդ է, քանի որ մարդիկ առնվազն պետք է կույր լինեն՝ չտեսնելու համար, որ այստեղ միայն Արցախի հարցը չէ։ Տարիներ շարունակ Ալիևը հայտարարում է, որ Սյունիքը, Սևանը, Երևանն ադրբեջանական են, հետևաբար՝ որքան Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, այնքան շուտ կկատարվի Ալիևի՝ Հայաստանին տիրանալու երազանքը։

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, մենք քայլ առ քայլ կորցնելու ենք տարածք, ինքնության խորհրդանիշներ։ Այսօր ոչ միայն մեր տարածքային ամբողջականությունը, այլև մեր ինքնությունն է  վտանգի տակ դրված։ Հիմա Արցախի գրավված տարածքների եկեղեցիներում ուդիներն են պատարագ մատուցում՝ հայտարարելով, որ դրանք իրենց եկեղեցիներն են։

Կարծում եմ՝ հավանականությունը մեծ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, դրա հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով այն վարչական ռեսուրսը, որը նա է օգտագործում։ Այսօր Հայաստանի ղեկավարման ղեկին նստած են լրտեսներ, որոնց ժողովուրդը հանդուրժում է։ Հիմա Հայաստանի կյանքում այնպիսի բաներ են կատարվում, որը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- շեշտեց Բելլա Լալայանը։

Նա նաև ընդգծեց, որ հասարակության մեջ պետք է արթնանա 1988 թվականի ոգին, խանդավառությունը, արժանապատվությունը, որպեսզի հնարավոր լինի նորից խոսել պետականության մասին։

«Երեկ թուրքը եկել Ստեփանակերտի հիվանդանոցում բուժվել-գնացել է, բա մենք ինչո՞ւ չենք կարողանում գնալ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի մոմ վառել։ Մենք ամբողջությամբ նվաստացած վիճակում ենք»,- եզրափակեց Բելլա Լալայանը։

Տեսանյութեր

Լրահոս