«Պետական սահմանին նկարահանումն արգելելու մասին օրենքն ուղղված է իշխանական խմբակի ապաշնորհությունը քննադատությունից պաշտպանելուն»․ Կարեն Վրթանեսյան
Կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգում հավանություն է տրվել Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության՝ օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները։
168.am-ի հետ զրույցում Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց, որ այս նախագիծն, ըստ էության, անվտանգության խնդիր չի լուծում, փոխարենը՝ լուծում է իշխանություններին քննադատությունից պաշտպանելու խնդիր»։
Վրթանեսյանի խոսքով՝ սա գրաքննության փորձ է, որն իշխանությունները փորձում են քողարկել իբր անվտանգության նկատառումներով, ապա ներկայացրեց, թե ինչու անվտանգությունը տվյալ դեպքում այնքան էլ ճիշտ արդարացում չէ․
«Այս պահին ադրբեջանցիները զբաղեցրել են մեր սահմանի երկայնքով իրենց համար հարմար բոլոր դիրքերը, նույնիսկ բանավոր ցուցումներով՝ շատ տեղերում դուրս հանելով մեր զինուժը։ Սրա հետևանքով՝ շատ տեղերում իրենք զբաղեցնում են ավելի բարձրադիր դիրքեր, իրենք մեր ենթակառուցվածքի վրա են՝ ճանապարհի, իրենք ունեն հնարավորություն հանգիստ հետևելու՝ ո՞վ է անցնում ճանապարհով, մի քանի տեսախցիկ են դնում և համապատասխան համակարգչային ծրագիր, ավտոմատ բոլոր համարները, անցուդարձը կարող են ֆիքսել։ Մեր նոր դիրքերի խղճուկ վիճակը շատ լավ տեսնում են, 50-100 մետրի վրա են իրենք տեղակայված, ասել, որ թշնամուց է թաքցվում այդ ինֆորմացիան՝ սուտ է։ Մենք տեսանք նաև, որ նույն ադրբեջանցիները՝ համազգեստով զինվորականներ, մտնում են մեր տարածք, ինչ-որ ուղեկցությամբ (դա էական չէ) ու անարգել նկարահանում են շուրջբոլորը՝ ճանապարհները, մտնում են, քաղաքով են անցնում, դա էլ են նկարահանում, և այլն։ Ակնհայտ է, որ այդ տիպի պաշտպանությունն էլ մեծ հաշվով չկա։
Ես նաև խիստ կասկածում եմ, որ ինչ-որ մեկը հետևելու է, որ, օրինակ, Իրանից մտնող ավտոմեքենայում ինչ-որ մեկը վիդեոռեգիստրատոր ունի մոտը ու դրանով նկարահանի, ո՞նց են դա արգելելու, ո՞նց են հետևելու՝ դա միացրա՞ծ է, թե՞ ոչ, կամ հեռախոս դնի դիմապակու մոտ ու անցնելուց ամեն ինչ նկարի․ վերահսկողություն չի՛ լինելու։ Ստացվում է, որ բոլոր գաղտնիքները զուտ Հայաստանի բնակիչներից են, ոչ թե այլ երկրների բնակիչներից։
Կամ երբ ասվում է՝ արգելվում է նկարահանել հարևան պետությունների տարածքը, հարևան պետությունների տարածքի գաղտնիությունն ումի՞ց են պաշտպանում, մեզնի՞ց, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի գաղտնիությունը պաշտպանում են Հայաստանի բնակիչների՞ց, հայ լրագրողների՞ց են պաշտպանում։ Ակնհայտ է, որ այդ օրենքը զուտ ուղղված է լրագրողներին ու քաղաքացիներին խոչընդոտելու համար»։
Դիտարկմանը՝ գուցե նոր զիջումների, տարածքների հանձնման նպատակո՞վ է նման փոփոխություն արվում, որպեսզի նաև լրատվամիջոցները չկարողանան նկարահանում իրականացնել տվյալ հատվածում, Կարեն Վրթանեսյանն ասաց․
«Չեմ կարծում, որ այդ նախագիծը զիջումների նախապատրաստություն է, մինչ այդ էլ էինք զիջում, հիմա էլ կարող են զիջումներ լինել, որովհետև Ադրբեջանի ախորժակն անընդհատ ավելանում է, մենք ինչքան զիջում ենք՝ իրենք այնքան ավելի շատ են պահանջում, «Չարի վերջի» աղվեսի տրամաբանությունն է այստեղ աշխատում, դիմադրություն չեն ստանում՝ ավելի շատ են պահանջում»։
Փորձագետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ այս օրենքն ուղղված է զուտ Հայաստանի ներկա իշխանական խմբակի ապաշնորհությունը պաշտպանելու լրացուցիչ քննադատությունից․
«Մի կարևոր բան ասեմ՝ այսօր Հայաստանի լրատվական դաշտում Արցախն, ըստ էության, բլոկադայի մեջ է, Արցախից մենք համարյա լուրեր չենք ստանում, սահմանամերձ շրջանները մեծ մասամբ բլոկադայի մեջ են, մենք լուրերը ստանում ենք օրերի ուշացմամբ, ինչպես, օրինակ՝ այն դեպքը, երբ Գորիսի մոտ ԱԱԾ-ն ձերբակալել էր 2 ադրբեջանցի զինվորականի։ Լուռ ձերբակալել էին ու հապճեպ հանձնել էին այդ 2 սահմանախախտ զինվորականներին, այն դեպքում, որ մենք Ադրբեջանում բազմաթիվ գերիներ ունենք, ու այն դեպքում, երբ հայկական կողմից ինչ-որ մեկը գերի է ընկնում՝ դա մի մեծ պատմություն է դառնում։
Կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո էլի բազմաթիվ գերիներ են եղել, բայց հայկական կողմը հապշտապ հանձնեց 2 հոգու, այդ մասին չհայտնեցին։ Դժվար կարողանային դա անել, եթե այդ մասին հայտնի դառնար հանրությանը։ Այսինքն՝ այս օրենքն ուղղված է նրան, որ իշխանություններն ինչ ուզեն՝ անեն, բայց իրենց չքննադատեն, որպեսզի չիմանան այդ մասին, փորձում են հնարավորինս սահմանափակել ինֆորմացիան հենց Հայաստանի բնակիչների համար։ Նույնը գերիների, անհետ կորածների, զոհվածների թիվը գաղտնի պահելն է, Ադրբեջանը չգիտի՞ իր մոտ քանի գերի կա, ինչո՞ւ եք դուք գերիների թիվը գաղտնի պահում»։